
Երևանի պետական կամերային թատրոնում այսօր տեղի ունեցավ «Ամնեզիա» ներկայացման պրեմիերան։ Այն սկսվեց մեծ սպասումներով և ավարտվեց բուռն ծափողջյունների ներքո։ Ներկայացման բեմադրիչը Գոռ Մարգարյանն է, գլխավոր դերերում Լուիզա Ներսիսյանը և Ռաֆայել Երանոսյանն են։
Գոռ Մարգարյանը BlogNews.am-ի հետ զրույցում ասաց, որ դերասանները հրաշալի աշխատանք են տարել: «Լուիզան դրամատիկ դերեր խաղալու մեծ փորձ ուներ, Ռաֆոյի համար էլ սա առաջինններից էր: Կարծում եմ՝ երկուսն էլ հրաշալի են ներկայացել»,- ընդգծեց Գոռը:
Ռաֆայել Երանոսյանն այս պրեմիերան նվիրեց իր մայրիկի հիշատակին: Անդրադառնալով առաջին անգամ դրամատիկ կերպարով ներկայանալուն՝ Ռաֆոն ասաց, որ ինքը մասնագիտությամբ դերասան է, ինչը նշանակում է, որ ժանրային սահմանափակումներ չպետք է ունենա: «Բնականաբար, սկզբում դժվար է լինում, ոչինչ հեշտ չի տրվում և պետք է աշխատես քեզ վրա: Հուսով եմ՝ ինձ մոտ ստացվեց»,- նշեց դերասանն ու հավելեց, որ գնահատական տվողները հանդիսատեսը, ռեժիսորն ու խաղընկերուհին են:
Լուիզան էլ ասաց, որ ինչպես բոլոր պրեմիերաներին, այս անգամ էլ լարվածություն կար: «Ես սիրում եմ ներկայացումը, երբ այն մի քանի անգամ խաղում եմ, քանի որ դա զրույց է հանդիսատեսի հետ. նրա հետ հասկանում ես՝ ինչը կարելի է ավելացնել, ինչը՝ պակասեցնել»,- ասաց Լուիզան: Նրա փոխանցմամբ՝ յուրաքանչյուր կերպարի հետ ինքն ապրում է այս կամ այն իրավիճակը. «Ամնեզիան» ենթադրում էր դրամատիկ հոգեվիճակ, որն այսօր ապրել է:



