Այնպիսի տպավորություն է, որ «Քարֆուր»-ը եկած-չեկած յուրացրել է մեր կառավարության աշխատաոճը։
Հայաստանում ապրողներիս համար երկար սպասված «Քարֆուր»-ը վերջապես բացվեց ու միանգամից էլ հիասթափեցրեց ժողովրդին:Լսածից ու կարդացածից որգևորված, մարդիկ շտապեցին հիպերմարկետ, խոստացված էժան գներով առևտուր անելու և համեմատաբար ցածր գներով բրենդային ապրանքներ ու ֆրանսիական արտադրության մթերքներ ձեռք բերելու համար: Սակայն պարզվեց, որ հիպերմարկետում վաճառվում են հայկական արտադրողների ապրանքներ, որ այս նորաբաց «Քարֆուր»-ում գներն էապես չեն տարբերվում, օրինակ՝ «Երևան սիթի»-ի գներից, մի քիչ ցածր են՝ քան ՍԱՍ-ում, սակայն «Քարֆուր»-ում վաճառվող ապրանքների զգալի մասի գները նույնիսկ մի քիչ բարձր են, քան, օրինակ, «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում: Ավելին՝ մարդիկ արդեն աղաղակում են այն մասին, որ «Քարֆուր»-ում նույնիսկ հայ միլիարդատերերից մեկի «կեղծած» բրենդներով օղիները կային։ Հիմա պարզ է, թե ինչու թույլ տվեցին, որ «Քարֆուր»-ը մուտք գործի Հայաստան: Ինչպես ժողովուրդը կասեր` ահա թե որտեղ է թաղված շան գլուխը:
«Ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետում թե՛ պարենային, թե՛ ոչ պարենային ապրանքների հարցում նախապատվությունը տրվում է տեղական արտադրությանը»,-հիպերմարկետի բացումից հետո նման հայտարարություն է արել «Քարֆուր»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալը՝ տեղեկացնելով, որ ապրանքների ընդամենը 5%-ն է ներմուծում «Քարֆուր»-ը:Այդ դեպքում այսքան աղմուկի իմաստը ո՞րն էր:Իսկ իմաստ, այնուամենայնիվ, կա. այս խանութը ևս դրաձավ հայ օլիգարխների ապրանքները վաճառելու հարթակ: Երևի թե «Քարֆուր»-ի միջազգային պրակտիկայում նման բան երբեք չի եղել, որ նա վաճառի որևէ օլիգարխի «կեղծած» բրենդներով օղիները: Իսկ քանի որ սա Հայաստանն է ու այստեղ որոշ մարդիկ իրենց տանն են, ուրեմնև ինչպես ուզում, այնպես էլ տանտիրություն են անում:
Դեռ 2014թ-ի մայիսին, երբ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Օլանդի ներկայությամբ «Քարֆուր»-ի և «Երևան մոլ»-ի միջև պայամանգիրը ստորագրվեց, հայկական մամուլը գրում էր, որ «Քարֆուր»-ի բացմանն իրականում խոչընդոտում էին իշխանությունները, քանզի դա շահավետ չէր այն հայ օլիգարխներին, ովքեր գործում էին մեծածախ առևտրի ոլորտում: Հատկապես հոլովվում էր «Երևան սիթի»-ի անունը: Նշվում էր, որ ֆրանսիական հիպերմարկետների այդ ցանցում ապրանքները կվաճառվեն զգալի ցածր գներով, իսկ դա ձեռնտու չէ մեր հայտնի օլիգարխներին: Բայց արի ու տես, որ միայն Հայաստանում է հնարավոր դառնում «Не было бы счатье-да несчастье помагло»-ի տարբերակը ի կատար ածել: Փաստորեն, «Քարֆուր»-ն այսօր վաճառում է շաքարավազ, օղի և էլի բազմաթիվ ապրանքատեսակներ, որոնք ձեռք է բերում նույն հայտնի օլիգարխներից: Այս ամենի արդյունքում արդեն իսկ առաջին այցելողներն արձանագրում են, որ նույն սպառողական ապրանքները` շաքարավազ, հաց, կաթնամթերք, ոգելից խմիչքներ, լվացքի պարագաներ, եթե չասենք` նույն գնով են վաճառվում, ապա հաստատ հանրապետությունում գործող գներից ցածր չեն, բացառությամբ 1-2 տեսականու: Գնային տարբերությունն էլ առավելագույնը 30 դրամ է:
30 դրամ... Սրա՞ համար էր այս ամբողջ աղմուկը...



