Tert.am-ը գրում է․

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների գործին:  Լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք բարոյական չէ պաշտոնից հրաժարականի դիմումը՝ հաշվի առնելով տրված խոստումները, գլխավոր դատախազը պատասխանեց և´ բարոյական, և´ մասնագիտական տեսանկյունից:

«Իմ կենսագրության մեջ թե՛ պաշտոնական, թե՛ զուտ անձնական հարթության մեջ երբևէ չի եղել մի դեպք, որ ես որևէ խոստում տամ ու չկատարեմ, որովհետև տալիս եմ միշտ այն խոստումները, որ ի վիճակի եմ կատարել, ավելին՝ երբեք չեմ տվել ու չեմ կարող տալ այնպիսի խոստումներ, որոնց իրագործումը պայմանավորված չէ զուտ իմ կամքով»,-ասաց նա:

Ինչ վեաբերում է Ռուսաստանի իր գործընկերոջն իր ուղարկած դիմումին՝ Գևորգ Կոստանյանը նշեց, որ դմումի փաստը ինքնին չի կարող երաշխավորել արդյունքը, որովհետև հարցը ունի նաև միջազգային իրավական կոնտեքստ և, հետևաբար, ՀՀ գործողութուններով չի կարող պայմանավորված լինել: «Ես բազմիցս ասել եմ, որ երկկողմանի  հարաբերությունները առնվազն միջազգային պայմանագրերով են կարգավորված, և հայկական կողմն իր օրենսդրության ընթացակարգերին համապատասխան իրացրել է իր հնարավորությունները»,-ասաց նա և ավելացրեց, որ  Ռուսաստանի կողմից ստացվող  արձագանքի արդյունքում դատախազությունը կքննարկի հետագա քայլերը:

«Պատասխանը կարող է վերջ չդնել ընթացակարգին, որովհետև դրան կարող են հետևել բազմաթիվ այլ ընթացակարգեր, հետևաբար դրանց արդյունքների մասին շատ վաղ է խոսել: Պետք չէ խոսել ժամկետային սահմանափակումների մասին»,-ասաց նա և նկատեց, որ մեր Սահմանադրությամբ քաղաքացիների դիմում-բողոքների պատասխանի ժամկետը երեսուն օր է, իսկ միջազգային պայմանագրերով որևէ ժամկետ սահմանված չէ, հետևաբար ՀՀ-ն չի կարող ներազդել որևէ պետութան վրա՝ ժամկետի առումով:

Ինչ վերաբերում է նրան, որ ՌԴ գլխավոր դատախազությունից պատասխանել են «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, Կոստանյանն արձագանքեց. «Տարբերությունն այն է, որ Փոստանջյանը դիմել է որպես քաղաքացի կամ ֆիզիկական անձ, ուստի չեմ կարող քննարկման առարկա դարձնել Փոստանջյանի կամ մեկ այլ անձի ներկայացրած դիմումի պատասխանը՝ նկատի ունենալով, որ դուք էլ կարող եք հիմա դիմել ՌԴ գլխավոր դատախազին, և նրանց տրված պատասխանները մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել