Tert.am-ը գրում է.
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հայտարարությանը, թե հույս ունի, որ Հայաստանը Ռիգայում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովին կստորագրի Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը՝ բաց թողնելով տնտեսական մասը, նկատեց, թե նախ պետք է հասնել նրան, որպեսզի Ռիգայի գագաթաժողովից առաջ Եվրամիությունն ունենա համապատասխան մեխանիզմով ստացված մանդատը՝ բանակցությունները սկսելու համար։
«Բնականաբար մենք ասել ենք, որ նախկինում բանակցված փաստաթուղթը կարող է հիմք հանդիսանալ բանակցությունը սկսելու համար։ Իսկ թե վերջնական ինչպիսի՞ տեսք կունենա և ի՞նչ համաձայնություններ կլինեն՝ դրա մասին դեռ վաղ է խոսել, գիտեմ որ այս ուղղությամբ տարվում են մտքերի փոխանակում նոր իրավական փաստաթղթի շրջանակը պարզելու համար»,-ասաց նա։
-Պարո՛ն Զաքարյան, երեկ ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին չբացառեց, որ Հայաստանը կստորագրի Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը՝ բաց թողնելով տնտեսականը։ Այս հարցում ինչպիսի՞ն է ՀՀ-ի դիրքորոշումը, արդյո՞ք Ռիգայում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովին պաշտոնական Երևանը պատրաստ է ստորագրել առաջարկվող փաստաթուղթը։
- Այստեղ խոսքը չի գնում նախկինում բանակցված Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի շուրջ: Նախ պետք է հասնել նրան, որպեսզի ավարտել մտքերի փոխանակումը, լուծել բանակցություններ սկսելու համար մանդատի հարցը։ Բնականաբար մենք ասել ենք, որ նախկինում բանակցված փաստաթուղթը կարող է հիմք հանդիսանալ բանակցությունների համար։ Իսկ թե վերջնական ինչպիսի՞ տեսք կունենա և ի՞նչ համաձայնություններ կլինեն, դրա մասին դեռ վաղ է խոսել։
-Այսինքն՝ ըստ Ձեզ, ընդհանուր կոնտեքստից հանել և միայն քաղաքական մասին հավանություն տալը սխա՞լ կլինի։
-Խնդիրը դրանում չէ, որովհետև բանակցություններն ինքնին բերելու են այդ ընթացքին, և մեր համար շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում բարեփոխումների շարունակականությունը, ժողովրդավարական հաստատությունների զարգացման հարցերը, արդարադատության համակարգի խնդիրը, կրթության զարգացման, գիտատեխնիկական համագործակցության խնդիրները։ Իսկ սրանք դրույթներ են, որոնք բնականաբար Հայաստան-ԵՄ երկխոսության տիրույթում են գտնվում և գտնվելու են նաև ապագայում։ Թե ինչպիսի փաստաթուղթ, ինչ անվանումով և ինչ բովանդակությամբ կլինի, դրա մասին, կարծում եմ, վաղ է խոսել։
-Բայց, համաձայնվեք, որ այդքան էլ շատ ժամանակ չի մնացել համագործակցության սահմանները հստակեցնելու համար։
-Արդեն նշեցի, որ այս պահին կարևոր է, որ որպեսզի մեր քննարկումներն ու երկխոսությունը շարունակվի, և դրա համար կան բոլոր հիմքերը։
- Պարո՛ն Զաքարյան, մի քանի անգամ ԵՄ պաշտոնյաների կողմից նաև դիտարկումներ արվեցին, որ ցանկալի կլիներ հայկական կողմից Ռիգայի գագաթաժողովին բարձր ներկայացուցչական կազմ լիներ՝ նկատի ունենալով ՀՀ Նախագահին...
-Մամուլում այդ հարցադրումներն ինձ հիշեցնում է 2013թ-ին Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովից առաջ գոյություն ունեցած հարցադրումները։ Կարծում եմ, որ դրա համար կա ժամանակ, և Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ, մեր պետության մասնակցության առումով կկայացվի համապատասխան որոշում։
-Իսկ ԵՏՄ-ի հետ կապված՝ նույն քաղաքական մասով հակասություններ տեսնո՞ւմ եք, թե դրանք կարելի է համատեղել։
-Դուք գիտեք, որ ԵՄ-ն պաշտոնապես հայտարարել է հարևանության քաղաքականության մեջ և Արևելյան գործընկերության շրջանակներում իր քաղաքականության վերանայման մասին: Սա ողջունելի մոտեցում է: Մենք ժամանակին, տարբեր առիթներով նշում էինք, որ Արևելյան գործընկերության անդամ երկրների նկատմամբ ճիշտ կլինի ունենալ առանձնացված մոտեցում, և այսօր այդ քաղաքական մոտեցումը կարծես թե առկա է։ Սա հնարավորություն է տալիս երկխոսությունն ավելի ակտիվ, ավելի դինամիկ դարձնել՝ եղած կոնկրետ թեմաների շուրջ` հաշվի առնելով պետությունների համապարփակ շահերը։ Իմ կարծիքով, այս նոր մոտեցումը հնարավորություն կտա, որ ապագայում Արևելյան գործընկերությունը նոր լիցքեր ստանա, և, իհարկե, մեր պարագայում ամեն բան արվում է, որպեսզի հակասությունների դաշտում չքննարկվեն խնդիրը: Ընդհակառակը՝ համադրումների դաշտում խնդիրը պետք է քննարկվեն` հաշվի առնելով մեր հանձնառությունները ԵՏՄ-ի շրջանակներում, որոնք բխում են մեր տնտեսական և անվտանգային խնդիրներից: Կարծում եմ՝ հնարավոր կլինի գտնել այն երկուստեք ընդունելի ճանապարհը, որն առանց հակասությունների ու հակադրությունների` շարունակություն կհաղորդի Հայաստան-ԵՄ ակտիվ համագործակցությանն ու քաղաքական երկխոսությանը:



