Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն վերջերս կոտրել է ֆիլմում չնկարահանվելու կարծրատիպը և ներկայացել ռեժիսոր Մհեր Մկրտչյանի գեղարվեստական ֆիլմում, իսկ բացառիկ մանրամասները պատմել է BlogNews.am-ին։

«Սկզբում ինձ զանգահարեցին ու առաջարկեցին մի կերպար, որից հրաժարվեցի բաց տեսարանների պատճառով։ Մեկ ամիս անց կրկին թեմա էր բացվել, ընկերներս առաջարկել էին թեկնածությունս, կրկին զանգեցին ինձ, ու այս անգամ գնացի քասթինգի»,- ասաց Դիանան ու հավելեց, որ չնայած ոչ քասթինգային կերպարով էր գնացել, իր թեկնածությունը հաստատել են գլխավոր հերոսուհու դերի համար։

Անդրադառնալով բաց տեսարաններին, որոնց պատճառով Դիանան հրաժարվել է առաջին դերից՝ նա ասաց. «Երբ Լարս Ֆոն Տրիերը նկարահանում էր իր «Նիմֆոմանկա» ֆիլմը, դերասանուհուն հարց տվեցին բաց տեսարանների մասին, և նա պատասխանեց՝ երբ քեզ առաջարկ է անում Լարս Ֆոն Տրիերը, դու պատասխանի այլընտրանք չունես։ Եթե էնպիսի ռեժիսոր էնպիսի ֆիլմի համար էնպիսի հոնորար է առաջարկում, գուցե և համաձայնես, բայց հայաստանյան պայմաններում ոչ այնքան բարձր հոնորարների և ոչ այնքան աշխարհահռչակ ռեժիսորների դեպքում չեմ կարծում, որ ճիշտ է քո մի մասունքը ցուցադրել հանրությանը»։ 

Դիանան նշեց, որ իր ընտրած կերպարում կա և՛ սիրախաղի, և՛ համբույրի տեսարան, սակայն ինքը համաձայնել է՝ վստահելով Մհեր Մկրտչյանին ու չի սխալվել։ «Ինձ համար համբույրի ու սիրախաղի տեսարաններն էլ են բաց, բայց կա նաև սեռական հարաբերության տեսարան, որից ես հրաժարվեցի։ Ասածս այն է, որ եթե օրինակ օսկարակիր դերի համար լինի, գուցե նման քայլի գնաս։ Էս դեպքում հարցը մասշտաբն է։ Ես համարձակ եմ, բայց  համարձակության մեջ փորձում եմ չկորցնել չափս։ Փորձում եմ պահել ոսկե միջինը։ Կարծում եմ՝ հիմարություն կլիներ հրաժարվել այս դերից սիրախաղի տեսարանի համար»,- նկատեց դերասանուհին։

Ինչ վերաբերում է հոնորարներին՝ Դիանան ասաց, որ Հայաստանում աստղաբաշխական գումարների մասին խոսել հնարավոր չէ, քանի որ չի կարող ֆիլմի բյուջեի կեսը բաժին հասնել մեկ դերասանի, ով էլ նա լինի, սակայն խոստովանեց, որ տեսահոլովակից հետո դրանք աճել են։ Նա նկատեց, որ մեկնարկային գիծը սանդղակից բարձր է՝ հաշվի առնելով իր անցած ճանապարհը, ինքը գոհ է, սակայն ակնկալում է, որ նոր ֆիլմերի հետ հոնորարները կաճեն։

Ֆիլմում դերասանուհու գլխավոր խաղընկերը դերասան Հայկ Պետրոսյանն է՝ Վարդան Պետրոսյանի որդին։ Ֆիլմի դեպքերը ծավալվում են 1993 թվականին։ Երկու երիտասարդների պատմությունը մեր ժամանակներում ներկայացնում են դերասաններ Մկրտիչ Արզումանյանն ու Նազենի Հովհաննիսյանը։ «Ես ու Նազենի Հովհաննիսյանն արտաքնապես և մեր տեսակով նման չենք։ Մենք փորձել եք հետաքրքիր շտրիխներ գտնել, սակայն չենք ֆիքսվել նմանության վրա, շեշտը դրել ենք լավ խաղի, ասելիքի, սյուժեի վրա։ Մենք փորձել ենք մեր կերպարը զարգացնել. ես այն ստեղծել եմ, Նազենին էլ, ըստ սյուժեի, այն ավելի է մեծացրել և իր տարբերակով ներկայացրել։ Ի վերջո, տարիների ընթաքում յուրաքանչյուրս էլ փոխվում ենք»,- ասաց Դիանան։

Դերասանուհին մեծ ձեռքբերում է համարում համագործակցությունը Մհեր Մկրտչյանի հետ։ «Երբ սյուժեն կարդացի, հասկացա, որ կերպարս բարդ է, սակայն երբ սկսեցինք աշխատել, հասկացա, որ պատկերացումներս չէին համապատասխանում իրականությանը։ Մհեր Մկրտչյանն էնպես բացեց կերպարն ու աշխատեց դրա հետ, որ բացահայտեցի, թե ինչ խորություն ունի այն»,- նկատեց նա։ Ըստ Դիանայի՝ աշխատել են այնպիսի պրոֆեսիոնալ պայմաններում, որ նույնիսկ ապշել է։ «Ամեն բան այնպես էր կազմակերպված, որ ոչնչի մասին չէիր մտածում, միայն քո դերի, հոգեվիճակի վրա էիր կենտրոնանում»,- հավելեց դերասանուհին։

Նա շեշտեց, որ 3 տարի է, ինչ թատրոնում է և մերժել է ֆիլմերում նկարահանվելու բոլոր առաջարկները։ «Ինձ համար անընդունելի էր դերասանական արվեստը ֆիլմերում։ Կարծում էի՝ այն միայն թատրոնում է լիարժեք ներկայացվում, սակայն Մհերի ֆիլմն ինձ հակառակն ապացուցեց։ Մի շատ դժվար տեսարան ունեցա, մտածում էի՝ երբեք չեմ կարողանա խաղալ այն, սակայն Մհերն ինձ շատ օգնեց»,- ասաց Դիանան ու հավելեց, որ ամենաբարդը լուռ տեսարաններն էին, քանի որ դրանք պահանջում են հարյուր տոկոսանոց հոգեվիճակ, դիմախաղ և ուրիշ ոչինչ։ «Թատոնում ամենաբարդը նախապատրաստական ընթացքն է, կինոյում՝ հակառակը՝ այդ պահին պետք է բացվես։ Մտածում էի՝ հնարավոր է՝ շատ երկար նախապատրաստվես ու նկարահանման պահին չգաս այդ հոգեվիճակին, կամ գաս կոնկրետ հոգեվիճակի, ու «դուբլը» ամեն բան փչացնի,- ասաց Դիանան, ով նկարահանումներից հետո փոխել է կարծիքը,- հաստատ այլևս այդ քամահրանքով չեմ խոսի ֆիլմերի մասին»։

Դիանան քանիցս նշել է, որ չի նկարահանվի սերիալներում, հարցին՝ հնարավո՞ր է՝ մի օր էլ դրանց մասին փոխի իր կարծիքը, նա վստահեցրեց, որ դա հաստատ լինելու բան չէ։ «Մի քանի ամիս առաջ ստացա այն առաջարկը, որից ավելին չի կարող լինել, եթե դրանից հրաժարվել եմ, չեմ կարծում, որ պատկերացումներս կփոխվեն։ Եթե մի օր 100 դրամ չունենամ, գուցե նկարահանվեմ, բայց միայն այդ պատճառով»,- ասաց նա՝ միաժամանակ շեշտելով, որ չի էլ քննադատում սերիալում նկարահանվող դերասաններին։ -Ուղղակի ամեն մեկս կարիերայի մեր ճանապարհն ենք գծում, իմ կարիերայի ճանապարհին սերիալներ չեմ տեսնում»։

Դերասանուհին մեծ ոգևորությամբ պատմեց դեբյուտային ֆիլմի մասին։ Ըստ նրա՝ ճիշտ ընտրություն է արել։ Ինչպես տեսահոլովակի ժամանակ էր, երբ ես 5 տարի մերժում էի բոլոր առաջարկները ու վերջում ընտրեցի ամենամեծ ու կարևոր առաջարկը՝ Արամ MP3-ի «Not alone»-ը, այնպես էլ ֆիլմում եղավ։ Թեև նկարահանվել, վերջացրել եմ, մինչ օրս չեմ հավատում, որ այսպիսի մասշտաբային ֆիլմի առաջարկն ինձ էր արված»,- ասաց նա ու հավելեց, որ իրեն հաջողակ է համարում։

Դիանան հայտնեց, որ այս ֆիլմի պրեմիերան մի փոքր ուշ կլինի։ Մինչ այդ հավանաբար կկայանա մեկ այլ ֆիլմի պրեմիերան։ «Շարմի» և Դավիթ Բաբախանյանի նոր ֆիլմի նկարահանումները կկայանան գարնան վերջին։ Կարծում եմ՝ այն ավելի շուտ լույս տեսնի, քանի որ Մհերի ֆիլմը շատ ծավալուն է, տարածքները շատ տարբեր են, նկարահանումների ընթացքը կապված է նաև եղանակային պայմանների հետ։ Ըստ դերասանուհու՝ երկու ֆիլմերում շատ տարբեր է ներկայանալու, ինչի համար շատ ոգևորված է։

Ամալյա Հովհաննիսյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել