«Քաղաքում» հետուստասերիալի ավարտից հետո դերասան Էմիլ Գալստյանը տևական դադար առնելու ցանկություն ունի։ BlogNews.am-ի հետ զրույցում նա ասաց, որ նոր առաջարկներ ունի, սակայն 7 տարի նույն կերպարով անընդմեջ եթերում լինելուց հետո դադար առնելու ժամանակն է։

Էմիլը դեռ չի որոշել, թե կոնկրետ որքան ժամանակ կլինի հեռուստատեսային դադարի փուլում, հստակ է միայն այն, որ զբաղվելու է թատերական գործունեությամբ։ «Երկար տարիներ է, ինչ թատրոնում չեմ խաղացել ու վերադառնալու մեծ ցանկություն ունեմ։ Ինձ ավելի հոգեհարազատ է Էդգար էլբակյանի անվան թատրոնը։ Եթե ինչ-որ ներկայացում խաղալու լինեմ, երևի կհամագործակցեմ այդ թատրոնի հետ»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, որ սերիալներն ապահովում են մշտական եկամուտ, որը թատրոնը չի կարող լրացնել, նա ասաց, որ արդեն մտածում է այդ ուղղությամբ. Էմիլը բիզնես սկսելու ցանկություն ունի, սակայն դեռ հստակ չի որոշել, թե որ ոլորտում։

«Եթե թատրոնում բավարար ֆինանսական միջոցներ ունենամ, միանշանակ կաշխատեմ միայն թատրոնում»,- ասաց Համբարձումի դերակատարն ու նշեց, որ իրեն չեն բավարարում հայկական հեռուստատեսությունը, պրոֆեսիոնալիզմի մակարդակը Հայաստանում, ոչ պրոֆեսիոնալ դերասանների  հետ աշխատելը։ «Երբ խաղընկերդ լավն է լինում, մեծ հաճույք ես ստանում, քանի որ սա համատեղ աշխատանք է։ Իսկ երբ խաղում ես չդերասանի հետ, կոտրվում ես։ Երբ դու տանջվում ես, իսկ խաղընկերդ տախտակի նման կանգնած է, սկսում ես հիասթափվել և՛ քեզանից, և՛ այդ վիճակից ու մտածում ես, որ դա քեզ հազար տարի պետք չէ,- շեշտեց նա ու ավելացրեց,- ուզում եմ չընկնել նյութականի հետևից և անել այն, ինչն ինձ հոգեհարազատ է, հաճույք է պատճառում։ Նաև՝ ես չեմ ընկնում այն ճանաչման հետևից, որը բերում է սերիալը։ Կարծում եմ՝ ճանաչումն ավելի շատ պետք է չդերասաներին, քան պրոֆեսիոնալներին։ Դերասանի համար  դա ոչինչ չի փոխում։ Ավելի լավ է ես թատրոնում խաղամ ու հաճույք ստանամ, հանդիսատեսի ծափահարություններն ինձ մեծ բավականություն են պատճառում և ավելի են ներշնչում, քան ճանաչումը»,- ասաց Էմիլը։

Ինչ վերաբերում է քննադատություններին, որ ինքն էլ էր նույնատիպ ներկայացնում իր կերպարը, Էմիլն ասաց. «Կերպարը չէր կարող նույնատիպ չլինել, որովհետև մարդը չի փոխվում։ Նա ունի տեսակը, ձևն ու ասելիքը, եթե ես շատ փոփոխություններ անեի, հանդիսատեսի համար անհասկանալի կլիներ։ Մեր սցենարիստը՝ Անդրանիկ Հարությունյանը, շատ լավն է, և իր սցենարի վրա շատ հեշտ էր ներկայանալ։ Նա միշտ հասկանում էր ճիշտ պահ, երբ պետք էր պասիվանալ, ու ժամանակ առ ժամանակ Համբարձումը քիչ էր երևում սերիալում, որպեսզի հետո նորից ցույց տար իր զարգացումը»։

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել