«Չեմ ներգրավվելու կուսակցական, ներքաղաքական որևէ գործընթացում»168.am-ը գրում է․

Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ

-  Պարոն Հովհաննիսյան, Ձեզ համար անակնկա՞լ էր Գագիկ Ծառուկյանի` ակտիվ քաղաքականությունից դուրս գալու հայտարարությունը, որ նա արեց համագումարին:

–  Իհա՛րկե ոչ: Բայց դրա մասին, կարծում եմ, ճիշտ  էր խոսել միայն իր հրապարակային հայտարարությունից հետո: Համենայն դեպս, դա էր պահանջում մարդկային և քաղաքական էթիկան: Ես կուզեի, որ մենք հարգեինք Ծառուկյանի անձնական որոշումը, չփնտրեինք ենթատեքստեր: ԲՀԿ քաղաքական թիմն այս տարիների ընթացքում ուներ խնդիր, այդ թվում՝ դրված Ծառուկյանի կողմից, քաղաքական հարթությունում փորձել գտնել հարցերի լուծումները, իրականացնել գրագետ օրենսդրական, հասարակական գործունեություն և իր կշռադատված ծրագրային  քայլերով ու քաղաքական գործունեությամբ բարձրացնել կուսակցության և անձամբ Ծառուկյանի ժողովրդականությունն ու վարկանիշը: Մեր թիմը դա կատարեց պարզապես փայլուն` մնալով բացառապես քաղաքական քայլերի ու մարդկային պարկեշտության շրջանակներում: Բացառիկ մի բան կատարվեց Հայաստանում, որը շատերն են ֆիքսել. մեր թիմն ապացուցեց, որ կարելի է առանց թշնամանքի, առանց արյան ու վրեժի կոչերի, առանց նախորդներին ու ներկաներին վարկաբեկելու՝ մարդկանց տրամադրել սոցիալական, քաղաքացիական պայքարի` պարզապես լինելով նրանց կողքին, նրանց հետ  փնտրելով ու վեր հանելով սոցիալական իրական խնդիրները, գտնելով լուծման ուղիներ, գնալով կառուցողական բանավեճի ճանապարհով: Կարելի է անուն առ անուն թվարկել բոլորին, ովքեր այս տարիների ընթացքում կատարեցին թե՛ օրենսդրական մեծածավալ, գրագետ ու սրտացավ  աշխատանք, ինչպես, օրինակ, Միքայել Մելքումյանը, թե՛ իրավական, իրավապաշտպան կարևոր գործունեություն, ինչպես՝ Էլինար Վարդանյանը: Թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային ամենատարբեր կառույցներում Հայաստանի համար կարևորագույն աշխատանք կատարեց  Նաիրա Զոհրաբյանը, որն իրավամբ վաստակեց իր ժողովրդականությունն ու հանրային վստահությունը: Իրենց հավասարակշիռ ու պարկեշտ գործունեությամբ ուղղակի օրինակ ծառայեցին շատերի համար Ստեփան Մարգարյանը, Վարդան Օսկանյանը, Վահան Բաբայանը, Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ուրիխանյանը: Սկզբունքայնությամբ ու դժվար պահին թիկունք տալու, անկեղծ ու հաստատակամ հատկանիշներով առանձնացան Ռուբեն Գևորգյանը,Վահան Կարապետյանը, Հայկ Խաչատրյանը և այլք:  Շատ-շատերին  կարող եմ թվարկել: Եվ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ վարկանիշի գագաթնակետին Ծառուկյանը կարող է մեկ օրում որոշել հեռանալ քաղաքականությունից, ընդ որում` առանց պարտվելու: Այս պայմաններում մեզ իսկապես մնում է միայն ի գիտություն ընդունել, հարգել նրա անձնական որոշումը: Գագիկ Ծառուկյանը՝ որպես անհատ, մեծ վաստակ ունի մեր երկրի և մեր ժողովրդի հանդեպ. և, կարծում եմ՝ դեռ կունենա հսկայական անելիք` քաղաքականությունից դուրս այլ բնագավառներում:

- ԲՀԿ-ին հեշտ օրեր չեն սպասում, կկարողանա՞ արդյոք կուսակցության նորընտիր նախագահը կասեցնել անխուսափելի թվացող պառակտումը, կազմաքանդումը:

– Ինչպես գիտեք, ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ չեմ և կոռեկտ չեմ համարում  վերլուծություններ և կանխատեսումներ անել: Բայց ասեմ հետևյալը` Նաիրա Զոհրաբյանը տվյալ պահին ամենաբարձր ժողովրդականություն ունեցող ԲՀԿ-ականն է ու վայելում է թիմի մեծամասնության աջակցությունը: Այն, որ նրան դժվար ու ծանր աշխատանք է սպասում, ընդ որում` դժվար կանխատեսելի ելքով, կարծում եմ` պարզ է: Թերևս, այս պահին միայն նա կարող է արժանապատիվ ղեկավարել կուսակցությունը: Այն, որ ես իրեն ցանկացած պահի պատրաստ եմ օգնել, միանշանակ է, բայց` միայն որպես ընկեր ու  անկուսակցական պատգամավոր: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այնտեղ կան փայլուն մարդիկ,  իսկապես հայրենասեր ու կրթված անհատներ: Եվ շատ ափսոս կլինի, որ այդ մարդիկ դուրս մնան պրոցեսներից , գուցե նաև` պետական կառավարման համակարգից: ԲՀԿ-ն ինձ համար միշտ կմնա շատ հարազատ կառույց` գոնե այնքանով, որ ես այնտեղ ունեմ շատ ընկերներ ու հարազատ մարդիկ:

- Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր հետագա գործունեությունը:

– Ակնհայտ է, որ մենք առերեսվում ենք քաղաքական մտքի և քաղաքական պրոցեսների անապատացման փուլի հետ: Այս պայմաններում ես կայացրել եմ իմ անձնական որոշումը. կուսակցական, ներկուսակցական, միջկուսակցական, ներքաղաքական հարաբերություններում ես չկամ: Տեսանելի ապագայում ես չեմ ներգրավվելու ներքաղաքական որևէ ձևաչափում կամ գործընթացում: Ես սա ասում եմ ամենայն լրջությամբ ու անկեղծությամբ: Ես դուրս եմ եկել նաև ԵԽ ԽՎ  պատվիրակության կազմից` իմ տեղը զիջելով ԲՀԿ-ական իմ գործընկերներից մեկին: Ես կշարունակեմ իմ աշխատանքն ԱԺ-ում` փորձելով բացառապես օրենսդրական գործունեությամբ օգտակար լինել իմ երկրին: Եթե ԱԺ-ում աշխատանքային ծանրաբեռնվածությունը փոքր եղավ, չեմ բացառում, որ կզբաղվեմ օրենքով պատգամավորին թույլատրվող այլ գործունեությամբ նույնպես: Ի դեպ, ասեմ, որ Ծառուկյանի հետ մենք ունենք երկու պայմանավորվածություն` պահպանել մեր ջերմ, մարդկային հարաբերությունները և երբեք չխոսել քաղաքականությունից: Կարծում եմ` հարմար առիթի դեպքում նա նույնպես կհաստատի ասվածը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել