Դերասաններ Արփինե Իսրայելյանի, Արամ Մանուկյանի, Մերի Մակարյանի, Ալինա Մարտիրոսյանի, Անի Քոչարյանի, Կարեն Ասլանյանի մասնակցությամբ նոր՝ «Լույսի պահապանը» հեռուստասերիալն այսօրվանից կլինի ATV հեռուստաընկերության եթերում։

Երկուշաբթիից ուրբաթ ժամը 19։10 հասարակությունը հնարավորություն կունենա հետևելու նոր պատմության, որի սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանը BlogNews.am-ի հետ զրույցում ասաց, որ պատմության հերոսուհին աղջիկ է, ով ունի շատ դժվարություններ։ Նրան մարմնավորում է դերասանուհի Արփինե Իսրայելանը։ «Նա պետք է կյանքի որոշակի ուղի անցնի։ Այս ամենին որպես նորություն փորձել ենք միստիկա հաղորդել։ Կարծես թե, մեր եթերում նման բան չի եղել։ Գուցե ոմանք  դա սնահավատություն համարեն, սակայն առաջ անցնելով, ուզում եմ ասել, որ սերիալում ընդանրապես չի պրոպագանդվում սնահավատութունը։ Մոտ մեկ ամիս անց հստակ երևում է, թե այդ ամենն ուր է տանում, որ դա սնահավատություն չէ»,- շեշտեց Անահիտը։


Սցենարիստը նշեց, որ ցանկացած, այդ թվում՝ այս պատմության հիմքում մարդկային հարաբերություններն են. «Պետք է որ հետաքրքիր լինի»։ Ինչ վերաբերում է սերիալների միօրինակությանը՝ նա ասաց, որ եթե սցենարիստը գրում է 20, 50 կամ 60 սերիա, միօրինակ չի լինի։ «Հնարավոր է՝ մի օր այս մեխանիզմը փոխվի, սակայն պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում սերիալների պատմությունը երկար չէ։ «Լույսի պահապանը» սերիալը դեռևս չի ունենա միօրինակություն։ Սյուժեն զարգանում է հետաքրքիր ու արագ։ Իհարկե, արագությունը սերիալի թույլատրելի սահմաններում է,- ասաց Անահիտն ու հավելեց, որ մեծ ուշադրություն է դարձրել նաև խոսքին։ -Փորձել եմ պահել գեղեցիկ խոսքը՝ երևանյան խոսելաոճը, որը գռեհիկ չէ, միաժամանակ՝ գրքային ու դժվարամատչելի չէ։ Ընտրել եմ ոսկե միջինը։ Գուցե բացասական կերպարները ժամանակ առ ժամանակ գռեհիկ արտահայտչաձև ունենան, սակայն եթե ես ունեմ բացասական հերոսներ, բացասական խոսելաոճ կամ արարք, դա չեմ պրոպագանդում։ Ընդհակառակը՝ ցույց եմ տալիս դրա հակաուժը»։

Անահիտը շեշտեց, որ համաձայն չէ այն մտքի հետ, թե սերիալները փչացնում են մարդկանց կամ սերունդներին։ Նա նկատեց, որ այն ընտանիքների երեխաները, ովքեր տարին գոնե 3 գիրք են կարդում, հաստատ չեն փչանա սերիալներից, քանի որ սերիալը ժամանցի մի մաս է և օրվա մեջ ընդամենը 40 րոպե է տևում։

Հեռուստանովելի գլխավոր դերակատար Արփինե Իսրայելյանն էլ ասաց, որ իր նոր հերոսուհին նման է մարմնավորած մյուս կերպարներին՝ իր դրական ու բացասական կողմերով, սակայն պատմությունն այլ է։ Ըստ նրա՝ այս հերոսուհին բավականին ուժեղ կերպար է։ «Փորձը ցույց է տալիս, որ հեռուստադիտողների արձագանքները շատ անկանխատեսելի են լինում, դրա համար չեմ կարող ասել, թե այն ինչպես կընդունվի լսարանի կողմից»,- ասաց դերասանուհին՝ հավելելով, որ սերիալները վերցված են կյանքից, և դրանց թեման հենց մարդկային հարաբերություններն են, կյանքի մատուցած անակնկալները, որոնք հերոսը կարողանում է հաղթահարել։

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել