Անցած շաբաթ աննկատ անցավ ռուսական եւ մասամբ նաեւ մեր պատմության կարեւոր մի օրացուցային տարելիցը` մարտի 5-ը: 1861 թ. մարտի 5-ին Ռուսական կայսրության տարածքում ցարական "ուկազով" վերացվել էր ճորտատիրությունը: Այսինքն, դեռեւս 154 տարի առաջ, ընդամենը երկու միջին մարդկային կյանք առաջ ռուսների ճնշող մեծամասնությունը ստրուկ էին, որոնց գնում, վաճառում էին, բռնաբարում ու սպանում` օրինական կերպով: Այդ մասին բավական շատ է գրված ռուս դասական գրականության մեջ` Ռադիշչեիւց ու Գերցենից մինչեւ Տուրգենեւ ու Դոստոեւսկի: Իմիջիայլոց, Հայատանում, որի արեւելյան մասն այդ պահին արդեն 33 տարի գտնվում էր ռուսական կայսրության կազմում, ճորտատիրություն չկար: Չկար այն նաեւ Վրաստանում, որը թագավորության կարգավիճակով էր մտել Ռուսաստանի կազմ: Չկար ստրկություն նաեւ Ուկրաինայի տարածքում, որի "մալոռոս" կոչվող բնակիչները գերադասում էին դառնալ "կազակ", այսինքն ստանձնում էին զինված սահմանապահ աշխարհազորի կարգավիճակ` ստրկությունից խուսափելու համար: Ի նշան սեփական ազատության, նրանք ցուցադրաբար պահում էին ճակատին երկար ու հատուկ խնամվող մազերի կույտը` "խոխոլ", որպեսզի տարբերվեն ռուսներից, ովքեր սափրում էին մազերի այդ մասը երկու պատճառով: Առաջինը` գյուղացի ռուս ճորտերին տերերը սիրում էին քաշքշել հենց մազերից (այդ սովորության մասին պահպանվել են ռուսական ասացվածքներ, օրինակ` "Баре дерутся - у холопов чубы трещат"): Երկրորդը` ռուս զինապարտներին, ի տարբերություն բանակ կամավոր գնացող ուկրաինացի կազակներին, վերցնում էին զոռով, 25 տարով, այսինքն ցմահ կտրելով նրանց ընտանիքից, գյուղից, աշխատանքից, եւ ընդունված էր ռուս զինվորներին սափրել բանտարկյալների պես: Հետեւաբար, ուկրաինացիք իրենց մազերով հպարտանում էին, իբրեւ ազատության խորհրդանիշով, ի տարբերություն ռուս ճորտերի: Ահա, իմիջիայլոց, որտեղից է առաջացել "խոխոլ" բառը, որն այսօր ռուսներն ու որոշ հայերն օգտագործում են որպես հայհոյանք, իսկ ուկրաինացիները` որպես պատվի նշան: Ինչեւե` ճորտատիրությունը Ռուսաստանում տարածվում էր մեծամասամբ հենց ռուս ազգի վրա ու թեեւ այն վերացնելու երազանքը ապրում էր ժողովրդի մեջ դարերով (հայտնի է, որ ռուս գյուղացիների մի պատվիրակություն դիմել էր 1812 թ. պատերազմի ժամանակ Նապոլեոնին` առաջարկելով հռչակել ճորտերին ազատ եւ խոստանալով նրան ահյդ դեպքում համաժողովրդական աջակցություն, սակայն ֆրանսիական կայսրը, ցավոք, չհավատաց դրան), եւ հենց այդ խնդրի շուրջ էր համախմբված 1825 թ. դեկտեմբերի 14-ի սպայական ապստամբությունը Սանկտ-Պետերբուրգում: Սակայն հիմնական դերը ռուսների փաստացի ազատագրման հարցում կատարեց ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող հայ գեներալ Լորիս-Մելիկովը, որը պատրաստել էր ստրոկության վերացման մասին կայսր Ալեքսանդր II ստորագրված հրամանագիրը: Հետաքրքիր է, որ որոշ տվյալներով դա տեղի էր ունեցել մարտի 1-ին, սակայն որպես պաշտոնական թիվ ընդունվեց հրապարակման օրը` մարտի 5-ը: Այս պատահականությունը արժե հիշատակել այն պատճառով, որ ուղիղ քսան տարի անց այդ նույն օրը, 1881 մարտի 1-ին Ալեքսանդր II սպանվեց ռուս հեղափոխական ահաբեկիչների ձեռքից:
Եւս մեկ մարդկային կյանք կամ 72 տարի անց, 1953 թվականի մարտի 5-ին Ռուսաստանը եւ նրան կցված ողջ "կոմունիստական ճամբարը" երկրորդ անգամ ազատագրվեց ճորտատիրությունից` այդ օրը հայտնի դարձավ Իոսիֆ Ստալինի մահվան մասին: Իրականում Ստալինը մահացավ մարտի 1-ին (ուշադրություն դարձրեք այս զուգադիպություններին), սակայն նրա հավատարիմ ճորտ "առաջնորդները" մի ամբողջ օր չեին համարձակվում մտնել սեփական մեզի մեջ հատակին ընկած ու դեռ շնչող բռնապետի սենյակը, եւ միայն չորս օր անց հայտնել էին այդ լուրը աշխարհին: 
Գարնան սկիզբը միշտ չէ որ վերացնում է ձմռան ցուրտը, հատկապես քաղաքականության մեջ: 2008 թվականի մարտի 1-ը հայկական նորագույն պատմության մեջ մնացել է կորցրած հաղթանակի, կորցրած հնարավորությունների, կորցրած գարնան խորհրդանիշ: Հայաստանում առ այսօր շարունակվում է ճորտատիրության ու բռնապետության ձմեռը: Այդ ձմռան հիմնական աղբյուրը` նոր կայսերական Ռուսաստանը շարունակեց նույն մռայլ ավանդույթը. եւս մի մարդկային կյանք, այս անգամ 62 տարի անց, Կրեմլի մատույցներում հենց գարնան նախօրեին սպանվեց ռուս ազատական շարժման առաջնորդը, ինչն ընդգծեց ռուսական քաղաքական ձմռան դաժանությունը: 
Մարտը Հուլիոս Կեսարի ժամանակներից` քաղաքական սպանությունների ամիս է: Թերեւս սպանությունների համար հարմար է ցանկացած օր, սակայն մարտը, պատերազմի աստված Մարսի անունը կրող ամիսն առավել նշանակալից է` բռնությամբ ամրապնդելով բռնությունը: Միակ մխիթարանքն է այն, որ բռնակալները մարդիկ են, իսկ մարդիկ, ի տարբերություն աստվածների` հարատեւ չեն...




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել