Tert.am-ը գրում է․
Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խումբը արդյունավետ է աշխատում, ինչի մասին վկայում են վերջիններիս նախադեպը չունեցող խիստ հայտարարությունները՝ ուղղված Ադրբեջանին:Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հունվարի սկզբից տիրող լարվածությանը և այդ համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին:
«Այդ հայտարարությունները փաստել են մի բան. Մինսկի խմբի անդամների մեջ կա պայմանավորվածություն՝ կանխել ագրեսիան, բայց որ այդ ագրեսիան ակնհայտորեն հրահրված է և հրահրված է այն ուժերի կողմից, որոնք խնդիր ունեն Ադրբեջանին ներքաշել իրենց տիրույթ, իսկ այդ տիրույթը ակնհայտ է, որ ռուսական է: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը, փաստորեն, Հայաստանի վրա հաջող իրականացված շանտաժի նախադեպը փորձում է կիրառել նաև Ադրբեջանի վրա և բերել նրան ԵՏՄ: Բայց քանի որ ԵՏՄ-ն օր օրի փաստում է իր միություն լինելու անկարողությունը, այդտեղ էլ ակնհայտ է դառնում, որ սահմանը լարված շարունակելու է մնալ այնքան ժամանակ, մինչև ԵՏՄ-ի կոնտեքստում պարզություններ մտցվեն, այսինքն՝ մինչև այդ դաշինքի վերջնական, լիակատար փլուզում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց հայտարարության մեջ կոչ էին արել Ադրբեջանին կատարել խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները, իսկ Հայաստանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ լարվածությունը մեղմացնելու համար։
Դիտարկմանը, թե հունվարից հետո սահմանային լարված իրավիճակը շարունակվում է, այդ դեպքում ինչ շահեց ԼՂՀ-ն Մինսկի խմբի այս աննախադեպ հայտարարությունից, Անուշ Սեդրակյանը պատասխանեց. «Միակ բանը, որ կարող է շահել ԼՂՀ-ն՝ խաղաղ իրավիճակն է սահմանին: Ես կարծում եմ, որ մեր բոլոր քաղաքական պայմանագրերը, մեր բոլոր խնդիրները պետք է ուղղված լինեն սահմանին խաղաղությունը պահպանելուն, իսկ Լեռնային Ղարաբաղը շահեց մի բան՝ ապացուցեց, որ ինքն ի զորու է պահպանել իր դիրքերը, իսկ դա քիչ բան չէ»:
Անուշ Սեդրակյանը չի կիսում տարածված կարծիքը, համաձայն որի՝ այս տարի հաճախակի դարձած սահմանային միջադեպերը կապված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ:
«Ես վստահ եմ, որ դա ոչ մի կապ չունի, որովհետև Հայոց ցեղասպանության խնդիրը կստիպեր, որ սահմանը ավելի լուռ լիներ, քանի որ Թուրքիան չէր ցանկանա երկու անգամ բորբոքել դժգոհության ալիքը: Մի բան պարզ է, ամբողջ քաղաքակիրթ աշխարհն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը, եթե ոչ ֆորմալ, ապա գոնե հոգեբանորեն»,- ասաց նա:
Հարցին, թե Ադրբեջանում ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է, և այսօր Ադրբեջանը տնտեսական խնդիրներ ունի, ինչպես դա կարող է անդրադառնալ ԼՂ խնդրի վրա, պատասխանեց. «Ղարաբաղի հարցը ավելի մարտավարական, ռազմավարական խնդիր է, քան նավթի գազի ու ռեսուրսների տիրապետումը, բայց, իհարկե, որքան թուլանա Ադրբեջանը, այնքան կշահեն Հայաստանն ու Արցախը»:



