Tert.am-ը գրում է.

«Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մնացած օկուպացված տարածքներում բռնությունների աճի» հարցով ԵԽ ԽՎ զեկուցող Ռոբերտ Ուոլթերը մարտի 12-13-ին փաստահավաք այցով պատրաստվում է մեկնել Բաքու: Ի՞նչ մեկնաբանություն ունի այս հարցի վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտը.  Tert.am–ի հետ զրույցում  ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց. «Այդ հետազոտության կամ զեկույցի մասին վաղուց է խոսվում, դրա վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտը և տարբեր պաշտոնյաներ իրենց կարծիքը հայտնել են, նույն մոտեցումը մնացել է անփոփոխ: Նման վերնագրով, նման փիլիսոփայությամբ, նման բովանդակությամբ զեկույցը մեզ համար անընդունելի մի երևույթ է, ո´չ թե մենք վախենում ենք կամ ուզում ենք ինչ-որ մի բան թաքցնել, այլ ասում ենք, որ զեկույցը պետք է անաչառ լինի, զեկույցը պետք է արտացոլի իրականությունը»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ նման վերնագրով և նման մոտեցումներով զեկույցը ոչ այլ ինչ է, քան քաղաքական պատվեր: Հետևաբար  Դավիթ Բաբայանն ասում է, որ իրենք  չեն համագործակցելու այդ թիմի և այդ անձնավորության հետ: «Պետք է նաև ասել, որ միայն հիմա չէ, որ մենք նման կտրուկ կարծիք ենք հայտնել, մենք այն ժամանակ էլ ենք ասել, որ պատրաստ ենք համագործակցել, եթե վերանայվի և՛ վերնագիրը, և՛ բովանդակությունը»,-շեշտեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Դավիթ Բաբայանն ասաց, որ ո՛չ հայտարարվել է, ո՛չ էլ Արցախի իշխանություններին է գրվել, որ ԵԽ ԽՎ զեկուցող Ռոբերտ Ուոլթերը նման նախաձեռնությամբ ուզում է այցելել նաև Արցախ:
«Պարզ է, որ այդ զեկույցը կլինի ադրբեջանական ԱԳՆ-ի կամ նախագահական աշխատակազմի ինչ-որ մարդկանց կողմից պատրաստված հերթական քաղաքականացված հակահայկական փաստաթուղթը, և եթե այդպես է, ապա թող սահմանակվեն Բաքվով»:

Դավիթ Բաբայանն ասաց, որ իրենց որևէ առաջարկություն չի եղել, դրա մասին ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներից և պաշտոնական ինչ-որ հատվածի ներկայացուցիչներից են տեղեկացել, իրենց դիմել են, որ նմանատիպ զեկույց է պատրաստվում:

«Մենք ասել ենք, որ նախևառաջ՝ չենք ստացել այդպիսի նամակ դիմում, երկրորդ՝ նման բովանդակությամբ, նման վերնագրով փաստաթուղթն ուղղակի քաղաքական պատվեր է, և մենք այդպիսի խաղերի մեջ չենք մտնում»,–եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել