1in.am-ը գրում է․
Բանգլադեշի ընդդիմության զինյալները Սուլթանգանջ քաղաքում ուղևորատար ավտոբուս են հրկիզել: Այս մասին հայտնում է The Dhaka Tribune-ը:
Հարձակվողները տրանսպորտային միջոցի վրա դյուրավառ նյութով շշեր են նետել: Ոստիկանությունը հայտնում է 11 զոհի և 7 տուժածի մասին: Բժիշկների տեղեկացմամբ՝ 2 վիրավորները կրիտիկական վիճակում են:
Վերջին օրերի ընթացքում բողոքողներն այրել են ավելի քան 20 ավտոմեքենա՝ հիմնականում ուղևորատար ավտոբուսներ՝ այդպիսով փորձելով երկրի մայրաքաղաք Դաքայի տրանսպորտային շրջափակում իրականացնել:
Բանգլադեշում ընդդիմության ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ 2015թ. հունվարի 1-ին Բանգլադեշի Ազգայնական կուսակցության առաջնորդ և նախկին վարչապետ Խալեդա Զիան պահանջեց նոր համընդհանուր ընտրություններ անցկացնել՝ իր կողմնակիցներին կոչ անելով դուրս գալ փողոցներ:
Փետրվարի 25-ին դատարանը վճռել է կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալել Խալեդա Զիային: Նրան մեղադրում են բարեգործական նպատակներով հատկացված ավելի քան 600.000 դոլար ապօրինի յուրացնելու համար: Նրան ցմահ ազատազրկում է սպառնում: