Tert.am-ը գրում է․
Միանշանակ սա կարևոր հայտարարություն է. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հնչած հայտարարությանը, որ բանակցային գործընթացում պետք է հաշվի առնվեն Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերը՝ ի պատասխան ԼՂՀ իշխանություններին բանակցություններում ներգրավելու մասին հարցին:
«Չնայած անուղղակի ձևով է ասված, սակայն, այնուամենայնիվ, պարզ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորված լինել: Սա մենք համարում ենք որպես կարևոր հայտարարություն»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Նա նշեց, որ բնակչության շահերն Արցախից լավ որևէ մեկը չի կարող ներկայացնել:
«Պրակտիկան ցույց է տալիս, որ խեղաթյուրված ձևաչափով՝ առանց Արցախի մասնակցության, պարզապես անհնարին է կարգավորել հակամարտությունը»,- ասաց նա և նշեց, որ ոչ թե Մինսկի խմբի համանախագահների, այլ Ադրբեջանի դիրքորոշումը թույլ չի տալիս Արցախի մասնակցությունը բանակցություններին:
«Բոլոր ողջամիտ մարդիկ, առավել ևս քաղաքական գործիչները, դիվանագետները, հասկանում են, որ պետք է վերականգնվի լիարժեք ձևաչափը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նախագահների հերթական հանդիպման նախապատրաստմանը, ապա Դավիթ Բաբայանն ասաց. «Կարծում եմ, որ հերթական հանդիպմանը հիմնական շեշտը կդրվի տարածաշրջանում խաղաղություն պահպանելու վրա, որովհետև վերջերս Ադրբեջանը սկսել է շատ ավելի կոպիտ ձևով խախտել զինադադարի ռեժիմը»։
Բացի այդ, ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակը նկատեց, որ ամռանը Բաքվում սպասվում են Եվրոպական ամառային խաղեր, ինչի պատճառով ավելի շատ կկարևորվի զինադադարի պահպանումը:
«Այն, որ պահպանվում է զինադադարի ռեժիմը, խաղաղությունը և կայունությունը, դա արդեն առաջընթաց է: Մենք միշտ պետք է դիտարկենք հակամարտությունը ոչ թե այն տեսանկյունից, թե այն վերջնականապես կարգավորվեց, այլ, ամենաիրատեսականը՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունություն պահպանելը, և բոլոր այդ հանդիպումներն այդ դերակատարությունն ունեն»,-ասաց նա:
Անդրադառնալով ԼՂՀ-ում ձերբակալված և դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների մասին Ուորլիքի հայտարարությանը, որ կողմերի կողմից ձերբակալված մարդկանց ազատ արձակելը մարդասիրական քայլ կլիներ, Դավիթ Բաբայանն ասաց. «Մենք մարդասիրության ամենաբարձր օրինակ ենք ցուցաբերել՝ այդ դիվերսանտների հանդեպ ինքնադատաստան չկիրառելով, այլ, ինչպես վայել է ժողովրդական նորմերին, բաց և թափանցիկ դատավարության միջոցով նրանց մեղքը ապացուցելով»,- ասաց նա։



