Վերջերս շատ են սկսել քննարկվել «հայուհի», «իսկական հայուհու կերպար» և «հայ աղջիկ» բնորոշումները: Բոլորը փորձում են իրենց կարծիքն ասել ու մեկը մյուսից տարբերվող ու առեղծվածային պատկերացումներ ստեղծել «հայուհու» կերպարի շուրջ: Կարծիքները երբեմն այնքան հակասական են ու իրարամերժ, որ դժվար է կողմնորոշվել՝ վերջապես ո՞վ է հայ տղամարդկանց կողմից այդքան բաղձալի «իսկական հայուհին»:  BlogNews-ը  որոշեց փոքրիկ հարցախույզ անցկացնել ֆեյսբուքահայերի շրջանում ու պարզել` նրանք ինչ պատկերացումներ ունեն հայուհիների մասին և ինչպիսի կին կցանկանային տեսնել իրենց կողքին:

Սուրեն, 29 տ.

1.Խելացի
2.Հմայիչ
3.Երեխայակենտրոն
4.Համարձակ
5.Հնազանդ՝ սեփական կարծիքի արտահայտմամբ

Ալբերտ, 26 տ.

Ըստ իս՝ իսկական հայուհին պետք է իմանա՝ ինչ է ազատությունը, բայց երբեք սահմանը չանցնի։ Իմանա՝ ինչ է գոռոզությունը, բայց լինի համեստ։ Լինի կողակցին հասկացող, հեզ, նվիրված, լինի լավ դիվանագետ: Լինի կիրթ, լինի նպատակասլաց: Բայց կարիերան երբեք առաջ չվազի ընտանիքից, տան ճրագից: Լինի ընկերասեր, մարդամոտ, բայց ոչ այնքան, որ կողքից դա դիտարկվի որպես թեթևամտություն... Լինի ԻՆՔԸ, այլ ոչ ձևի ու ձևականությունների մեջ խճճված մեկը... Մեկ էլ ամենակարևորը՝ քաղքենի, ցուցամոլ ու գռեհիկ չլինի:

Նարեկ, 20 տ.

Իսկական հայուհին պետք է լինի՝ համեստ, դիմացինին հասկացող: Պետք է բարձր գնահատի հակառակ սեռի կարողությունները: Ընկերական հավաքույթի ժամանակ չպետք է բացակայող անձին քննադատի: Սիրած էակի ծնողների նկատմամբ պետք է լինի հարգալից, ենթարկվի սկեսուրի «հրամաններին», և ինչ էլ որ լինի, պետք է հավատա իր ամուսնուն և բամբասանքների միջոցով չկործանի իր ընտանիքը:


Հարություն, 33 տ.

Դե ես կուզեի, որ կողքինս լինի զարգացած, նուրբ հումորի զգացումով, խելացի, ինքնագնահատականը՝ նորմալ մակարդակի վրա, ոչ թե չափից բարձր, բարձր խավի մոտ չկաշկանդվող, ցածր խավի մոտ քիթը վեր չցցող, ոչ ցուցամոլ, կապուտաչյա, ժպտերես, ընդհանուր ստանդարտից տարբերվող մարդ:

Փայլակ, 27 տ.

Իսկական հայուհին պետք է լինի համեստ ու առաքինի:

Գևորգ, 26 տ.

Չպետք ա լինի՝ ոնց որ հիմա ա: Պետք ա վերանայի իրա արժեքները, հերոսներին, նպատակները, ապրելակերպը, պետք ա քիչ ընկնի եվրոպական փտած արժեքների հետևից ու պետք ա գտնի իրանը՝ հայկականը։ Հեզ, առաքինի, սիրող, նվիրված։ Էսպիսին պետք ա լինի հայ աղջիկը։ Ծխող ու ամեն մեկի հետևից նայող մոդելը հայկական չի։

Էդգար, 24 տ.

Ես հստակ բնորոշում չեմ կարող տալ, որ չվիրավորեմ որևէ մեկին, այլ կարող եմ ասել, որ հենց նույն Հայաստանում դեռ հին ժամանակներից տարբեր շրջաններում հայուհու դերն ու կերպարը ուրիշ է եղել։ Մի հայուհի զավակ է դաստիարակում, իսկ մյուսն իր ամուսնու հետ սարերում կռիվ է տալիս՝ չմոռանանք Սոսե Մայրիկին։ Հստակ կարող եմ ասել, թե ինչով են տարբերվում հայ մայրերը։ Հայ մայրերը տարբերվում են իրենց սիրով և հոգատարությամբ ու կապ չունի, թե քանի տարեկան է զավակը՝ 5, թե՞ 45: Այդ հոգատարությունը շատ լավ երևում է Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում։


Հրանտ, 26 տ.

Որքան էլ 21-րդ դարն այլ բարքեր փորձի փաթաթել մեր հայուհիների վզին, կարծում եմ, որ այսօր իսկական հայուհին պիտի լինի այնպիսին, ինչպիսին դեռևս 5-րդ դարում Եղիշեն է ներկայացրել` վերնագրելով «Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի»: Հետևաբար, հանուն մեր երկրի բարօրության, հանուն մեր հավատքի անսասանության՝ մերօրյա հայուհիները պարտավոր են լինել ընտանեկան բարձր արժեքներից կառչած, նրբագեղ ու համեստ: Պայքարել ոչ թե ֆեմինիստական ցնդաբանությունների համար, այլ իր զավակին իսկական տղամարդ մեծացնելու համար, իր ամուսնուն թագավոր դարձնելու համար: Հավատացե՛ք, այս դեպքում դուք բոլորդ, սիրելի՛ հայուհիներ, կդառնաք իսկական թագուհիներ ու ձեր հմայքով ծնկի կբերեք ոչ միայն ձեր սիրելի տղամարդկանց, այլև ողջ աշխարհը:

Զոհրաբ, 31 տ.

Ամեն ազգ էլ ունի իր առանձնահատկությունները, բայց բոլորն էլ նախևառաջ մարդ են։ Այդպես էլ հայ կինը, նա մեր գենետիկ հիշողության, մեր ավանդույթների կրողն ու փոխանցողն է, բայց նա ևս կին է, ինչպես աշխարհի մյուս կանայք են։ Թերևս, մերոնց ամենամեծ առավելությունը մյուս կանանց նկատմամբ նրա գեղեցիկ աչքերն են։ )

Աշոտ

Հայուհին առաջին հերթին պետք է լինի իսկական ու անկեղծ, մնացածը արդեն շատ ինդիվիդուալ է: Բնավորության գծեր, որոնք բոլորի մոտ շատ տարբեր են, ու դա լավ է: Եվ  թող քիչ շպարվեն, բնական նրանք ավելի գեղեցիկ են:


Տարոն, 26 տ.

Հայուհին պետք ա լինի համարձակ, բայց ոչ սանձարձակ, ) այսինքն եթե ուզում ա գնա կարատեի կամ կազումբա պարի, թող գնա ու չմտածի, թե, ասենք, ինչ կմտածի իրա մասին քուչի տղան կամ հարևաններ կոչվող հասարակական սոցիալական ֆորմացիան։ )) Վայ, ո՞նց կլնի, ինքը մի քիչ կրքոտ պար ա պարում ինչ-որ տղու հետ, էդ պարից չեն հղիանում, )) բայց սահմաններն էլ անցնել պետք չի, օրինակ՝ ես ատում եմ ծխող աղջիկներին: Հայուհին պետք ա ընտանիք հասկացությունը սիրի ոչ միայն ենթագիտակցորեն, որ յանմ ըտենց ա պետք, այլ գիտակցորեն, հասկանալով, ոչ թե բնազդով։ Բնականաբար, կրթվածությունն առաջնային տեղերում ա: Աղջիկները շատ ժամանակ բողոքում են տղեքի անգրագիտությունից կամ անմակարդակությունից, իրանց լեզվով ասած, )) բայց իրանք էլ հետ չեն մնում էդ մակարդակից, անկիրթ տղեն էլի մի կերպ տանելի ա, բայց անկիրթ աղջիկը լրիվ հիասթափություն ա: Հայուհին պետք ա սիրի հենց հայ տղամարդուն ու հասկանա, որ ամեն դեպքում ոչ մեկ իրան այնպես չի պաշտպանելու, ոնց որ հայ տղեն... Իսպանացի ռոմանտիկ մաչոները կամ սրտակեր իտալացիները ժամանակավոր երևույթ են։ Հասկանալի ա, համատարած հայկականության մեջ հաճելի ա շփվել այլ մշակույթի հետ, բայց իմ իմացած օրինակներից դրանք հետո շատ արագ անհետացել ու ձանձրալի են թվացել: Ազգայնամոլ չեմ, բայց հայուհիների, հատկապես վերջին ժամանակների օտարամոլությունը դուրս չի գալիս, համոզված եմ, շատերը սոցիալական ակնկալիքներով են ամուսնանում արտասահմանցիների հետ, մտածելով, թե սաղ եվրոպացիները միլիոնատեր են։ )) Իմիջայլոց, հայ տղեքի մոտ էդքան էլ օտարամոլություն չկա ամուսնության առումով, մենք ամեն դեպքում նախընտրում ենք հենց հայ աղջիկներին:

Արման, 27 տ.

Համենայն դեպս, չլինի վերջերս հրապարակված հոդվածի հայուհու նման։ ))) Ու ընդհանրապես հայուհու կամ օրինակ իսպանուհու մեջ տարբերություն դնելը մի քիչ չեմ պատկերացնում, մարդ են էլի, ամեն դեպքում աղջկա կամ կնոջ համար կան ընդունելի ու անընդունելի հատկանիշներ՝ անկախ ազգությունից, ու ավելի գերադասելի ազատ, սեփական կարծիք ու նպատակներ ունեցող, քան դրանց իմիտացիայով զբաղվող -ուհիները։ Էս առումով դրական տենդենց կա, բայց միջինը չկա, կամ միանգամից զարգանում ենք, կամ պալեոլիթի շրջանից չենք հրաժարվում։ ))

Մկրտիչ

Ես նման սահմանում չեմ փորձել առանձնացնել ու բնութագրել հայուհուն։ Իսկական հայուհին պիտի լինի մարդ, ոնց որ մյուս բոլոր մարդիկ են։
Եթե հարցը գնում է հայտնի «հայուհին պիտի լինի բարոյականության տիպար» արտահայտության մասին, ուրեմն իմ կարծիքով՝ ոչ մեկ չի կարող ուրիշի համար բարոյականության սահմաններ գծել, որովհետև ամեն մարդ ունի բարոյականության իր շեմը։ Ինչն ինձ համար անբարոյական է, մյուսի համար կարող է բարոյական լինել։

Յաշա

Իսկական հայուհի՞ն, հմմմ, դե նախ և առաջ պիտի լինի ԻՍԿԱԿԱՆ՝ բառիս բուն իմաստով: Չեմ սիրում ոչ մի արհեստական բան: Եթե խոսեմ արտաքինի մասին, ապա ինձ համար իդեալական աղջիկը պիտի լինի խնամված, արտաքինին հետևող, ճաշակով, կոկիկ: Եթե խոսենք ներաշխարհից, ապա կարևորում եմ, որ աղջիկը լինի կիրթ, գրագետ, զարգացած, շփվող, ունենա հումորի զգացում, քննադատաբար վերաբերի իրեն ու շրջապատին: Կարևորում եմ նաև այն, որ աղջիկը պիտի ունենա երազազանքներ ու պիտի գնա դրանց հետևից: Հետաքրքրություններ ու ձգտումներ չունեցող մարդը, ըստ իս, անհետաքրքիր է նաև շրջապատի համար:

Զավեն

Հիմա չկա նման բան, արդեն վաղուց: Դրա համար էլ չգիտեմ, թե էդ ինչ ա, որ գտնեք, մեզ էլ նկարը ցույց կտաք:

Բորիս, 27 տ.

Հայուհին, ըստ իս, պետք է լինի նախ հայրենասեր, դա ամենակարևորն է ինձ համար, որովհետև դա միակ ճանապարհն է, որով ՀԱՅ ազգը կարող է փրկվել ներկայիս գլոբալիզացիայից, և հետո հայրենասիրությունից է սկսում ամեն ինչ, հայ իրական (ոչ այն, որ մեզ սովորացրել են դպրոցներում և համալսարաններում) պատմության գերազանց իմացություն, հոգով ազատ (տանել չեմ կարողանում ստրկամիտ աղջիկներին), ցավոք, ազատությունը հիմա խառնում են լկտիության և ցինիկության հետ, ռազմիկ, բայց միևնույն ժամանակ կանացի, մեկ-մեկ փողոցում հանդիպում են աղջիկներ, որոնց բառապաշարն ահավոր տղայական է՝ մորս արև, հորս արև, ազիզ-մազիզներով շաղախված, մի խոսքով, այուհին պետք է լինի իդեալական, գիտեմ՝ շատերը կասեն՝ բա տղե՞քը, բայց չէ՞ որ այդ նույն տղեքին մայրերն են դաստիրակում, մի խոսքով՝ մեզ պետք են Զորավար Անդրանիկ, Գարեգին Նժդեհ, Տիգրան Մեծ, Հայկ Նահապետ, Մոնթե, Վազգեն Սարգսյան, Գուրգեն Յանիկյան, Սողոմոն Թեհլերյան, Դուշման, Դրո, Վարդան Մամիկոնյան ծնող ու դաստիրակող ՀԱՅուհիներ: Ահա և իմ պատկերացումը հայուհիների մասին, բայց չպետք ա էս ամեն ինչը խառնել հետամնացության հետ, կարող ես լինել ազգասեր ու ազգապահպան, միևնույն ժամանակ նաև ժամանակակից։ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԻԱՄՍՅԱԿ։  




Արման, 34 տ.

Իսկական հայուհին, իսկական բառն ավելորդ է, ուղղակի հայուհին, որովհետև հայուհի լինում են կամ չեն լինում: Հայուհին մի կին է, ում աչքերն ամենագեղեցիկն են աշխարհում, ով տան աստվածուհին է ու տան ծառան, ով ոչ միայն ծնում է երեխային, պատասխանատվություն կրում նրա դաստիարակության, նրա վաղվա օրվա համար: Հայուհին այն կինն է, ով որքան խոնարհ է, նույնքան էլ վեհ, ով սիրված և հարգված է այնքան, որ չի մտածում հավասարության մասին, քանզի գիտի ու զգում է իր հանդեպ տածած հարգանքն ու սերը՝ որպես կնոջ, որպես ընտանիքի մոր, որպես հայուհու:

Կոնստանտին, 27 տ.

Իսկական հայուհին պետք է լինի մոտավորապես այնպիսին, ինչպիսին իսկական իտալուհին, բրազիլուհին, չուկչուհին ու մի քիչ էլ վիետնամուհին՝ պետք ա լինի ԻՍԿԱԿԱՆ, կրի արժեհամակարգային այն համակարգը, որը հատուկ է տվյալ երկրին ու մշակույթին, բայց որ առավել կարևոր է՝ ունենա համամարդկային այն արժեքները, որը գնահատվում են քաղաքակիրթ հասարակությունում, իսկ եթե «իսկական հայուհիությունը» սկզբունքային նշանակություն ունի տղայի համար, թող տղան վաղօրոք ինքն իրեն հարց տա՝ որքանո՞վ է ինքը «իսկական հայ» տղա։

Տիգրան, 19 տ.

Իսկական ՀԱՅուհին պետք ա ունենա գեղեցիկ խոսելաձև, քիչ մտածի սիրո մասին, տարբերվի բոլոր ազգերից իր գեղեցկությամբ, չխենթանա հայտնի տղաների համար, զուսպ ու համեստ շփվի (բայց ոչ կոմպլեքսավորված), անպայման ուտեստներ պատրաստել իմանա:

Անկախ Հայաստան

Թե ինչպես պետք է լինի Իսկական հայուհին, էդ թեման արդեն երկար ժամանակ արծածվել է, ու այնպես էլ չի, որ նշված կետերով կարելի է հստակ որոշել՝ իսկական ա, թե ոչ, բայց մի բան հստակ է՝ իսկական հայուհին պետք է դաստիարակված լինի ընտանիքում, պետք է կարողանա պահպանել հայուհու կերպարին համահունչ գոնե մինիմալ կանոները:

 

Ձեր կարծիքը կարող եք ավելացնել մեկնաբանություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել