Սերիալային դերասանուհի Աննա Մովսեսյանը, ով հասարակությանը հայտնի դարձավ «Քույրը» հեռուստասերիալից հետո, նշել է դստեր՝ Սոֆիայի քառասունքից դուրս գալու արարողությունը։ Նորաթուխ մայրիկը BlogNews.am-ի հետ զրույցում ասաց, որ այն նշել են իսպանաբնակ ընկերների ու նրանց փոքրիկների հետ։

«Համատեղեցինք աղջկաս քառասունքից դուրս գալու արարողությունն ու Մարտի 8-ը։) Չնայած Սոֆիաս դեռ ոչինչ չի հասկանում՝ տորթիկով, քաղցրավենիքներով, փուչիկներով գեղեցիկ զարդարել էի սեղանը։ Կմեծանա, նկարները կտեսնի:)»,-նշեց Աննան։
Սերիալային դերասանուհու փոխանցմամբ՝ դստեր համար խիստ քառասունք չի պահել։ «Այս ընթացքում նրան տարել եմ զբոսանքի, քանի որ կարծում եմ՝ 40 օր երեխային տանը պահելը ճիշտ չէ։ Նրան մաքուր օդ է հարկավոր»,- նկատեց մայրիկը, ում երեխայի խնամքի հարցում օգնում են ամուսինն ու սկեսուրը։ «Ինքնուրույն շատ դժվար է պահել երեխային։ Երբ նա լացում է, ու չես հասկանում, թե դա ինչից է, խուճապի ես մատնվում։ Դրա համար շատ շնորհակալ եմ ամուսնուս և սկեսուրիս, որ կողքիս են և շատ հարցերում օգնում են ինձ»,- ասաց Աննան։

Դերասանուհին նշեց, որ սովորում է երեխային խնամելու նրբությունները։ Նա ոգևորված էր այն հանգամանքով, որ երեկ առաջին անգամ ինքնուրույն է լողացրել դստերը։ «Շատ դժվար էր, վախենում էի նրան գցել, բայց հուսով եմ՝ կսովորեմ, որովհետև այդ գործընթացը շատ հաճելի է»,- ասաց Աննան ու հավելեց, որ Սոֆիան փոխել է իր ապրելաձևը։ «Ամբողջ օրը վազքի մեջ եմ անցկացնում և չեմ նկատում՝ ինչպես մթնեց։ Ասում են՝ երեխայի ամենաքացր շրջանն է, պետք է վայելել, ես էլ վայելում եմ։) Այս ընթացքում հասկացել եմ, թե ինչքան դժվար է մայր լինելը, ինչպիսի պատասխանաատվություն, միաժամանակ՝ որքան հաճելի զգացողություն է։ Ինչքան էլ վատ տրամադրություն ունենամ, փոքրիկիս գրկելով՝ ամեն բանի մասին մոռանում եմ։ Աղջկաս մի հայացքը բավական է, որ մոռանամ անքուն գիշերվա մասին»,- շեշտեց Աննան։







