Հայ Դասականներից հեռացել ենք մի տեսակ... Արդի «տափակությունն» էլ չի հագեցնում անշուշտ... Գարնան քամին էլ բարձրաձայն շփվում է մեզ հետ, բայց դե... առօրյան խեղդում է, ու Քամին անլսելի է դառնում... 
Ավետիք Իսահակյանի կախարդական գրչի մեջ Կյանք կա, Երաժշտություն և անսահման Սեր կա, Ալեքպոլի( Գյումրվա) շունչը կա... 
Նրա հոգու խորությունն ու ադամանդի պես հղկված Գրիչը... 
Հ.Գ. Պետք է ընթերցելու, վերընթերցելու և վերարժևորման տարի հայտարարել...։)

.......___-Բայց ես քեզ սիրում եմ բոլոր ծովերի ուժով և խորքով,- հառաչեց քամին....
ՍԻՐԱՀԱՐ ՔԱՄԻՆ

____Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբիական բարձունքներից վար սահելով անցավ փարավոնների բուրգերի վես ճակատների վրայով, իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ փռվեց հևիհև.
____-Իմ հրաշագեղ, իմ աննման թագուհի, ես քեզ սիրում եմ. ես` աշխարհի անսանձ և ըմբոստ ոգին, ահա նազելի ոտներիդ տակ մարում եմ... Երբ հորիզոնից հորիզոններ էի անցնում, սրբազան Նեղոսի մեջ տեսա չքնաղ պատկերդ, տեսա և սիրեցի... Բա՛ց նվիրական գիրկդ ինձ համար...
____Եվ արմավենին արհամարհելով լուռ էր:
____-Մի՞թե գութ չունիս, դո՛ւ, որ այդպես քնքուշ ես և գեղեցիկ, մի՞թե կթողնես մեռնիմ շեմքիդ առջև...
____Հեծծեց քամին և մեղմով գրկեց նրա նուրբ իրանը և ուզեց համբուրել, բայց արմավենին զայրացած հրեց նրան և ասաց.
____-Ի՞նչ ես ձանձրացնում ինձ, անպատկա՛ռ քամի, դու ո՞վ ես, որ քեզ սիրեմ. իմ սերը քեզ համար չէ. գնա՛, կորիր դո՛ւ, անտուն, անհայր, թափառական... Ես, որ արքայական պարտեզների երազն եմ, ինչպե՛ս կարող եմ մի մոլորաշրջիկի իմ սերը տալ...
____-Բայց ես քեզ սիրում եմ բոլոր ծովերի ուժով և խորքով,- հառաչեց քամին:
____-Դու ո՞վ ես որ, մի՞թե այն չես, որ գիշեր-ցերեկ վայում ես ավերակների մեջ և ամայի ուղիների վրա ունայն դեգերում. ամեն դուռ փակ է քո առջև. դու նախանձից տների ճրագներն ես մարում, որովհետև տուն չունիս, թավշյա տերևներն ես փոշոտում ու վանում ցանուցիր, որովհետև չար ես ու խանդոտ, մերկ ես ու աղքատ, գնա՛, հեռացիր ինձնից...
____-Ի՛մ թագուհի, մի՞թե ինձ չես ճանաչում,-ասաց քամին,- ես աշխարհի հզոր, անհաղթ ոգին եմ. ես նա՛ եմ, որ շառաչելով Հիմալայան երկնասույզ ժայռերի վրա, մի թափով թռչում եմ` քերելով պարթևական Դեմավենտի ճակատը պողպատյա և մրրկվելով Արարատյան գոհարակերտ գագաթին` հասնում եմ մինչև բարձունքները Ատլասի:
____Ես նա՛ եմ, որ ղողանջելով Քաշմիրի զմրուխտյա հովիտներում, սլանում եմ իրար խճճելու հսկայական Ամազոնի նախաստեղծ և անթափանց անտառները, ինչպես կույսը խաղում է իր դեղձան մազերի հետ:
____Ես նա՛ եմ, որ գալարելով ու ոլորելով հորձանուտ անդունդները Ատլանտիկի, մինչև հրեղեն աստղերն եմ թևակոխում. ես նա՛ եմ, որ անծայրածիր Սահարայում ավազի բարձրաբերձ լեռներ եմ շինում, նորից քանդելու համար. ես նա՛ եմ, որ քաղաքների նախամայր Մեմփիսը ավազի դեղին հեղեղների տակ ծածկեցի...
____-Ես սարսափում եմ քեզնից, դո՛ւ դաժան ես, դո՛ւ վայրագ ես,- դողդոջուն ասաց արմավենին...- Ես Նեղոսն եմ սիրում միմիայն. Նեղոսը քեզնից հզոր է, բայց և գթոտ. նա գիշերները ինձ մեղմանուշ օրոր է մրմնջում և նինջս հյուսում չքնաղ երազներով, որ բերում է հեռավոր աշխարհների մարմարեղեն լեռնագահերից... Գնա այստեղից,- աղաչեց արմավենին:
____-Բայց մի՛ վախենար, ի՛մ նազելիս, որովհետև երբ սիրում եմ, աշխարհի ամենահեզ, ամենաբարի ոգին եմ դառնում. մի՞թե դեռ ինձ չես ճանաչում. ես նա՛ եմ, որ իմ քնքուշ թևերի վրա դրախտի բուրմունքներն եմ տարածում աշխարհե-աշխարհ. ես նա՛ եմ, որ սրտահույզ քնարի նուրբ լարերն եմ թրթռացնում և նրա գեղգեղանքը հասցնում սիրատոչոր հոգիներին. ես նա՛ եմ, որ դալարագեղ անտառների անհուն լռությունն եմ օրորում, աղբյուրների մարգարիտների մեջ լալիս ու քրքջում... Ես նա՛ եմ, որ երկնասլաց արծիվների թևերն եմ շարժում և նումիդական առյուծների բաշերը հյուսում. ես նա՛ եմ, որ արշալույսից մինչև արշալույս մրահոն կույսերի գիշերագեղ մազերն եմ շոյում և աստղերի երազները բերում նրանց. և ես նա՛ եմ, իմ թագուհիս, որ մշտամրմունջ խոսում եմ արքայական Մեմնոնի արձանի հետ, և ես ահա՛ ոտներիդ տակ հիմա սեր եմ աղերսում: Գթա՛ ինձ, արձակիր շքեղ վարսերդ վրաս, ես հոգնած եմ ու տառապած, թո՛ղ համբուրեմ քեզ և երանության մեջ մոռանամ վշտերս ու խոնջենքս դարևոր և թափառումներս անկայան...
____-Ես քեզ չեմ սիրում, չե՛մ սիրում,- բարկացավ արմավենին,- ես քեզ ասացի, որ Նեղոսն եմ սիրում. նա հզո՛ր է և քնքո՛ւշ, սիրտը խորն է նրա և գթով լի. տե՛ս, ինչպե՛ս փայփայում է նա իմ դեմքը և միշտ պահում իր սրտի վրա. տե՛ս ի՛նչ գեղեցիկ է նա` վեհ և հանգիստ. երկնքի ադամանդյա աչքերը մինչև լույս նրան են նայում հիացած. արքայափայլ արևը նրա հայելու մեջն է փայլում-հուրհրում:
____Ես միա՛յն, միա՛յն նրան եմ սիրում. նրա ոսկեշուրթ ալիքները համբուրում են ինձ և զովացնում իմ կարոտակեզ հոգին. առավոտից մինչև առավոտ մրմնջում է նա ինձ պարիկների դյութական երգերը և պատմում միշտ հրաշալի հեքիաթներ:
____Ահա, կանչում է նա ինձ. իմ մազերի քաղցրաբույր ստվերը պիտի իջնի նրա այրված ճակատի վրա. միա՛յն և միա՛յն նրա համար են բողբոջում իմ սիրավառ համբույրները:
____Կորի՛ր, հեռացի՛ր, ո՛վ դու անտուն պարծենկոտ քամի:
____Այսպես ասաց արմավենին և վարսերը կախեց Նեղոսի վրա, որի ալիքները թռչում էին վեր, դեպի արմավենու սիրաբորբոք շրթունքները.
____-Դո՛ւ, որ ինձ չես սիրում և արհամարհում ես ինձ, հիմա տե՛ս, թե ո՜վ եմ ես. քո տերն եմ ես, ո՛վ դու անմիտ, գոռոզ արմավենի, քո տե՛րն եմ ես...
____Եվ մռնչաց քամին, գալարվեց, զայրացավ քամին, Նեղոսի անշարժ ջրերը վայրագ խանդով խառնեց-պղտորեց, դուրս թափեց ափերից. շառաչեցին ծառերն ու ծառատունկները բոլոր, և գետնին փռվեցին, և հողի սյուները ամպերի հետ խառնվեցին, դողաց, դողդողաց արմավենին, իսկ սիրահար քամին գրկեց նրան ամուր ու հզոր բազուկներով, պոկեց արմատից, սեղմեց իր զայրացած ու սիրատոչոր կրծքին և տարավ հեռո՜ւ, հետո՜ւ, դեպի անապատները այրվող, դեպի ծովերը շափյուղյա, դեպի լեռնագագաթները ձյունափառ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել