Իտալիայի հավաքականի հետ խաղում ավագի թևկապով իր խաղընկերներին խաղադաշտ դուրս բերեց Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս ֆուտբոլիստներից ամենափորձառուն ու ամենատարեցը` 38-ամյա Ռոման Բերեզովսկին, ով 74-րդ անգամ էր պաշտպանում մեր ընտրանու դարպասը: 
1996թ.-ից ՀՀ ազգային հավաքականում հանդես եկող փորձառու դարպասապահը ֆուտբոլային իր հարուստ կարիերայում 2-րդ անգամ կրեց ավագի թևկապը: Առաջին անգամ նա նման պատվի էր արժանացել 2005թ. մարտի 26-ին "Հանրապետական" մարզադաշտում Անդորրայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում, որում հայ ֆուտբոլիստները հաղթեցին 2:1 հաշվով: Որակազրկման պատճառով այդ հանդիպմանը չէր մասնակցում մեր հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը, ուստի ավագի պարտականությունները դրվել էին Բերեզովսկու վրա:

Հայաստանի հավաքականի անցկացրած 149 հանդիպումներում մինչ օրս 12 ֆուտբոլիստի է վստահվել ավագի թևկապը: Նրանցից մի քանիսը պարզապես փոխարինել են տվյալ խաղից բացակայող հավաքականի հիմնական ավագին, իսկ մյուսները տարբեր ժամանակահատվածներում հանդիսացել են ազգային հավաքականի ավագը:

Ազգային հավաքականի թևկապն առաջինը կրելու պատիվը տրվել է Երևանի "Արարատի" պաշտպան Վարդան Խաչատրյանին, ով մինչ Հայաստանի առաջնությունների անցկացումը թիմի կազմում մասնակցել էր ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնության հանդիպումներին: Հենց նա էլ 1992թ. հոկտեմբերի 14-ին Հայաստանի նորաստեղծ ազգային հավաքականի իր խաղընկերներին մոլդովացիների հետ մեր ընտրանու առաջին պաշտոնական խաղում "Հրազդանի" խաղադաշտ դուրս բերեց:
Հավաքականների մակարդակով իր 2-րդ հանդիպումը մեր ընտրանին անցկացրեց միայն 1,5 տարի անց` 1994թ. մայիսի 15-ին` հյուրընկալվելով ԱՄՆ-ի հավաքականին: Այդ խաղում հավաքականի ավագը Երևանի "Արարատի" մեկ այլ փորձառու ֆուտբոլիստ Արամայիս Տոնոյանն էր, ով թևկապը կրեց մինչև 1996թ. ներառյալ: Այդ ժամանակահատվածում որոշ խաղերում Տոնոյանի բացակայության ժամանակ ավագի պարտականությունները մեկական անգամ կատարել են Սարգիս Հովհաննիսյանը, Աշոտ Խաչատրյանը, Վարդան Խաչատրյանն ու Սարգիս Հովսեփյանը: Վերջինս առաջին անգամ ավագի թևկապը կրել է 1996թ. հունվարի 17-ին Մարոկկոյի հավաքականի հետ ընկերական մրցախաղում, որում մեր ֆուտբոլիստները պարտվել են 0:6 հաշվով:

Արամայիս Տոնոյանից հետո մինչև 2000թ. մրցաշրջանի սկիզբը հավաքականի ավագը հիմնականում Վարդան Խաչատրյանն էր: Նրա բացակայության ժամանակ թևկապը 6 խաղում կրել է Սարգիս Հովսեփյանը, 5 անգամ ավագի պարտականությունները դրվել են Երվանդ Սուքիասյանի վրա, 2 անգամ էլ խաղընկերներին խաղադաշտ է դուրս բերել Հարություն Վարդանյանը:
Հավաքականում Վարդան Խաչատրյանի ելույթներն ավարտելուց հետո ավագի թևկապը կրել է Երվանդ Սուքիասյանը, իսկ նրանից հետո 2001թ. մրցաշրջանի ավարտին հավաքականի ավագ է ընտրվել Հարություն Վարդանյանը: "Շիրակի" փորձառու պաշտպանն իր պարտականությունները կատարել է մինչև հավաքականում իր վերջին հանդիպումը` 2004թ. նոյեմբերի 17-ին Երևանում ռումինացիների հետ կայացած ընտրական մրցախաղը ներառյալ: Այդ ընթացքում նրա բացակայության ժամանակ 5 հանդիպումներում ավագի թևկապը կրել է Սարգիս Հովսեփյանը, մեկ անգամ էլ Արթուր Մկրտչյանը:

2005թ. մրցաշրջանի սկզբում Սարգիս Հովսեփյանը պաշտոնապես ընտրվեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու մինչև կարիերայի ավարտը հստակ կատարեց ավագի պարտականությունները: Որոշ հանդիպումներում նրա բացակայության ժամանակ մեկական անգամ ավագի թևկապը կրել են Ռոմիկ Խաչատրյանն ու Ռոման Բերեզովսկին, իսկ 2008թ. Մալթայում կայացած մրցաշարի 3 հանդիպումներում ավագի պարտականությունները կատարել է Կարեն Դոխոյանը: Իսկ այս տարվա փետրվարին սերբերի հետ անցկացրած ընկերական մրցախաղում, որում Հայաստանի հավաքականը հիմնականում հանդես եկավ երիտասարդական կազմով, ավագը Ռոբերտ Արզումանյանն էր:
Սարգիս Հովսեփյանը բոլորից երկար` 73 խաղում է կրել հավաքականի ավագի թևկապը, որից 30-ում`անընդմեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել