Այսօրվա աշխարհն ու աշխարհաքաղաքական զարգացումները հասկանալու համար առանցքային նշանակություն ունի «էթնոհոգեբանություն» հասկանալը։ Շատերը մեզ մոտ ու ոչ միայն, աշխարհն ու աշխարհաքաղաքական խաղատախտակի խաղացողներին չափում են իրենց ու իրենց ազգի արշինով՝ ելնելով իրենց ու իրենց ազգի համար ըմբռնելի չափորոշիչներից ու մենթալ կոդերից և որպես կանոն բախվում են կոգնիտիվ դիսոնանս առաջացնող հետևությունների և սխալ եզրահանգումների։

Օրինակ՝ Արևմուտքում շատերն այսպես էլ չհասկացան, որ ռուսի էթնոհոգեբանությունը վերջին դարերի ընթացքում զարգացել է մի ուղով, որն արդյունքում առաջ է բերել երկու պարոդոքսալ ու ինչ-որ առումով իրարամերժ ազգային բնագծերի.

1. Մի կողմից, հատկապես Պետրոս Առաջինից հետո, ռուսների մոտ գնալով ավելի ու ավելի է արմատանում թերարժեքության բարդույթը Եվրոպայի հանդեպ։ Նրանք դարեր շարունակ ձգտում են լինել ու ճանաչվել Եվրոպական ընտանիքի լիարժեք ու իրավահավասար կողմ, ու դարեր շարունակ ռուսների քթին Եվրոպան ուժեղ կտցնում է։ Եվրոպական ազգերի ընտանիքում Ռուսաստանը միշտ եղել է ու կմնա վերցնովի երեխայի կարգավիճակում, քանի որ, լինելով Բյուզանդիայի շառավիղը, ռուսական քաղաքակրթությունը միշտ եղել է Արևմտյան մեծ քաղաքակրթության այլընտրանքային՝ ուղղափառ տարբերակը, որն աշխարհաքաղաքական տարբեր իրողությունների արդյունքում նաև մեծապես կրել է Ասիայի էլեմենտներ։

2. Մյուս կողմից, ռուսների մեծագույն ֆենոմենն իրենց էթնոհոգեբանության տիրույթում կայանում է նրանում, որ էս ազգը որքան ավելի վատ վիճակում ա լինում, էնքան ավելի ա մոբիլիզացնում իրա ներքին ու հատկապես մետաֆիզիկական ռեսուրսը ու էնքան ավելի ա «վելիկոդեռժավնի» չկոտրված երիտասարդ ազգին հարիր ազգային վարքագիծ դրսևորում։ Վերցրեք Հյուսիսային պատերազմները, Նապոլեոնյան պատերազմները, Քաղաքացիական պատերազմը, Հայրենական պատերազմը... Կարելի է նկատել մեկ օրինաչափություն. որքան ավելի վատ վիճակում է եղել Ռուսաստանը, այնքան ավելի թռիչքային ցատկ է կատարել էս ազգն այդ ճահճից։

Ընդհանրապես, վերոնշյալ երկու ֆենոմենները հիանալի բնութագրող մի հատ ֆանտաստիկ պատմական օրինակ կա Ղրիմյան Պատերազմից.

Երբ Անգլո-ֆրանսիական դեսանտն ափ է իջնում, մարտ է սկսվում ռուսական զորախմբի հետ, ու կարճատև բախումներից հետո ռուսական զորքը սկսում է փախչել։ Ոգևորված հաջողությունից՝ ֆրանսիացի գեներալը որոշում է գեղեցիկ ժեստով վերջակետ դնել այդ ճակատամարտում ու փախչողներին հետապնդելու համար մարտի է նետում Հյուսիսային Աֆրիկայի ֆրանսիական գաղութներից բերված թեթև հեծելազորը, որը բաղկացած էր այնտեղի արաբական բնակչությունից՝ իրենց ազգային հանդերձանքով ու զինատեսակներով։ Նահանջող ռուսներից մեկը, տեսնելով իրենց հետապնդողներին, բացականչում է. «Братцы, так это же турки»...
Ու ի՞նչ եք կարծում, ի՞նչ է լինում... Փախչող ռուսական զորքը կտրուկ շրջվում է ու սկզբում շանսատակ է անում հետապնդող գաղութային հեծելազորին, հետո նրանց «ուսերի» վրա հասնում է դաշնակիցների հիմնական ուժերին ու անդազան է անում նաև դեսանտի հիմնական ուժերը։ Այսինքն, բավական էր, որ ռուսի քթին տար «սուպերուլտրազարգացած» եվրոպացին, նրանք սկսում էին նահանջել, բայց նույնիսկ կոլապսի ենթարկված մարտակարգերը վերականգնելու ու ճակատամարտը հաղթանակով պսակելու համար բավական էր, որպեսզի նախ ռուսի մոտ օրակարգից դուրս գար իրեն բարդույթավորող կետը, իսկ հետո մի բան էլ զորքը սկսեր հասկանար, որ իր դիմաց ոչ թե ինչ-որ գերարարածներ են, այլ նույն էն հակառակորդը, ում իրենք ջարդել են մի հազար անգամ ու վերջ, էլ դեմներն առնել չկա։

Հիմա աշխարհաքաղաքական մեծ խաղի մյուս բևեռի՝ «Արևմուտքի» մասին։ Սխալ է բոլորին նույն մկրատով թրաշելը, որովհետև անկախ ամեն ինչից՝ գերմանացին նույնը չի, ինչ ֆրանսիացին, իսկ ֆրանսիացին առավել ևս նույնը չի, ինչ անգլոսաքսը, բայց այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ ողջ Արևմուտքը կոնսոլիդացվել է անգլոսաքսոնական երկբևեռ նեոկայսրության շուրջ, ու խաղի կանոնները թելադրում են հենց անգլոսաքսերը, ինչն ավելի օրակարգային է դարձնում հենց նրանց էթնոհոգեբանական առանձնահատկությունը։

Գիտե՞ք՝ ինչով է տարբերվում անգլոսաքսոնական սուբքաղաքակրթության «կոդը» ցանկացած այլ կայսրություններ հիմնած քաղաքակրթություններից։ Թերևս ֆունդամենտալ տարբերությունը միակն է, բայց այն իրոք բացառիկ է. պատմության ընթացքում շատ կայսրություններ են եղել, և երբ ծագել են օբյեկտիվ պատճառներ, որոնք վտանգել են այդ կայրսությունների դոմինանտ դերը, կայսրությունները հարմարվել են այդ օբյեկտիվ հանգամանքներին, իսկ անգլոսաքսերը երբեք չեն հարմարվել, այլ գործել են միակ սցենարով. ոչնչացրել են այդ օբյեկտիվ հանգամանքները։

Դա եղավ Նապոլեոնի օրոք, երբ նրանց գերիշխանությանը ձեռնոց նետեց ֆրանսիական կայսրությունը։ Դա եղավ 20-րդ դարի սկզբին ու կեսին, երբ նրանց գերիշխանությանը ձեռնոց նետեց Գերմանիան, դա եղավ հետպատերազմական աշխարհում, երբ հիմնական օբյեկտիվ խոչընդոտը՝ հեգեմոն լինելու, մնացել էր ԽՍՀՄ-ը։

Հիմա մենք տեսնում ենք 4-րդ նման աշխարհաքաղաքական դրվագը, երբ անգլոսաքսերն ուզում են չեզոքացնել իրենց հեգեմոնիային սպառնալիք (հիմա արդեն բացառապես ռազմական ու դեռևս հիպոթետիկ) ներկայացնող Ռուսաստանին, իսկ հեռանկարում նրանք իրենց հիմնական հակառակորդ տեսնում են Չինաստանին, բայց մինչև Ռուսաստանից չպրծնեն, Չինաստանի հախից չեն կարող գալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել