Tert.am-ը գրում է.

ԵՄ բանակի ստեղծման առաջարկն առայժմ քննարկման փուլում է. կան կողմնակիցներ, ինչպես օրինակ՝ Գերմանիան, և հակառակորդներ, օրինակ՝ Մեծ Բրիտանիան, որը մեծ վերապահումներով է վերաբերում  տվյալ հարցին:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` անդրադառնալովհայտարարությանը, թե Եվրոպական միությունը հունիսին կայանալիք գագաթնաժողովի շրջանակում կարող է քննարկել ԵՄ բանակի ստեղծման հնարավորությունը:

Նա նշեց, որ ԵՄ բազմաթիվ երկրներ, բացի ազգային բանակ ունենալուց, հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամ:  «Այս հնարավոր բանակի գործունեության օգտակարությունը կախված կլինի նրանից, թե որոնք են լինելու նպատակները, խնդիրները, որոնք դրված են լինելու ռազմական ստորաբաժանման առաջ, քանի որ այսօր դժվար կարելի է պատկերացնել ռազմական գործողություններ, որոնց մեջ ԵՄ-ն կարող է ներգրավված լինել իր ամբողջական բանակով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշման կայացման համար անհրաժեշտ է ողջ Եվրամիության համաձայնությունը»,-ասաց նա և նշեց, որ կան օրինակներ, երբ ԵՄ-ն, հանդես գալով միասնական ճակատով, ռազմական ստորաբաժանումներ էր ուղարկում առանձին երկրներ, որոնք մասնակցում էին համապատասխան ռազմական գործողությունների, և այդ տրամաբանությունից ելնելով` կարելի է պատեկարացնել այդպիսի բանակի որոշակի գործառույթներ։

Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ մյուս կողմից՝ դժվար է պատկերացնել այնպիսի բանակ, որը  որպես պոտենցիալ հակառակորդի դիտարկելու է Ռուսաստանը, առավելևս, որ Ռուսաստանը փորձում է հնարավորության սահմաններում ունենալ  բարիդրացիական և համագործակցային հարաբերություններ: «Նաև պարզ չէ, թե Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան` որպես  միջուկային զենք ունեցող երկրներ, ինչպես են պատկերացնում իրենց մասնակցությունը տվյալ բանակի ձևավորմանը: Առայժմ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները»,-ասաց նա և նշեց, որ ամեն ինչ կախված է լինելու այն գործառույթներից և պարտականություններից,  որոնք դրված են լինելու այս բանակի վրա:

Քաղաքագետը նկատեց, որ  անպատասխան հարցերի շրջանակում է նաև այն խնդիրը, թե  որն է լինելու համապատասխան լիազոր օղակը, որը  իրականացնելու է տվյալ բանակի ղեկավարումը, ով է լինելու գլխավոր հրամանատարը:

Նա նաև նշեց, որ կա վարկած, ըստ որի համաշխարհային քաղաքականության մեջ Եվրամիության դերի մեծացումը բացի  քաղաքական, տնտեսական  դրսևորումներից ենթադրում է նաև ռազմական դրսևորումներ:

Հարցին, թե ըստ նրա՝ բանակը ինչ-որ մի բանի դե՞մ է ստեղծվելու, նա ասաց, որ պաշտոնապես դրա ստեղծումը պայմանավորվում է Ուկրանիայի շուրջ ստեղծված իրավիճակով. «Բանակը սովորաբար իրականացում է երկու հիմնական գործառույթ` պաշտպանական և հարձակողական»:

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, անդրադառնալով վերոնշյալ հացին, հիշեցրեց, որ Արևմտյան եվրոպայում դեռևս 70 ական թվականներին փորձում էին ստեղծել միասնական պաշտպանական կառույց, սակայն դրանից ոչինչ դուրս չեկավ: «Հիմա նոր Եվրոպան, լինելով տնտեսապես միասնական, եթե ցանկանում է ստեղծել ռազմական միասնական ուժ, դառնում է ռազմաքաղաքական միություն, և դա շատ բան է փոխում»,-ասաց նա:

Վահան Շիրխանյանը կարծում է, որ դա ուղղված է ո´չ միայն Ռուսաստանի կողմից ակնկալվող սպառնալիքը կանխելուն, այլ նաև՝ ՆԱՏՕ-ի դեմ, որովհետև գտնում է, թե  միացյալ ուժեր ստեղծելուց հետո դժվար թե Եվրոպան հանդուրժի ՆԱՏՕ-ի առկայությունը, քանի որ դրա համար  ՆԱՏՕ-ին նույնպես պետք է վճարեն: «Շատ բարդ ծրագիր է, և ես մի քիչ անհավանական եմ համարում, որ դա կիրագործվի, որովհետև անդամ երկրներից ոչ բոլորը կհամաձայնեն զրկվել սեփական զինուժից և  իրենց պաշտպանությունը դնել այդ միասնական բանակի վրա: Դա ո´չ  միայն Ռուսաստանի դեմ է, այլ նաև՝ ՆԱՏՕ-ից ազատվելու նպատակ ունի»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե ռազմական ներուժով դա համարժեք կլինի՞ ՆԱՏՕ-ին և ՀԱՊԿ-ին, նա պատասխանեց, որ քանակական, տեխնիկական տեսանկյունից կլինի համարժեք, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ սկզբունքով կաշխատի: Չնայած դրան՝ նախկին փոխնախարարը կրկին շեշտեց, որ չի կարծում, թե այդ ծրագիրը կիրականանա: 

«Ընդհանրապես՝ առաջիկա տեսանելի ժամանակահատվածում բացառում եմ Եվրոպա-Ռուսաստան առճակատումը,  դա հնարավոր չէ: Արհեստական ստեղծվող ապատեղեկատվություն է այն, թե  իբր՝ Ռուսաստանն սպառնում էԵվրոպայի անվտանգությանը:

Ամեն դեպքում, եթե հակադրում գնա ՀԱՊԿ-ի և Եվրոպական  միացյալ ուժերի միջև, Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, իհարկե՝ պետք  է մասնակցի ՀԱՊԿ-ի կողմից, սակայն նման բան չի լինի»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել