Որոշ վհուկներ մարդասպաններ են վարձում, ովքեր ալբինոսների մարմնի տարբեր մասերն անդամահատում են ու կտրված մասերը հանձնում վհուկներին։ Վհուկներն ալբինոսների մարմնի մասերն օգտագործում են թրմեր պատրաստելու համար, իսկ հետագայում վաճառում են այդ թրմերն իրենց հարուստ հաճախորդներին։

6-ամյա Բարակա Կոսմասը վհուկների հերթական զոհը դարձավ։ Շաբաթ օրը մի խումբ տղամարդիկ հարձակվեցին փոքրիկի վրա, երբ վերջինս մոր հետ գտնվում էր Տանզանիայի իրենց տանը։ Ստոր հանցագործները տուն մուտք գործելուց հետո այնքան դաժանորեն ծեծեցին երեխային ու նրա մայր Փրիսքա Շաբանին, որ երկուսին էլ հարկ եղավ հիվանդանոց տեղափոխել։ Սակայն այս տականքները միայն ծեծելու համար չէին հարձակվել. նրանք վհուկների պատվիրակներն էին, ում պետք էր ստանալ երեխայի մարմնի մասերից մեկը։ Նրանք կտրեցին երեխայի աջ ձեռքը ու իրենց հետ տարան այն։ Վերջին երեք ամիսների ընթացքում սա արդեն երրորդ հարձակումն է ալբինոս երեխաների վրա։

Մոտ մեկ ամիս առաջ 18-ամյա Յոհանա Բահաթիին առևանգել էին տնից, իսկ 4-ամյա Պենդո Էմանուելե Նանդին առևանգվել էր դեկտեմբերի վերջերին։ Յոհանայի խեղանդամ մարմինը հայտնաբերվել էր 4 ամիս առաջ, մինչդեռ Պենդոյին առևանգումից հետո այլևս երբեք չեն տեսել։ Որոշ աննորմալներ հավատում են, որ ալբինոսների մաշկն ու վերջույթները հարստություն ու բարի բախտ են բերում։ Վհուկները հավանաբար կլորիկ գումար են վճարել հանցագործներին փոքրիկ Բարակայի ձեռքի դիմաց, սակայն հայտնի չէ, թե որ հաճախորդն է վճարել վհուկին։ Տանզանիայի ալբինոսների պաշտպանությամբ «Standing Voice» բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոնաթան Բիլն ասում է, որ պետք է ազատվել հանցագործներից, հակառակ դեպքում սպանություններն ու առևանգումները կասեցնելու ուղղությամբ կառավարության ջանքերը չնչին արդյունք կտան։ Պետք է պատասխանատվության ենթարկել ոչ միայն վհուկներին ու հանցագործներին, այլև թրմերի գնորդներին։ Մինչ օրս ոչ մի գնորդ պատասխանատվության չի ենթարկվել։ Քիչ են նաև պատասխանատվության ենթարկված վուկները։ Այնուամենայնիվ, որոշակի դրական միտումներ նկատվում են։ Վերջերս կառավարությունը պաշտոնապես արգելեց վհուկությամբ զբաղվող ինքնահռչակ բժիշկների գործունեությունը։ Անցյալ շաբաթ 32 վհուկ ձերբակալվեց Գեիտա շրջանում։ Սա հենց այն շրջանն է, որտեղ սպանել էին Յոհանային։

Ամենասարսափելին այն է, որ հաճախ ալբինոսների ընտանիքի անդամներն են հանցավոր համաձայնության մեջ մտնում վհուկների ու նրանց վարձած մարդասպանների հետ։ Նրանք ֆինանսական շահ ունեն այդ համագործակցությունից։ Օրինակ՝ 2008 թ.-ին Զավադի Մանգիդուի վրա հարձակվեցին մի քանի հանցագործներ, ովքեր ցաքանով ու կացնով կտրեցին նրա ոտքերն ու աջ ձեռքը։ Մեղավորների թվում էր Զավադիի ամուսինը՝ Չարլզ Նասորոն։ Մեղավորներին դատապարտեցին, սակայն Զավադիի կյանքը փրկել չհաջողվեց։ Ինչ վերաբերում է հարձակման ենթարկված փոքրիկ Բարակային ու Յոհանային, ի թիվս այլ մեղադրյալների՝ նրանց հայրերին ևս մեղադրանք ներկայացվեց իրենց երեխաների վրա տեղի ունեցած հարձակման մեջ։ Պենդոյի վրա տեղի ունեցած հարձակման մեջ կասկածվում է նրա քեռին։

Զավադիի գործով դատապարտվածները
Բարեգործական կազմակերպության տնօրեն պրն. Բիլն ասում է, որ առաջին հերթին պետք է թիրախավորել վերին օղակներում կանգնածներին, այսինքն՝ հարուստ գնորդներին, ովքեր գնում են ալբինոսների մարմնի մասերի: Ինչպես ասում են, ձուկը գլխից է հոտում։

Իր խոսքում նա մասնավորապես նշել է.
Աշխարհի ամենաչքավոր երկրներից մեկում միշտ էլ կլինեն աղքատ անհատներ, ովքեր փողի դիմաց այսպիսի արյունահեղություններ գործելու ունակ կլինեն։



