Tert.am-ը գրում է.

Մարտի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեի գլխավորած պատվիրակությունը` ուղեկցությամբ ՀՀ Կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանի: Հանդիպմանը ներկա է եղել Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։

Ողջունելով պատվիրակության այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունն է հայտնել Վրաստանում կրոնի հարցերով պետական գործակալության ստեղծման կապակցությամբ: 

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն ու տիար Զ. Վաշակմաձեն մասնավոր անդրադարձ են կատարել Վիրահայոց թեմին և Վրաց Ուղղափառ Եկեղեցուն հուզող հարցերին և խնդիրներին: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը ողջունել է Վիրահայոց թեմի հետ ձևավորված գործակցությունը՝ հույս հայտնելով, որ նորաստեղծ գործակալության և եկեղեցական կառույցների համատեղ աշխատանքի շնորհիվ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն համահունչ բարվոք լուծման կառաջնորդվեն առկա բոլոր խնդիրները:

Հանդիպմանը խոսվել է նաև Վրաստանում վերջին տասնամյակներին փլուզված հայկական եկեղեցիների վերականգնման ուղղությամբ պատկան կառույցների ձեռնարկած աշխատանքների ընթացքի, ինչպես նաև հայ համայնքի հոգևոր կարիքների բավարարման համար Վիրահայոց թեմին անհրաժեշտ հայոց պատմական սրբավայրերի վերադարձման հարցի մասին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույնն ու բարեմաղթանքներն է փոխանցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել