Doctors.am-ը գրում է․
Ուշացած կամ դժվար արտաբերվող խոսք, կակազություն, ոչ հստակ արտասանություն, առանձին հնչյունների արտասանության հետ կապված բարդություններ, այդ բոլոր թերությունները երեխաները բավականին հաճախ են ունենում։ Երբեմն դրանք կենսաբանական պատճառներ ունեն՝ քիմքի սխալ կառուցվածք, կաթվածահարության որոշ տեսակներ, բայց ավելի հաճախ բացատրվում են երեխայի հոգեվիճակով։ Խոսքի զարգացումը շատ բարդ գործընթաց է և կախված է մի շարք հոգեբանական պայմաններից։ Ամենից հաճախ դրանք այն հանգամանքներն են, որոնք երեխաներին դրդում են պահպանել իրենց մանկական սովորությունները։
Գոյություն ունեն հազարավոր իրադրություններ, երբ մանկամտությունն ուժեղանում է, երբ անհանգստությունն ու տագնապը տառապանք են պատճառում երեխաներին։ Եվ եթե երեխայի խոսքում առաջ եկած արտասանական թերությունները հենց այդ պատճառների հետևանք են, ապա ավելի հաճախ դա լոկ սկիզբն է մի ամբողջ շարք ավելի լուրջ նշանների, որոնք իրենց զգացնել կտան ավելի ուշ։
Մայքլ Ռ.–ն կակազել սկսեց 4,5 տարեկանից։ Նա շատ աշխույժ, շարժուն երեխա էր։ Բայց ավելի վաղ նրա մոտ ի հայտ եկավ նյարդային լարվածության երեք ախտանշան, ջղաձգվում էին դիմային մկանները, հաճախ ինչ-որ բան նրան տագնապ էր պատճառում, երևան էին գալիս ոչ կամածին ինչ-որ շարժումներ։ Տղայի ծնողները խիստ ու ձևամոլ մարդիկ էին և հատկապես խստորեն պատժում էին որդուն, երբ նա վիճում ու կռվում էր կրտսեր եղբոր հետ։ Վեճերի պատճառների մասին ամեն տեսակի բացատրություններ նրանք անհամոզիչ էին համարում և կասկածի տակ էին դնում։ Որոշ ժամանակ անց Մայքլը սկսեց կակազել։ Բառերը սկզբում արագորեն դուրս էին թռչում նրա բերանից, իսկ հետո նա կարծես 'լռվում մնում էր' որևէ վանկի վրա և, առանց շունչ առնելու, անվերջ կրկնում էր այն, ինչպես անում են կակազող կամ թերզարգացած երեխաները։
Հուզմունքը, տագնապը, սարսափը, զայրույթը՝ այս բոլոր հույզերն առաջին հերթին ազդում են խոսքի վրա, քանի որ սերտորեն կապված են շնչառական օրգանների հետ։ Եվ իսկապես, հենց որ մենք հուզվում ենք, մեր շնչառությունն արագանում է, շրթունքները, բերանն ու լեզուն չորանում են։ Այլ կերպ ասած՝ խոսքի մեխանիզմները ուղղակիորեն կապված են մեր զգացմունքների հետ։ Նույնը դիտվում է նաև երեխայի վարքում, նրա խոսքը խիստ դժվարանում է, ընդ որում՝ իր կամքից անկախ։ Որոշ դեպքերում այդ փոխադարձ կապը հատկապես արագ է ստեղծվում և հաստատվում, հենց այդ ժամանակ էլ առաջանում է կակազ։
Միանգամայն բնական է, որ երեխաները դժվարանում են «ս» տառն արտասանել, երբ նրանց կաթնատամներն ընկնում են։ Բայց ահա Քերոլ Թ.–ն շարունակում էր սվսվացնել մինչև դեռահասություն։ Նա կրտսեր դուստրն էր մի ընտանիքի, որտեղ մեծանում էին նաև չորս տղաներ, ընդ որում՝ ծնվել էր կրտսեր եղբոր լույս աշխարհ գալուց վեց տարի անց, բոլորի սիրելին էր, բոլորը նրան երես էին տալիս։ Ծնողները ոչ միայն հավանություն էին տալիս նրա մանկական վարքին, ավելին նրա հետ այնպես էին վարվում, կարծես կենդանի տիկնիկ լիներ։ Ընտանիքի անդամների ավելորդ սերը կասեցրեց նրա զարգացումը։ Դեռևս 15 տարեկանում նրա խոսքում զգացվում էին մանկականության հետքեր և կակազություն։ Քերոլը հաճախ էր նվնվում, լաց էր լինում, հիստերիկ վիճակների մեջ ընկնում և ընդհանրապես՝ նրա հոգեկան զարգացման մակարդակը շատ ավելի ցածր էր, քան իր տարիքի մյուս երեխաներինը։
Քիչ չի պատահում, որ երեխան սկսում է ուշացումով խոսել՝ շրջապատի հետ կապված պատահական հանգամանքների պատճառով։ Օրինակ, հարևանի երեխաները, որոնց հետ նա խաղում է, բառերն ավելի վատ են արտասանում, քան ինքը, և դա կարող է հանգեցնել արտասանության զարգացման մեծ դժվարությունների։
Օրինակ, չորս տարեկան մի փոքրիկ ապրում էր ուրիշ երեխաներից բացարձակապես մեկուսացած և ժամանակի մեծ մասն անցկացնում էր մոր հետ։ Մայրը բոլորովին ատամներ չուներ և չէր էլ մտածում արհեստական ատամներ դնելու մասին։ Դժվար էր հասկանալ, թե ինչ էր ասում մայրը, իսկ թե ինչ էր կրկնում երեխան՝ բացարձակապես անհնարին էր ըմբռնել։ Պատահում է նաև, որ փոքրիկի խոսքի զարգացման վրա ազդում է ավագ եղբայրը, որը, ընդհակառակը, այնքան հեշտ ու սահուն է խոսում, որ կրտսերը չի կարողանում ընդօրինակել նրան։
Կասկած չկա, որ այդ բոլոր հանգամանքները այս կամ այն կերպ կարելի է փոխել, ընդ որում՝ որքան արագ, այնքան լավ։ Նման իրադրության մեջ ավելի հեշտ է կանխել հիվանդությունը, քան հետո պայքարել նրա դեմ։ Երբեմն կակազելու և մանկամտության դեպքում բժշկի միջամտություն է պետք, որն ի վիճակի է սովորեցնել երեխային, թե ինչպես պետք է ճիշտ շնչել ու արտասանել հնչյունները։ Բայց ամենից մեծ ուշադրություն պետք է դարձնել այն հոգեբանական պայմանների վրա, որոնք երեխայի մոտ արտասանության դժվարություններ են ստեղծում։ Մի խոսքով՝ խոսքի զարգացումը պետք է դիտել որպես անձի ընդհանուր զարգացման բաղկացուցիչ մասը։