1in.am-ը գրում է․
Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ցանկանում լքել իր ներկայիս ակումբը: Այդ մասին հայտարարել է Հենրիխի գործակալ Մինո Ռայոլան:
«Մխիթարյանը շատ լավ է իրեն զգում «Բորուսիա»-ում: Զուր չէր, որ մենք 5-ամյա պայմանագիր ստորագրեցինք ակումբի հետ: Հենրիխը մտածված գերադասեց Դորտմունդ տեղափոխվել: Վերջերս միշտ չէ, որ Հենրիխն ընդգրկվում է մեկնարկային կազմում, բայց, այնուամենայնիվ, ինձ չի թվում, թե նա ակումբը լքելու ցանկություն ունի: Հակառակը, ֆուտբոլիստը ցանկանում է մնալ և ինչ-որ բանի հասնել թիմի կազմում»,- Bild-ը մեջբերում է Ռայոլայի խոսքերը:
Հիշեցնենք` ավելի վաղ գործակալը հայտարարում էր, որ Մխիթարյանը մտադիր է փոխել ակումբային գրանցումն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Հենրիխը մասնակցել է 19 հանդիպումների, մեկ գոլի և գոլային մեկ փոխանցման հեղինակ է դարձել: