Lurer.com-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակության՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում, արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և նախարարության միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության պետ Մարինա Տաշչյանը Վրաստանի արդարադատության նախարարի տեղակալ Միխայիլ Սարջվելաձեի ուղեկցությամբ մարտի 6-ին այցելել են Թբիլիսիի և Քաչրեթի գյուղի Արդարադատության տներ: Վրաստանի արդարադատության նախարարի տեղակալը նկարագրել է Արդարադատության տներում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ քաղաքացիներին մատուցվող ավելի քան 300 տեսակի պետական ծառայությունների հիմնական գործառույթները: Մասնավորապես, քաղաքացիները հնարավորություն ունեն ստանալու քաղաքացիական կացության ակտերի գրանցման, անձնագրերի և վիզաների, քաղաքացիության, անշարժ գույքի հետ կապված գործարքների, ատեստատների և դիպլոմների, ալիմենտային պարտավորությունների կատարման վերաբերյալ տվյալներ, արխիվից փաստաթղթեր, հանրային ռեգիստրներից տեղեկանքներ և այլ ծառայություններ:

Անդրադառնալով Թբիլիսիի Արդարադատության տանը՝ Միխայիլ Սարջվելաձեն նշել է, որ այնտեղ օրական սպասարկվում է 10-20 հազար քաղաքացի, ծառայությունների մատուցման միջին տևողությունը կազմում է 5-7 րոպե: Արդարադատության տան ղեկավարը պատվիրակությանը ներկայացրել է կենտրոնի ստեղծման պատմությունը, մատուցվող ծառայությունները, դրանց որակի վերահսկողության մեխանիզմները և այս կենտրոնում ծառայությունների զարգացման և կատարելագործման հետագա ծրագրերը:

Պատվիրակությունն այցելել է նաև Քաչրեթի գյուղում տեղակայված Արդարադատության տուն, ծանոթացել վերջինիս աշխատանքներին: Սուրեն Քրմոյանը և Մարինա Տաշչյանն այցելել են նաև Վրաստանի արդարադատության նախարարության «Հանցագործությունների կանխարգելման կենտրոն», որը զբաղվում է ներկա և նախկին դատապարտյալներին առնչվող սոցիալական-ինտեգրացիոն, վերականգնողական խնդիրների լուծմամբ: Ծրագրի շահառուներից են նաև անչափահաս դատապարտյալները:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը և արդյունքները: Գործընկերները մտքեր են փոխանակել երկրների նմանատիպ ծառայությունների կայացման բարդությունների և գրանցած հաջողությունների վերաբերյալ:

Հանդիպումների ընթացքում պետության կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների զարգացման, կրկնահանցագործությունների կանխարգելման և դատապարտյալների վերասոցիալականացման ոլորտում համագործակցելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել