Միամսյակի տրամաբանությամբ
Թեև տարեցտարի իգական սեռի ներգրավվածությունը հասարակական-քաղաքական մթնոլորտում մեծանում է, բայց իրականում շատ հաճախ այն կրում է ձևական բնույթ, քանզի կանայք ոչ թե արդյունավետության արդյունքում ինտեգրվում են, այլև տղամարդիկ գենդերային հավասարության կոնտեքստում «տեղ են» տալիս գեղեցիկ սեռին: Ապագայում իրավիճակը կփոխվի. վերջին տարիներին գեղեցիկ սեռի նոր սերունդը ստանում է որակյալ կրթություն նաև համաշխարհային առաջատար բուհերում, մյուս կողմից համացանցն իրական հավասարության նշան է դնում սեռերի ակտիվության և ճանաչելիության միջև, ինչի արդյունքում կանանց դերն ու ինտեգրումը և ավելի կմեծանա, և նրանք, ունենալով կրթական և ինտելեկտուալ առավել բարձր ցենզ, կոնկրետ պատասխանատվություն վերցնելու հայտ կներկայացնեն: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կանայք վատ կառավարիչներ չեն ամենատարբեր բնագավառներում, իսկ եթե հաշվի առնենք, որ հայ կինն ունի նաև բարձր պատասխանատվության զգացում, կարելի է գեղեցիկ սեռին ավելի առարկայական և պատասխանատու դերակատարումներ վստահել: Առաջիկայում Հայաստանում ևս կանայք կդառնան մրցունակ, և նրանց հասարակական դերակատարումը կմեծանա: Այստեղ կա մեկ կարևոր դիտարկում. շատ կարևոր է, որ հաջողության հասնեն բարոյական նկարագիր ունեցող, ինչ-որ առումով հայ կնոջ կերպարը պահպանող կանայք, որպեսզի հաջողակ և կայացած կնոջ կերպար գալիք սերունդների մոտ ձևավորվի ոչ թե անբարոյական, ամեն գնով բարձրությունների ձգտող այս կամ այն հարուստի կամ պաշտոնյայի սիրուհի համարվող կինը, այլև որակյալ կրթություն, բարոյական նկարագիր և արժեհամակարգ ունեցող կինը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել