Մի քանի օր առաջ BlogNews.am-ը ձեզ ներկայացրեց ֆեյսբուքահայ տղամարդկանց շրջանում անկացրած մինի հարցման արդյունքները` «Ինչպիսին պետք է լինի իսկական հայուհին», որտեղ ֆեյսբուքի արական սեռի ներկայացուցիչները քննարկում էին հայուհու ցանկալի կերպարը: Կարծիքները հիմնականում շատ նման էին, մեղադրանքները՝ ևս նույնատիպ: Հայ տղամարդկանց պատկերացմամբ՝ իսկական հայուհին առաքինի, համեստ, ընտանիքին նվիրված, չծխող, երեխաներ սիրող, խոհանոցից գլուխ հանող ու հոգատար կին է:
Այսօր էլ որոշել ենք ներկայացնել հակառակ սեռի կարծիքը` «Ինչպիսին պետք է լինի իդեալական հայ տղամարդը», և նախքան աղջիկների կարծիքները ներկայացնելը ուզում ենք նախ տեսնել ինչպես են իրենք` տղամարդիկ պատկերացնում իրենց իդեալական տեսակը`
Գարիկ- Հայ տղամարդը պետք է լինի պատասխանատու, նախաձեռնող, ցանկացած իրավիճակում թելադրող և որոշող, տեղանքում շուտ կողմնորոշվող, հեռատես, սեփականատեր, սիրառատ, վստահելի, բայց չվստահող, շռայլ, բայց հաշվարկով:
Իսկ հիմա անցնենք մեր գեղեցիկ սեռի կարծիքներին, տղամարդիկ ջան, ուշադիր եղեք, այս կարծիքներից կարելի է կարևոր եզրակացություններ անել.
Աննա, 24 տ. - Իսկական հայ տղամարդը պետք է հարգի կնոջը, նրա ես-ը ու ազատություն տա նրան: Միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ նա ինքնաբավ է, հարգում է իրեն և իր կնոջը, հակառակ դեպքում՝ տպավորություն է, թե նա կնոջ հաշվին ինքնահաստատվելու խնդիր ունի:) Առհասարակ տղամարդը պետք է լինի կրթված, աշխատասեր ու նպատակասլաց:
Թեհմինե -Անգամ կինը չի կարող իդեալական լինել, որ մնաց տղամարդը, էն էլ հայ։
Գայանե, 47 տ. - Տղամարդը ազգություն չի ճանաչում, ՃՃՃՃ հայ, թե ուզբեկ` ինձ համար կապ չունի: Լինել տղամարդ նշանակում է լինել ուժեղ, կայուն, խելացի, նպատակասլաց... Ես չեմ կարող ինձ կին զգալ մի տղամարդու կողքին, ով ինձնից թույլ է: Միայն մի բան կուզեմ շեշտել հայ տղամարդու մասին: Կուզեի, որ հայ տղամարդը լինի այնպիսին, ինչպիսին եղել է` առատաձեռն ու կնամեծար: Ցավոք, հիմա դա հազվադեպ եմ հանդիպում:
Արմինե, 28 տ. -Նա բարի է, կիրթ, առնական և հոգատար։ Վնասակար սովորություններից զերծ, մաքրասեր: Նա չի խուսափում պատասխանատվությունից։ Չի ընկնում «ժամանակակից աշխարհի» կեղծ «ազատության» ետևից: Գնահատում է ընտանեկան արժեքները։ Նա, ում կողքին ես ինձ լիարժեք կին եմ զգում, պաշտպանված, սիրված, հարգված և խնամված: Նա, ում հետ ես ուզում եմ ընտանիք կազմել, երեխաներ ունենալ և անցնել կյանքի բոլոր փորձությունները:
Մարիամ, 24 տ. - Իսկական հայ տղան պետք է նախ առաջինը լինի ՏՂԱՄԱՐԴ իր բոլոր դրսևորումներով. ուժեղ (ոչ միայն ֆիզիկապես), հայրենասեր, քաջ, իմանա հարգել աղջկան, լինի ինտելեկտուալ.. Որպես զուգընկեր լինի հավատարիմ, ուշադիր, նվիրվող, հումորի զգացումով, չլինի քձիպ ))) Շարքը կարող եմ անվերջ թվել, բայց ըստ իս ամենակարևոր հատկանիշներով կսահմանափակվեմ...
Արտաքին կերպարը. չունենա երկար մազեր, չկրի ականջօղեր, չհագնի «կախ ընկած» տաբատ, զերծ լինի վնասակար սովորություններից: Մնացածը կփոխենք :)
Լուսինե, 22 տ.- Տղան պետք է լինի կրթված, դաստիարակված։ Լինի նպատակասլաց, ունենա աշխատանք, չսպասի, որ մաման-պապան փող տան ծխախոտ գնելու համար։ Աշխատի, բայց աշխատանքը չդարձնի գործիք, միշտ զբաղված լինելու առիթ։ Լինի ընկերասեր, բայց ոչ ընկերամոլ։
Մանե, 25 տ. - Իսկական տղամարդը նա է, ում կողքին դու քեզ սիրված ու վստահ ես զգում, ում հետ չես ձանձրանում, ում հետ խոսելու, քննարկելու թեմաները չեն սպառվում։ Նա է, ով անկեղծ է, հոգատար, մտածում ու քեզ հետ հավասար, քեզնից առավել փորձում է հարթել բոլոր խոչընդոտները։ Նա է, ում հետ դու քեզ լիարժեք ես զգում, ում հետ դառնում եք մեկ ամբողջ։
Հերմինե, 26 տ.- Ասել ուժեղ, հավատարիմ, խելացի, ազնիվ, բարեկիրթ, եսիմ, այդ տղամարդու հատկանիշներ չեն, համամարդկային են… Իդեալական «բան» միայն կրծկեր երեխեքն են, իսկ տղամարդու իդեալականն այն է, ումից ուզում ես լույս աշխարհ բերել հրեշտակներ, որովհետև ինքը ՔՈՆՆ է… Իսկ խաբել, դավաճանել, ինչ-որ պահի հոգատար չլինել այնքան անէական բաներ են, մարդը չնչին բան է, որ դատի ու որոշի` որն է իդեալականը.. Իմ իդեալն իմ Թևոսն ա, իսկ իրան ես 2 նախադասությունով չեմ կարա նկարագրեմ:
Ռուբի - Իմ կարծիքով, եթե հայ տղամարդ, ուրեմն հայրենասեր, այսինքն՝ մորը պաշտող ու ընտանիքը սրբություն համարող, պիտանի շրջապատի ու իր համար: Մարդ՝ կամքով ու արժանապատվությամբ, հավատով, աստվածավախ, համեստ, խելացի, նպատակսլաց ու աշխատասեր՝ ամենակարևորը:
Անի Խամոյան, 22 տ. - Եթե խոսում ենք իդեալականի մասին, չեմ կարող շեշտը դնել կոնկրետ հայ տղամարդու վրա: Կարծում եմ՝ իդեալականը ազգություն չունի)))) Ըստ իս՝ իդեալական տղամարդը պետք է առաջին հերթին լինի վառ անհատականություն՝ իր բոլոր կողմերով: Ունենա աճելու և զարգանալու ձգտում, հաջողության հասնելու պոտենցիալներ, լինի հոգեպես հասուն և ֆիզիկապես ուժեղ: Շատ կարևոր է նաև, որ տղամարդը լինի առավել խելացի, քան իր կողքի կինը, որովհետև եթե կինն իրեն ավելի խելացի է զգում, ուրեմն չենք կարող ասել, որ այդ տղամարդն իդեալական է: Ի դեպ, իդեալական տղամարդուն չէր խանգարի նաև իդեալական առողջությունը և հրապուրիչ արտաքինը։ ))) Ի վերջո, իդեալական է այն տղամարդը, որի հետ չես ձանձրանում...
Նաիրա, 24 տ. - Առհասարակ կարծում եմ՝ իդեալական մարդիկ չկան: Պարզապես յուրաքանչյուրիս համար կան չափանիշներ՝ ըստ որոնց մենք մեզ համար առանձնացնում են առավել հաճելիներին և ընդունելիներին, իսկ մյուսների հետ առնչություն չենք ունենում: Եվ քանի որ մեզանից ամեն մեկը անհատ է, ըստ այդմ ընտրություն է կատարում՝ իր անհատական ընկալումներից, ցանկություններից և սկզբունքներից ելնելով: Եվ իդեալականի մոտ է դառնում նա, ով, ըստ իս, մեր հայելային արտացոլանքի պես մեզ նման է: Իսկ աղջիկ-տղա հարաբերություններում դա առավել կարևոր է: Եվ քանի որ նա պետք է լինի իմ արտացոլանքը, ապա առնվազն պետք է լինի հմայիչ, հումորով, պոզիտիվ, լայն աշխարհայացքով, հաստատակամ և նպատակասլաց:
Սիրանույշ, 24 տ. - Էդ հարցում ազգությունը կարևոր չի իմ կարծիքով, իսկ իդեալականն էլ շատ սուբյեկտիվ հասկացություն է: Ինձ համար իդեալական մարդը պետք է լինի բարի, սկզբունքային, ազնիվ ինքն իր ու շրջապատողների նկատմամբ:
Տաթևիկ - Չեմ տարանջատում հայ տղամարդկանց այլ ազգերի տղամարդկանցից: Ամեն դեպքում տղամարդու իմ կատարելատիպը չպետք է լինի մանրախնդիր, պետք է լինի կայացած, սիրի ֆուտբոլ, լինի լավատես, հավասարակշռված, հումորով, ունենա մաքուր կոշիկներ և խնամված եղունգներ: Չես կարող քեզ կին զգալ մի տղամարդու կողքին, ով քեզանից թույլ է իր նպատակների ու ձգտումների ճանապարհին. պետք է լինի ուժեղ ու սկզբունքային: Իսկ արտաքնապես անպայման պետք է լինի բարձրահասակ ու թիկնեղ։ )))
Ռիմա, 26 տ. - Իմ հարգանքին արժանի հայ տղամարդը պիտի լինի
- ազնիվ, շիտակ, պարզ ու մաքուր
- պատասխանատու իր յուրաքանչյուր խոսքի ու յուրաքանչյուր քայլի համար
- հոգատար ու բարի ԲՈԼՈՐԻ հանդեպ, բայց հատկապես երեխաների, ծերերի ու թույլերի նկատմամբ
- քչախոս
Իմ անձնական համակրանքին արժանի հայ տղամարդը պիտի
- վաստակած լինի իմ հարգանքը՝ վերոնշյալ կետերին համապատասխանելով
- լինի ջենտլմեն կանանց հանդեպ (զիջի իր տեղը, օգնի ծանր պայուսակներ տանելիս, բացի դուռը նրա առջև, վերելակ մտնի և դուրս գա նրանից հետո)
- լինի ֆիզիկապես ուժեղ
- ամբողջ օրն ինտերնետում չանցկացնի և չկտրվի Մայր Բնությունից
Հերմինե, 25 տ. - Տղամարդը պետք է լինի ինտելեկտուալ: Որպես կանոն, նման տղամարդիկ զուսպ են ու արտահայտվելիս էլ խոսում են հիմնավորված, այլ ոչ թե միայն խոսելու համար: Վերջինս նմանվում է դատարկախոսության: Ցանկացած խնդրից վեր պետք է կանգնած լինի տղամարդը, դրական մտածի ու արտահայտվի: Ունենա լայն մտահորիզոն, աշխարհահայացք, լինի հոգատար շրջապատի նկատմամաբ: Կոկիկ տեսքն էլ է կարևոր, քանի որ դա շատ բան է պատմում թե մարդկանց, թե առհասարակ շրջապատի նկատմամբ նրա վերաբերմունքի մասին:
Անուշ, 29 տ. - Տղամարդկայնությունը ոչ թե արտաքինի, այլ պահվածքի մեջ է, և քանի որ տղամարդը համարվում է կնոջ գլուխը և առաջնորդը, այդ իսկ պատճռառով ըստ իս՝ պետք է ունենա հենց առաջնորդի բնավորություն, որին հասնելու համար պետք է դուրս գա «տղա» վիճակից և դառնա տղամարդ: Տղաները հաճախ լինում են կոպիտ, եսակենտրոն, զվարճասեր, իսկ տղամարդը՝ անձնազոհ, հարգալից, պատասխանատու, զգացմունքները ղեկավարող:
Արմինե, 33 տ. -Իրականում դժվարանում եմ ասել՝ իդեալական մարդ կա՞, թե՞ ոչ: Բայց եթե մենք՝ կանայքս, փնտրում ենք իդեալական տղամարդ, պետք է հասկանանք՝ ինքներս իդեալակա՞ն ենք, թե՞ ոչ: Ամեն ինչ հարաբերական է այս կյանքում, բայց կարծում եմ, որ իդեալական տղամարդը նախ չպետք է սուտ խոսի, հետո հարգի դիմացիանին, ընդ որում կնոջ կարծիքը, նրա հետ համատեղ որոշումներ կայացնի և նվիրված լինի ընտանիքին: Ընդամենը: Ասում են, իդեալական տղամարդն իդեալական կնոջ հայելին է, իսկ երեխան՝ ընտանիքի… Բացի այս՝ տղամարդը չպետք է ծույլ լինի:
Զառա - Պետք ա լինի հոգատար, ուշադիր, հումորով, նպատակասլաց: Սրանք որ լինեն, մնացածը կհղկենք մենք իդեալական կանայք:)
Սաթենիկ, 23 տ. - Իդեալական տղամարդիկ չեն լինում, ինչպես չեն լինում իդեալական մարդիկ: Բոլորն էլ ունեն թերություններ, պարզապես պետք է գտնես ՔՈ միակին, ում մեջ կսիրես նաև թերությունները: Բայց կառանձնացնեմ հատկանիշներ, որոնք կցանկանայի տեսնել իմ կողակցի մեջ: Իմ կողքի տղամարդը պետք է լինի առաջին հերթին աշխատասեր, կիրթ, ունենա բազմակողմանի հետաքրքրություններ, մի քիչ էլ ավել ինձանից իմանա, որ ես անընդհատ ձգտեմ աճել նրա կողքին: Անպայման լինի մաքրասեր, շատ հոգատար ու ուշադիր մարդ, ում հետ կարող ես առանց կասկածների քո կյանքը կապել:
Անյա- Անկեղծ ասած, չեմ կարող բաժանել իդեալական տղամարդու մասին պատկերացումներն ըստ ազգության: Իդեալական տղամարդն անպայման ամեն բանից գլուխ է հանում: Թե գրականությունից, թե այթի տեխնոլոգիաներից, թե փչացած խողովակ փոխելուց և թե լավ հումորից: Ինքն անպայման ինձնից շատ ավելի խելացի է: Շատ ասելու բան ունի, ես իր մեջ տեսնում եմ այնպիսի հայրիկ, որ իմ հայրիկին չզիջի, իսկ դա բավականին բարդ է:
Ձեր կարծիքները կարող եք ավելացնել մեկնաբանություններում: