Խոստումս կատարեցի.
Նախորդ ուրբաթ՝ մարտի 06-ին, շրջանառության մեջ եմ դրել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում եմ ընդունել օրենքի անցումային դրույթների նոր խմբագրություն՝ հնարավորություն տալով երկարաձգել մարզային հեռուստաընկերությունների անալոգային լիցենզիաների գործողության ժամկետը 2 տարով (գործող խմբագրոթյան համաձայն՝ այդ լիցենզիաների գործողության ժամկետն ավարտվում է ընթացիկ տարվա հուլիսին):
Ինչպես մի քանի անգամ նշել եմ այս խնդիրը քննարկելիս, այդ հեռուստաընկերությունները տարիներ շարունակ աշխատել են ու ձևավորել կայուն լսարան: Միանգամից մոտ 14 հեռուստաընկերությունների փակմամբ առնվազն մի քանի հարյուր հոգի կհայտնվեն գործազուրկի կարգավիճակում: Հաշվի առնելով այն, որ այդ անձիք մասնագիտացած են տվյալ ոլորտում, իսկ մարզերում այլևս համապատասխան աշխատանք գտնելը գրեթե անհնարին է լինելու, ապա ակնհայտ է, որ նրանք, չգտնելով գոնե մասնագիտությանն ու մասնագիտացմանը համապատասխան աշխատանք, բռնելու են արտագաղթի ճանապարհը: Ավելին, եթե գործող խմբագրության համաձայն յուրաքանչյուր մարզում գործի միայն 1 հեռուստաընկերություն, ապա փաստորեն իսպառ վերանալու է մրցակցությունը, որը ոլորտի զարգացման շարժիչ ուժն է: Նույն կերպ տուժելու է եթերի բազմազանությունը:
Այսպիսով, ընդամենը 5 ամիս անց մարզերում հեռարձակվող հեռուստաալիքների թիվը միանգամից կտրուկ կնվազի, այն դեպքում, երբ մարզերում աղքատությունն անհամեմատ ավելի է իրեն զգացնել տալիս, ու մարզերի բնակչության մի ստվար զանգված ֆինանսական անգամ ամենասուղ հնարավորությունը չունի օգտվելու հեռուստատեսությանն այլընտրանք համարվող ինտերնետից՝ որպես տեղեկատվության աղբյուր և ժամանցի կազմակերպման միջոց:
Նախագծի ընդունմամբ անալոգային լիցենզիաների գործողության ժամկետը կերկարաձգվի մինչև 2017թ. հուլիսը և ընթացքում քննարկումների արդյունքում հնարավոր կլինի գտնել խնդրի լուծման առավել ընդունելի տարբերակ: