Կարծում եմ՝ պետք է որևէ կերպ արգելվի սպանությունների, բռնաբարությունների, ինքնասպանությունների և առհասարակ բռնությունների այսչափ ակտիվ լուսաբանումը: Լուրերն ուղղակի ողողված են բռնություններով, տպավորություն է, որ մեր երկրում ամեն վարկյան մարդ են սպանում, բռնաբարում, մորթում ու կրակում:
Նույն սպանության լուրը 30 ԶԼՄ տարբեր վերնագրով և տարբեր նկարով է դնում, որոշներն էլ ստեղծագործական ավելացումներ և լրացումներ են անում... ՖԲ-ում սկսում է գազանաբար տարածվել՝ մարդիկ սիրում եմ կարդալ վատ լուրեր... Եվ ամեն ծակուծուկից դուրս է թռչում՝ սպանեցին, մորթեցին, բռնաբարեցին, հում-հում կերան...
Իրոք, հարգելի օրենսդիր իշխանություն, պետք է բռնությունների լուսաբանումը կարգավորող որևէ նորմ մշակվի և կիրառվի: Հոգեբանները կհաստատեն, որ հանցագործությունների թիվը զգալիորեն կարող է ավելանալ հանցագործություններն ակտիվ լուսաբանելու դեպքում: Եվրոպական երկրներից մեկում նման փորձ էին անցկացրել՝ մի խումբ երիտասարդներ մեկ ամիս դիտել էին հաղորդումներ, որոնք բռնություն չեն պարունակում, մյուս խումբը՝ բռնություններ պարունակող հաղորդումներ, արդյունքում երկրորդ խմբի երիտասարդները մի քանի անգամ ավելի ագրեսիվ պահվածք էին դրսևորել, քան առաջինները: Իսկ ինչպես գիտենք, հանցագործությունների մեծ մասի հիմքում ընկած է հենց ագրեսիվ պահվածքը, որն էլ դրդում է բռնություն գործադրելուն: