Կողմնակի եկամուտից երբեք չես հրաժարվի:) Վերջին շրջանում հայտնի մարդկանցից շատերն են սկսել բիզնեսով զբաղվել։ Հայաստանում առկա դժվար իրավիճակը, հավանաբար, անդրադարձել է նաև նրանց հոնորարների, զբաղվածության վրա, և եկամուտի այլընտրանքային տարբերակներ փնտրելը դարձել է անհրաժեշտություն։

BlogNews.am-ն առանձնացրել է բիզնեսով զբաղվող հայտնիների տասնյակը, սակայն նրանց թիվն այսքանով չի սահմանափակվում։ Ցանկը շարունակական է։

Սարգիս Գրիգորյանն ու կինը՝ Մանոն, նախ բիզնես սկսեցին ընկերների՝ դերասաններ Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի հետ։ Կարճ ժամանակ անց, սակայն, նրանք առանձնացան, և Սարգիսն ու Մանոն բացեցին «Գրիգորյանս» հարսանյաց ստուդիան։

Երգիչ Արամեն իր հարցազրույցներում միշտ ասում էր, որ երազում է սեփական կարաոկեն ունենալու մասին։ 2012 թվականին իր տարեդարձի օրը Արամեն ի վերջո իրականացրեց երազանքը՝ բացելով «Արամե» կարաոկե ակումբը, որը նրա համար դարձավ նաև բիզնես։

Դերասանուհի Անի Երանյանը 2013 թվականին տևական ստեղծագործական դադար ունեցավ, որի ընթացքում բացեց «Yeranyan holding» ընկերությունը։ Այն զբաղվում է  PR ակցիաների, համերգների, միջոցառումների, շնորհանդեսների, սեմինարների կազմակերպմամբ, տեսահոլովակների, ֆիլմերի, գովազդային հոլովակների նկարահանմամբ, մոնտաժով և այլ գործերով:

ՀՏ Հայկոն բիզնեսով սկսեց զբաղվել 2011 թվականից։ Նախ՝ նա բացեց «Պոետների տունը», ապա՝ «90s Cafe-Pub»-ը։ Գործունեության սկզբնական շրջանում Հայկոն շարունակում էր զբաղվել նաև ռեփով, այժմ նա դադար է առել և, ամենայն հավանականությամբ, հետագայում չի վերադառնա ռեփերի կարիերային։

Վերջին շրջանում հայտնիների հարսանիքներն ամենից հաճախ տեսա և լուսանկարահանող «SlideArt Production»-ը պատկանում է հեռուստահաղորդավար Արտավազդ Ամիրյանին։ Վերջինս քաղաքապետարանում աշխատելուն զուգահեռ պարբերաբար համերգներ է վարում, սակայն հեռուստահաղորդում տևական ժամանակ է, ինչ չի վարում։

Տարիներ առաջ Երևանում բացվեց գեղեցկությաան սրահ՝ երգչուհի Արմինկայի անունով։ Արմինկան նշում է, որ այն ընտանեկան բիզնես է, որը ղեկավարում է իր քույրը՝ ոճաբան-վարսահարդար Լուսինե Նահապետյանը։

Դերասան Աբել Աբելյանի «Casting School» դերասանական ստուդիան մեծ հաջողություն ունեցավ պատանիների ու երիտասարդների շրջանում։ Այժմ դերասանն ավելի քիչ է նկարահանվում հեռուստասերիալներում, խաղում թատրոնում, փոխարենն աշխատում է իր սաների հետ, նկարահանում սերիալներ։

Դերասան Խորեն Լևոնյանի կինը՝ դերասանուհի Լիկա Մեսրոպյանը, տարիներ առաջ որոշեց թատրոնի բեմը փոխարինել ավելի «քաղցր» աշխատանքով և բացեց «Laki» տորթերի սրահը։


Երգչուհի Նունե Եսայանի «NN» գեղեցկության սրահը գործում է ավելի քան տասը տարի։ Թեև երգչուհին Հայաստանում ամենաբարձր հոնորարներն ունեցողներից մեկն է, բիզնես սկսելը նրա համար էլ ավելորդ չեղավ։ 

Դերասան Հայկ Աֆրիկյանը ևս բացել է սեփական դերասանական ստուդիան՝ «Level one», որտեղ դասավանդում է հենց ինքը։ Հայկն այս փուլում ստեղծագործական դադարի մեջ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել