Նալբանդյանը վերահաստատել է ՀՀ-ի պատրաստակամությունը ՝ խորացնելու ԵՄ հետ համագործակցությունը Panorama.am-ը գրում է․

Լյուբլյանա ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ, արտգործնախարար Կարլ Էրյավեցի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գերազանց, բարեկամական է գնահատել հայ-սլովենական հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ Էդվարդ Նալբանդյանի այցելությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է խորացնել տարբեր ոլորտներում փոխգործակցությունը Սլովենիայի հետ, և դա է իր այցի հիմնական ուղերձը։

Բանակցությունների ընթացքում նախարարները անդրադարձել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի։

Էդվարդ Նալբանդյանն ու Կարլ Էրյավեցը պայմանավորվել են հավելյալ ջանքեր գործադրել՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով:

Զրուցակիցները, կարևորելով միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, համաձայնել են երկու երկրների խորհրդարաններին առաջարկել ձևավորել պատգամավորական բարեկամության խմբեր:

Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում եղել է  նաև մշակութային փոխանակումների ակտիվացումը, գիտակրթական ոլորտում համագործակցության աշխուժացումը և ապակենտրոնացված փոխգործակցության ձևավորումը։

Նախարարները անդրադարձել են Հայաստան - ԵՄ համագործակցությանը: Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ հիմնվելով ԵՄ հետ վերջին տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումների վրա՝ խորացնելու ԵՄ հետ համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով՝ հաշվի առնելով Հայաստանի պարտավորությունները այլ միջազգային, ինտեգրացիոն ձևաչափերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել