Էսօր դասախոսներիցս մեկը մի լավ խոսք ասեց: Դասի ժամին ուսանողներից մեկին զանգեցին, դասախոսն էլ արձագանքեց, թե ինձ շատ-շատ են զանգում, բայց ես չեմ վերցնում, եթե միայն զանգն ընտանիքից չէ:
Հետարդյունաբերական հասարակությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ ընտանեկան, հարազատական կապերը թուլանում, խզվում են գործնական ու աշխատանքային կապերի, աշխատանքով տարվածության հաշվին: Դա է պատճառը, որ Արևմուտքում ամեն մեկի հետևից մի հոգեբան է ման գալիս, իսկ թաղումներին 15 մարդ է մասնակցում: Ամենօրյա աշխատանքը, կարիերան կլանում է մարդկանց, կտրելով նրանց հարազատներից, իսկ մտերմությունը ձևավորվում է միայն աշխատանքի հիման վրա, ինչն էլ կորում է, աշխատանքի փոփոխմանը զուգահեռ:
Հայաստանի հասարակությունը դեռ մասամբ պահպանում է արդյունաբերական, ավանդական հասարակության սոցիալական կապերի համակարգը, ինչը ենթադրում է մտերիմների, ազգակիցների մեծ ինստիտուտ: Չնայած դրան մեզանում էլ աստիճանաբար փոփոխություններ կլինեն ու կան:
Չգիտեմ ինչքանով այդ փոփոխությունները կազդեն կոնկրետ ինձ վրա, բայց ես չէի ուզի, որ դրանք ինձ էլ փոխեն, դրա համար փորձելու եմ միշտ էլ հասանելի լինել ընտանիքիս, հարազատներիս համար, ինչքան էլ որ դա դժվար լինի ժամանակակից գործնական հարաբերությունների համատեքստում: :)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vahram.miraqyan/posts/443651919014408
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել