Սոս Ջանիբեկյանի, Սարգիս Գրիգորյանի, Էթերի Ոսկանյանի, Անժելա Սարգսյանի, Հարություն Մովսիսյանի, Սոֆի Դևոյանի, Արմուշի և այլ դերասանների մասնակցությամբ «Բախտաբեր» հեռուստասերիալը մարտի 9-ից կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 22։30-ին։

BlogNews.am-ի հետ զրույցում հեռուստասերիալի ռեժիսոր Վահե Սայանը կարծիք հայտնեց, որ առաջին մի քանի սերիաները համացանցում տեղադրելը չի ազդի վարկանիշի վրա, քանի որ հեռուստատեսության և ինտերնետի լսարանները տարբեր են։ «Դա մեծ անոնսի պես մի բան էր։ Միայն առաջին 7 սերիան է տեղադրվել համացանցում»,- նկատեց նա։

Ինչ վերաբերում է հարցին, որ չնայած նախապես շատ խոսվեց այս ֆիլմի տարբերվող լինելու մասին, առաջին մի քանի սերիաներից հետո արդեն կան կարծիքներ, որ այն առաջ  է գնում սովորական հայկական սերիալների մոտիներով, նա պատասխանեց, որ կարծիքները կարող են տարբեր լինել։ «Այսօր մեր հասարակությունը, հեռուստադիտողներն այնպիսին են, որ դու հանճարեղ մի բան էլ նկարես, ինչ-որ մեկը դուրս կգա և կասի, որ այն վատն էր»,- ասաց նա։ BlogNews.am-ի հարցին՝ սա հանճարե՞ղ ֆիլմ էր, նա արձագանքեց. «Ոչ, սովորական սերիալ է, որ տարբերվում է մյուսներից, քանի որ տեխնիկապես նոր մոտեցում ենք ցուցաբերել։ Նաև՝ շատ ավելի ուշադիր ենք՝ հաշվի առնելով մեր փորձը։ Առավելությունն այն է, որ մենք բավականին առաջ ենք և այսօր նկարահանելու, վաղը եթեր տալու խնդիր չունենք, կարողանում ենք ավելի մանրակրկիտ աշխատել»,- նկատեց ռեժիսորը։


Վահեն նշեց, որ սերիալը երկար է տևելու, այնքան, որքան կպահանջի սյուժեն։ «Նախնական տվյալներով այն կլինի 100-120 սերիա, հետագա ընթացքը ցույց կտա ժամանակը»։

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել