Tert.am-ը գրում է․
«Բարգավաճ Հայաստանի» մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Վահան Բաբայանն անձամբ տեղեկություն չունի, որ կոնկրետ Գագիկ Ծառուկյանի կողմից է պահանջվում ԲՀԿ-ի համար գնված գույքը, որը, ինչպես հայտնի է, գնվել է Ծառուկյանի միջոցներով:
Այս մասին Tert.am-ին ասաց Վահան Բաբայանը, ի պատասխան հարցի, թե այսինքն` Գագիկ Ծառուկյանը չի պահանջում գույքը: «Նման տեղեկություն չունեմ, բայց եթե որոշ խնդիրներ առաջացել են որոշ տեղերում, դա տեղային նշանակություն ունի` լոկալ խնդիրներ են, և դրա համար պետք չէ սևեռվել, որովհետև Դուք գիտեք` մենք կենտրոնական գրասենյակից տեղափոխվել ենք, այն պատկանում էր պարոն Ծառուկյանին, և բնականաբար, այնտեղից մենք որևէ գույք չէինք կարող վերցնել, որովհետև դա իր սեփականություն էր, ո չ կուսակցության»:
Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը տեղեկացրել էր, որ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ շտաբներից այժմ պահանջում է վերադարձնել իր միջոցներով ձեռք բերված գույքը:
Ամեն դեպքում, երբ հարցը դրվեց, որ տեղեկություն ունի՝ Գագիկ Ծառուկյանը կուսակցության նորընտիր ղեկավարությունից չի պահանջել գույքը, ասաց, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել տեղեկությունը:
Վահան Բաբայանը նաև հավելեց, որ պետք չէ զարմանալ. «Եթե պարոն Ծառուկյանը դուրս է եկել քաղաքականությունից և չի մասնակցելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությանը, բնականաբար, կարող են լինել նաև նման դեպքեր: Բայց ես անձամբ նման տեղեկություն չունեմ, որ կոնկրետ ինչ-որ գույք պահանջվի»։



