Մարտի 12-ին Եվրախորհրդարանն ընդունել է մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2013 թվականի իր տարեկան զեկույցը: Փաստաթղթի որոշ պարբերություններ վերաբերում են Հայաստանին, մասնավորապես հատվածը, որով Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ է անում ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը և խրախուսում ԵՄ ինստիտուտներին նպաստել Ցեղասպանության ճանաչմանը:

Երկարատև ընդմիջումից հետո Եվրախորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և կրկին հավաստիացնում, որ ցեղասպանությունները և դրանց ժխտումը պետք է դիտարկել մարդու իրավունքների շրջանակում:

Ընդունված փաստաթուղթը նաև անդրադառնում է կրոնական փոքրամասնությունների իրավիճակին, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում՝ փոքրամասնությունների թվում նշելով նաև առաքելական հայերին: Այս պարբերություններով Խորհրդարանը «կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ երկրներին երաշխավորել, որ կրոնական փոքրամասնությունները հարգվեն ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում, որտեղ քրիստոնյաները, ներառյալ կաթոլիկները, առաքելական հայերը, կոպտերը, եզդիներն ու մուսուլման փոքրամասնությունները հալածվում են Իսլամական պետության և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել