Կարծեմ Ֆ.Էնգելսն էր ասել, որ աստվածները մի անգամ մեռնում են ողբերգականորեն, հաջորդ անգամ՝ ֆարսի տեսքով: Որքան էլ տհաճ լինի խոստովանելը, դա վերաբերում է մեր կյանքի այն ոլորտին, որը հոգեհարազատ է ինձ՝ ընդդիմությանը: 1996-ի հայաստանյան 1-ին լուրջ ընդդիմադիր շարժումն ավարտվեց ընդամենը ծեծ ու ջարդով, 2-րդը՝ ողբերգությամբ՝ 10 ընտանիք զրկվեց զավակից և կամ հայրիկից, իսկ 3-րդն արդեն ֆարսի ոլորտից էր... Ի՞նչ է սա նշանակում. այն, որ ընդդիմադիր շարժում կոչվածն ընդհանրապես դեն նետվելիք երևույթ է (եթե արդեն իսկ դեն չի նետվել), թե գործողություններն էին սխալ և ըստ այդմ՝ ժողովրդի կողմից առաջնորդի ընտրությունը: Կարծես թե առաջնորդողների բոլոր տարբերակներն արդեն «օգտագործվել» են՝ նախկին վարչապետ ու շարժում ձևավորող և ղեկավար (Վ.Մանուկյան), նախկին նախագահ և շարժում ձևավորող և ղեկավար (Լ.Տեր-Պետրոսյան), օլիգարխ և կուսակցանապետ (Գ.Ծառուկյան), ազնվության և սկզբունքայնության մարմնացում անհատը (Շանթ), ինչպես նաև նախկին զորահրամանատար (Ժ.Սեֆիլյան). վերջինս գոնե նախնական հաջողության որևէ նշան ցույց չի տալիս: Սովորաբար առաջնորդի հիմնական հատկանիշը վճռականությունն է և ինքնազոհության պատրաստակամությունը. և կարծես թե երկու հատկանիշներն են առկա են լինում գործի սկզբում, բայց վերջում դրանք չգիտես ինչպես ու ուր են փոշիանում: Ինչևէ: Մնում է 1-ին տարբերակը՝ խոստովանելը, որ ընդդիմադիր շարժումը մեր երկրում ապագա չունի, իսկ եթե այդպես է, ապա ո՞րն է իշխանափոխության հայկական տարբերակը՝ իշխանության ինքնաբարեփոխումը վերևից, թե տարերայնորեն սկիզբ առնող սոցիալական բունտը: Առաջինը խիստ կասկածելի է, երկրորդի դեպքում կորցնում ենք բոլորս՝ ժողովուրդ, ընդդիմություն, իշխանություն և վերջին հաշվով՝ պետություն: Ո՞րն է այլընտրանքը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել