1in.am-ը գրում է․
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա շրջապատի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ԵՄ Խորհրդի մամլո ծառայությանը:
«Խորհուրդը երկարաձգել է սահմանափակող միջոցները, որոնք ուղղված են ակտիվների սառեցմանը և ապօրինաբար յուրացված ուկրաինական պետական միջոցների վերադարձին»,- ասվում է Խորհրդի հայտարարության մեջ:
Միաժամանակ, փաստաթղթում նշվում է, որ Խորհուրդը «ճշգրտել է» այն անձանց ցուցակը, որոնց դեմ պատժամիջոցները երկարաձգվում են: «Միջոցները ներառում են այն անձանց ակտիվների սառեցում, որոնց դեմ հետաքննություն է տարվում Ուկրաինայի պետական միջոցների յուրացման գործով, այդ թվում՝ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ: Խորհուրդը ճշգրտել է պատժամիջոցները՝ հաշվի առնելով առաջընթացն այդ դատական գործընթացներում»,- նշում է Խորհուրդը:
2014 թ. մարտին ԵՄ-ն սառեցրել է Յանուկովիչի, նրա ընտանիքի և ուկրաինացի մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հաշիվները եվրոպական բանկերում: Ուկրաինայի նոր ղեկավարությունը երկրի նախկին նախագահին մեղադրում է 3 մլրդ դոլարի հափշտակության համար: