Ներկայացնում ենք թերթի առաջնորդողը մասնակի կրճատումներով.

«Հասկանալի է, որ մեր հասարակության գերակշռող մասը զինվորի հագուստով փոքրիկներին տեսնելիս մեծագույն հրճվանքի զգացում է ապրում, իսկ երբ այդ թոթովախոս մանկիկն «անօրեն թուրքին» ջարդելու, փրթելու մասին բանաստեղծություն է արտասանում, հպարտությունից սիրտներս ուռչում է, և գորովալից ժպիտը սառչում է դեմքներիս: Հասկանում եմ նաև, որ երկու տասնամյակից ավելի պատերազմի մեջ գտնվող, հարյուրամյակներ շարունակ կորուստներ ու պարտություններ կրած մեր ժողովուրդը, որն իր պատմության ընթացքում բազում անգամներ գրեթե հրաշքով է փրկվել ու գոյատևել, ինքնապաշտպանական բնազդ է մշակել իր մեջ: Եվ պետականության կայացման, բարեկեցության ու զարգացման բանաձևը համարում է հզոր բանակի և երիտասարդ սերնդի պայքարի կամքն ու հող հայրենին կրծքով պաշտպանելու ունակությունը:

Բայց բարդ, նորագույն տեխնոլոգիաների հարցում առաջադեմ երկրների միջև ծավալված դաժան մրցակցությանը դիմանալու համար մեզ այսօր հարկավոր է ոչ թե մեր մանկիկներին «կամուֆլյաժ» հագցնել, այլ նստեցնել ուսումնական նստարաններին, համակարգիչների առաջ, գիրք ու տետր տալ և ներշնչել, որ հաղթելու համար ոչ թե զենք է հարկավոր ձեռքն առնել, այլ՝ գրիչ։ Ոչ թե պետք է ձգտել նմանվել գեներալ Մանվելին ու Սեյրանին, այլ Անգելա Մերկելին, Բիլ Գեյթսին, Մարկ Ցուկերբերգին: Ոչ թե թշնամուն ֆիզիկապես ոչնչացնելն է լուծումը, այլ գիտելիքով ու գրագիտությամբ պարտության մատնելը: Դիվանագիտական հաղթանակներ տանելն ու սեփական ճշմարտացիությունը տեղ հասցնելը»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել