Tert.am-ը գրում է.
Նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանն ընդդիմադիր քաղաքական միավորման անհրաժեշտություն տեսնում է, բայց շեշտում է՝ քաղաքական միավորում կարող է լինել միայն քաղաքական ծրագրի շուրջ։ Ըստ նրա՝ պետք է շանս տալ նրանց, ովքեր քաղաքական դաշտում նախկինում պարտություն չեն կրել։
«Պետք չէ սկզբից միավորվել, հետո որոշել, թե ինչ են անելու։ Պետք է որոշել՝ ինչ են անում, նոր այդ ամենի շուրջ միավորվեն»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Ազատ Արշակյանը նշեց, որ հիմա այդ միավորման կարիքը չկա. «Այն առումով, որ վերջերս է տեղի ունեցել ԲՀԿ-ի «միջադեպը», դրա համար որոշ ժամանակ է պետք, որ նախ քաղաքական ծրագիրը ձևավորվի, որի մեջ մտնի նաև տնտեսական, սոցիալական, կյանքի վերբերող հարցեր և ապա արդեն նրանց միջից լիդեր հայտնվի, ասի՝ ես այս ծրագիրն ունեմ, ով կողմ է այդ ծրագրին, միացեք»։
Իսկ թե մինչև հերթական ընտրություններ միավորվելու հնարավորություն տեսնո՞ւմ է, Ազատ Արշակյանը նշեց, թե երկու տարին բավարար է միավորման համար։
«Կարծում եմ՝ հիմա ապրիլի 24-ը կանցնի ու ամառվա ընթացքում շատ հնարավոր է՝ և՛ լիդերը դուրս գա, և՛ քաղաքական ծրագիրը, և այս դեպքում կարող է և՛ միավորում լինել, կարող է և՛ չլինել»,-ասաց նա։
Արշակյանը նկատեց, թե շատ կցանկանար, որ բազմիցս պարտված քաղաքական գործիչները մի քիչ հետ կանգնեն և գան մարդիկ, ովքեր ծանր պարտությունների դառնությունը չեն ապրել։
«Մենք չենք ուզում, որ այդ պարտվածները նորից գան. այնտեղ մարդիկ կան, որ 20 տարի է քաղաքական պայքարի մեջ են ու անընդհատ պարտվում են, դրանք նորի՞ց գան, այդ պարտվածնե՞րը, դրա համար եմ ասում, նրանք, ովքեր պարտություն չեն կրել, հենց նրանց պետք է շանս տանք»,-եզրափակեց նա։



