Վերջին ներքաղաքական սրընթաց զարգացումների արդյունքում եռյակն ուղղակի փլուզվեց: Հետաքրքիր է, եթե առաջ ընդդիմադիր դաշտում մի կողմից գործում էր եռյակը` որպես հիմնական ընդդիմադիր ձևաչափ, իսկ մյուս կողմից առկա էին մի շարք մարգինալ ուժեր, ապա ներկայիս զարգացումների արդյունքում եռյակի ուժերը` «Ժառանգությունը», ՀԱԿ-ը և մասնավորապես ԲՀԿ-ն, ևս մարգինալացվում են:

ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալուց հետո ԲՀԿ-ն ամեն օր լքում են կուսակցության բազմաթիվ անդամներ: Գնալով ԲՀԿ-ում ստեղծված ճգնաժամն ավելի է խորանում, կուսակցությունը գլորվում է դեպի մարգինալների շարքը` անորոշություն ստեղծելով այլ քաղաքական ուժերի` հատկապես ՀԱԿ-ի հետ համագործակցության հեռանկարի շուրջ:

Խնդիրը նրանում է, որ կարճաժամկետ հեռանկարում այլ ուժերի կողմից համագործակցությունը ԲՀԿ-ի հետ կարող է ազդել նաև այդ ուժերի վրա, քանի որ ԲՀԿ-ի նկատմամբ առաջացել է քաղաքական վստահության դիֆիցիտ, իսկ համագործակցությունը ԲՀԿ-ի հետ ժողովրդի կողմից վստահության նվազման է բերելու նաև համագործակցող քաղաքական միավորի համար: Այսինքն` մարդկանց կողմից լուրջ չի ընկալվի այն ուժը, որը համագործակցում է այսպիսի վիճակում գտնվող ԲՀԿ-ի հետ:

Այնպես որ, ընդդիմադիր հարթակում քաղաքական նոր կոնյուկտուրայի ձևավորումը երկարաժամկետ հեռանկարի հարց է: Ընդդիմադիր ուժերը դեռևս չեն մարսել տեղի ունեցածը, իսկ հետևանքները հաղթահարելու և ոտքի կանգնելու համար ժամանակ է անհրաժեշտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել