1in.am-ը գրում է․

5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացին գրել է, որ իր հայրենի Հայաստանը հիմնադրվել է մ.թ.ա. 2492 թվականին։ Տարեթիվը սովորաբար դիտարկվել է որպես լեգենդար, չնայած նա պնդել է իր Բաբելոն ուղևորվելն ու հնագույն գրառումներն ուսումնասիրելը։ The New York Times-ը գրում է, որ անկախ այն բանից՝ նա հաջող ենթադրություն է արել, թե իսկապես հասանելիություն է ձեռք բերել օգտակար տվյալներին, նոր գենոմային վերլուծությունը պարզել է, որ նրա նշած տարեթիվը միանգամայն ճշմարտանման է։
Գենետիկայի ոլորտի հետազոտողները սքանավորել են Հայաստանի և Լիբանանի 173 հայերի գենոմները և համեմատել դրանք աշխարհի այլ 78 այլ ազգաբնակչությունների գենոմների հետ։ Պարզվել է, որ հայերը հնագույն պոպուլյացիաների խառնուրդ են, որոնց սերունդներն այժմ ապրում են Սարդինիայում, Կենտրոնական Ասիայում և մի քանի այլ տարածաշրջաններում։ Այս ձևավորիչ միախառնումը տեղի է ունեցել մ.թ.ա. 3000-2000թթ.։ Գենետիկների արած հաշվարկները համընկնում են Հայաստանի հիմնադրման Խորենացու նշած տարեթվի հետ։
Մ.թ.ա. 1200 թվականին Միջերկրականի արևելքում բրոնզեդարյան քաղաքակրթությունները փլուզվեցին, ինչը մեկուսացրեց հայերին այլ պոպուլյացիաներից։ Դրանից հետո միախառնման որևէ նշանակալի դեպք չի հայտնաբերվել։
Մեկուսացմամբ են պայմանավորված հավանաբար հայկական մշակույթի շատ բնորոշ ասպեկտներ։ Հայերն ունեն առանձնահատուկ լեզու և այբուբեն, և Հայ առաքելական եկեղեցին քրիստոնեության առաջին ճյուղն էր, որը որպես պետական կրոն ընդունվել է 301 թվականին
Հետազոտողները նաև արևմտյան ու արևելյան հայերի միջև տեսել են գենետիկ տարբերության ազդանշան, որը զարգացել է 500 տարի առաջ։



