ՀԱԿ-ի ահել-ջահել, հին ընկեր ու նոր մատղաշ խառնվել են իրար, թե՝ տեսեք, Սերժը լրիվին առավ, ու մենակ մենք ենք էս երկրի ընդդիմությունը: Ես չեմ անդրադառնալու երեկ Սարգսյանին հանդիպած քաղաքական ուժերի վարքագծին կամ մոտիվացիային: Նրանց ոչ քննադատելու եմ, ոչ էլ գովաբանեմ: Մի բան կասեմ միայն. այդ ուժերն, անկախ իրենց հրապարակային բացատրություններից, այլևս փողոցին, հասարակության ուժին չեն հավատում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ու մասնակցում են մի գործընթացի, որը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը: Գործընթացը կարող է կոչվել ինչ ասես՝ սահմանադրական բարեփոխում կամ ընտրական նոր ցիկլ, բայց դրանից բովանդակությունը չի փոխվում: Սերժի թիմը գնում է վերարտադրության և առայժմ հաջող, ու այդ գործընթացում անհրաժեշտ են քաղաքական դեկորցիաներ՝ լեգիտիմության, ներսի չուզողի, դրսի ուշադիրի համար: Հիմա էսօր, Սերժի «դուռը» գնացած ուժերը մտածված մասնակցում են էդ գործընթացին՝ կոնկրետ փայի դիմաց, քաղաքական փայի: Գուցե իսկապես սպառված է երկիրը բարեփոխելու «ներքևից վերև» բանաձևը, ու մարդիկ ուզում են նպաստել բարեփոխումների «վերևի» միջոցով: Չգիտեմ, թերհավատ եմ, բայց ժամանակը ցույց կտա: Ստեղծված վիճակը լուրջ ու համապարփակ վերլուծության, զգացմունքներից զերծ ուսումնասիրության կարիք ունի, որովհետև քաղաքական դաշտի ճգնաժամն աննախադեպ է Երրորդ հանրապետության համար: Շատերն այն համեմատում են 2007-ի խոհրդարանական ընտրություններին նախորդող շրջանի հետ, երբ իշխանությունը հանգիստ հաղթեց պառակտված ու բարոյապես մաշված ընդդիմությանը: Բայց նմանությունը միայն արտաքուստ է, մակերեսային: Սա ասում եմ՝ որպես քաղաքագետ, որպես այն օրերի ընդդիմության ամենևին էլ ոչ շարքային դերակատար: Ութ տարի առաջ դեռ կային «չկրակված քաղաքական փամփուշտներ», կար առաջին նախագահի խարիզման, օլիգարխների ինքնուրույնության հնարավորությունը, չէր եղել Մարտի 1-ի ոճիրը: Կարող եմ այլ գործոներ էլ նշել, ընկերներս էլ կարող են լրացնել շարքը: Հիմա ավելի բարդ է. այս պահին անտեսանելի են, նշմարելի չեն բարեփոխումների մղող սուբյեկտները: Հասարակությունը կորցրել է իր սուբյեկտայնությունը, քաղաքական համակարգը՝ սոցիալական պատասխանատվությունը: Ըստ այդմ՝ չկան չափանիշներ, որոնցով հնարավոր լինի գնահատել քաղաքական դերակատարների վարքագիծը:
Բայց գանք ՀԱԿ-ին, որը ճգնում է ապացուցել, որ «չվաճառվող ապրանք» է, շուկայում միակը, բացառիկը: Բլեֆ է, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը կորցրել է 2011թ-ից ունեցած իր երկու ռեսուրսները՝ Մոսկվայի թվացյալ աջակցությունը և ԲՀԿ-ի փողերն ու աջակցությունը:
Իրականում, ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին «ամուսնացրել էին» Մոսկվայից՝ բացառապես Հայաստանի եվրոասոցացումը կանխելու նպատակով: 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո այդ անբնական «ամուսնությունը» Մոսկվային այլևս պետք չէր: Դա կարող էր չհասկանալ քաղաքական փորձառություն չունեցող Գագիկ Ծառուկյանը, բայց չէր կարող չհասկանալ Լևոն Տեր-Պետրոսյանը, որին անհույս ռուսասիրությունը վերջին հանրահավաքում հասցրեց բացահայտ «քաղաքական ստուկաչության»՝ Պուտինին թիրախներ մատուցելու ամոթալի փաստով:
«Մի դատիր, որ չդատվես»՝ ասված է Աստվածաշնչում: Ասված է այն մարդկանց համար, ովքեր ապրում են հավատով: Դեռ անցած հոկտեմբերին Տեր-Պետրոսյանի համար մարգինալ էին բոլոր այն ընդդիմադիներն, ովքեր ունեին իրենից տարբերվող դիրքորոշումներ ու չէին կուրացել Ծառուկյանի քսակի «արծաթով»: Ցավալի է, որ «Մի դատիր, որ չդատվես»-ը Տեր-Պետրոսյանին հասկացրեց նրա ընկեր Սերժը՝ առաջին նախագահին զրկելով «ծառուկյանական տրանսֆերտներից» ու վերջնականապես արժանացնելով «մարգինալի» «պատվավոր» կոչմանը:
Արդ, բավ է զբաղվեք ինքնախաբեությամբ. ՀԱԿ-ը ոչ թե միակ ընդդիմադիր ուժն է, այլ այն բացառիկը, որը երեկվա նվաստացման գնով հարկադրված է հասկանալ, որ իր համար վճարելու պետք չունի անգամ Բաղրամյան 26-ի պահակը: Ապրանքը ժակետանց է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել