Գեղամա ծովակի արևելյան կենտրոնական հատվածում գտնվում է Շորժա բնակավայրը: Այս բնակավայրը գտնվում է Ճամբարակ քաղաքից 10-12 կմ. հեռավորության վրա, Սևանա լճի հյուսիս-արևյան ափին, Արտանիշի թերակղզու արևմտյան մասում: Շորժան հյուսիսիսից, արևելքից և հարավային մասով պատված է քարքարոտ լեռներով և արևկող ապառաժներով: Տեղանքի բարձրությունը կազմում է ծովի մակարդակից ավելի քան 1900 մ: Համայնքի բնակելի տները հիմնականում նորաշեն են և ունեն թեք տանիքներ: Այս բնակավայրի տարածքում առկա են քրոմիտի զգալի պաշարներ: 1950-ական թվականների վերջերին Սևանա գեղեցկուհու ջրի մակերեսի զգալի հատվածի նահանջի և արհեսական իջեցման արդյունքում ջրից ազատված առափյա հյուսիսային և արևելյան տարածքների շուրջ բոլոր մասերում կառուցվում է երկաթգիծը, որը ամիջական կապ է սկսում հանդիսանալ Շորժան հարակից համայնքների հետ քաղաքամայր Երևանի հետ շփման գործում:
Որպես բնակավայր Շորժան գոյություն ունի դեռևս Ք.Ա. 1-ին հազարամյակում: Այդ են վկայում տվյալ ժամանակաշրջանի հնագույն բերդի ավերակները, ինչպես նաև Ք.Ա.2-1 հազարամյակներ թվագրվող դամբարաններ և այլ կառույցների ավերակներն Շորժայում: Դեռևս ուրարտական շրջանում Վեդուրի-Էթիունիի ( Ջրային Էթիունի) պատկան այս տարածքում և հարակից վայրերում եղել են պետական-ցեղային կազմնավորումեր որոնց մասին մեզ է վկայում Սևանա լճի ափին, բարձր ժայռի ծովահայաց կողմում փորագրված արձանագրությունը,որը կախված է եղել ուղիղ լճի ալիքների վրա: Արձանագրության հեղինակն է հանդիսանում Ուրարտուի անողոք թագավոր Ռուսա Առաջինը ( Ք.Ա. 735-714թթ.), որը խոսում է ներկայիս Շորժայի և հարակից թագավորությունների ու ցեղապետությունների նվաճումների մասին. «-Խալդյան զորությամբ տիրական Ռուսա Սարդուրորդին ասում է.-Ես այս երկրները մեկ արշավանքում նվաճեցի, ծառա դարձրի՝ Ադախու, Վելեքուխե, Լուերուխե,Արկուկյան երկրները-չորս արքայի այս կողմից ծովային գավառում. Գուրկումելե, Շանատուայան, Թերիվիշայան, Ռիշուայան, Արիայան, Զուայան, Զամանե, Երկիմայան, Ելայան, Երելթուայան, Այդամանիու, Գուրիայան, Ալզերա, Պիրուայան, Երիայան, Շիլայան, Վիդուայան, Ատեզայան, Ազամերունե (երկրները),19 արքայի այն կողմից մեկ օրում (արշավանքում), ծովային գավառում՝ լեռնաշղթայի ստորոտում գրավեցի: Ընդամենը 23 արքայի մեկ օրում նվաճեցի: Մարդ, կին դեպի Բիաինելե երկիր քշեցի: Հարկային տարում եկա, կառուցեցի այս ամրոցները հենց այս երկրում: Թեյշեբաինե ամրոցը (ներկայիս Մարտունի) հոյակապ կառուցեցի,դրեցի անունը Թեյշեբայի քաղաք՝ Բիաինելե երկրի զորությունը լուլույանների՝ բարբարոսների մեջ ամրապնդելու համար: Ռուսան ասում է. -Ով այս արձանագրությունը ոչնչացնի...»: Միաժամանակ ուշագրավ է, որ Շորժայում պահպանվել են 17-րդ դար թվագրվող հայկական եկեղեցու և 16-րդ դարի կառույց հանդիսացող հայկական մատուռների կիսաքանդ ավերակներ և այլ հնություններ:
Շորժա գյուղի բարձրադիր հատվածում՝ գյուղի հարավ-արևելյան եզրին բլրի վրա վեր է խոյանում անտաշ քարերով շինված կիսաքանդ մի փոքրիկ մատուռ, որը կարոտ է մանրակրկիտ հնագիտական ուսումնասիրության: Իսկ նույն բլրի մատռան ստորոտում նույն ձևով կառուցված է մի փոքրիկ եկեղեցի, որի մուտքը հարավ-արևմտյան կողմից է Տվյալ եկեղեցու դիմած տարածվում է գյուղի հինավուրց գերեզմանատունը, որտեղ հանգչում են նաև բազմաթիվ ուղղափառ հույներ, որոնք դեռևս վաղ միջնադարից պարսկա-արաբական հալածանքներից խուսափելով հաստատվել են այստեղ:
Գերեզմանատան տարածքում՝ եկեղեցու մուտքի առաջ, քիվին և հյուսիսային մասում հայտնաբերված խաչքար-տապանաքարի վրա ընթերցում ենք հետևյալը (շուրջ 15 տող).
«ԱԾ. ՈՂՈՐՄԻ ԱՒԵՏԻՍ ԱՂԻ ՀՈԳԻՆ, Ո... ԻՇԵՑԵՔ ԱՒԵՏԻՍ ԱՂԷՍ,ԳԵՂԻՍ Կ.(60) ՏԱՐԻ ՏԱՆԴՐՈՒԹԻԻՆ ԱՐԻ ՄԵԼԻՔ ՊԷԿԻ ՉԱԽՈՎՆ. ԻՄ ՍԱՐՀԱՏՆ ԷՍԱՅ.ԱՂԱՅՔԱՐԻ ՁՈՐԷՆ ԴԱՀԱՆԿՆ, ԱՂՊՈՒԼԱՂՆ»
Հետաքրքիր և ուշագրավ է որ Մելիք բեկը եղել է Վասակաշեն-Գեղամաբակի (Բասարգեչար-Վարդենիս): տարածաշրջանի և ողջ պատմական Սյունիք նահանգի Սոթք գավառի մելիքը, որի իշխանությունն անշուշտ տարածվում էր նաև ներկայիս Շորժայի և հարակից բոլոր բնակավայրերի վրա:Մելիք բեկի հիշատակին նրա հինգ որդիները կառուցել են իրենց անունից գեղեցիկ մահարձան-խաչքար Մեծ Մազրա (Մեծ Մասրիկ) գյուղում 1678 թվականին::
Շորժայի այս փոքրիկ եկեղեցու նախորդ խաչքարի մոտ քիվին խիստ վնասված գտնվել է նաև մեկ տող տապանագիր արձանագրություն ուր կարդում ենք «.....ՍԲ.ԽԱՉՍ ԲԱՐԵԽԱԻՍ ՄԻՐԶԻՆ...», իսկ խաչքարի վերին մասում նախորդների հատվածում՝ ճակատային մասում գտնված է արձանագրության երեք տող ուր նշված է «ԵՍ ՃԱՆՂՈՒԼՍ ԿԱՆԿՆԵՑԻ ԶԽԱՉՍ ԽԱԹՈՒՆԻՆ՝ ԻՄ ՄԱՒՐ, ԻՄ ՀԱՐ Փ...Ր ՏԱՐԻՆ, ՍԱՌԻԿԻՆ»
Շորժան ինչպես նշեցինք բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից: Տեղի հայ բնակչության հետ զուգահեռ բնակվել են հույներ,որոնց գերեզմաններն խնամքով պահպանվում են: Սակայն Լենկթեմուրի1386թ. սոսկալի արշավանքների ընթացքում և դրան հաջորդող դարերի ընթացքում ընդհուպ 1603-1604թթ. պարսից Շահ Աբասի կողմից ձեռնարկված Սեծ Սուրգունի ընթաքում նաև տեղահանվում և կոտորվում են Շորժայի և հարակից տարածաշրջանների բնակիչները, իսկ հայաբնակ գրեթե բոլոր բնակավայրերը ամբողջությամբ թալանվում են,հրդեհվում ու ամայանում: Կարճ ժամանակահատվածում Շորժայում և ողջ Սոթք գավառի շատ մասերում հաստատվում են մեծ թվով կարակոյունլու և աղկոյունլու թուրմենական քոչվոր խաշնարած ցեղերը: Պատմական աղբյուրներում Շորժան հիշատակվում է Չուրջա, Շուրջա, Շուրճա, Շուրախ, Շորջոլի, Շորջալու, Շորջա, Շորիջլու, Շորախ, Շորալի, նաև ավելի ուշ Նադեժդինա, Նադեժդինո: 1932թ. կոչվել է բնակավայրը Շորժա:
Երևանի խանության օրոք Շորժան ևս պատկանում էր Գյոկչայի մահալին: Սակայն երբ1828 թ. փետրվարի10-ին Արևելյան Հայաստանը Թուրքմենչայի հայտնի պայմանագրով անցավ Ռուսաստանին Գյոկչայի մահալը դառնում է հիմնականում Նոր Բայազետի գավառ, որի մի մասն է դառնում նաև Շորժան: Սկզբնական շրջանում Պարսկահայքից և Բայազետ-Ալաշկերտից Գավառ, Կզնուտ (Մարտունի), Բասարգեչար (Վարդենիս) և դեպի ներկայիս Սևան (Ելենովկա) ձգվող ողջ թաթարաբնակ բնակավայրերում հաստատվում են պարսկահայ և արևմտահայ գաղթականները, իսկ տեղի մահմեդական թաթար խաշնարած բնակչությունը իրենց հոտերով տեղափոխվում են Գյոկչայ լճից արևելք ընկած 17 դարի վերջերից ամայացած հայկական բնակավայրերում: Ցարական իշխանությունների կողմից նոր նվաճված հայկական հողերում ինչպես նաև ողջ Այսրկովկասում սկսում են հաստատվել նաև Ռուսաստանի կենտրոնական շրջաններից (Սարատովի երկրամաս) արտաքսված ռուս աղանդավորների համայնքները (մոլականներ, պրիգուններ, դուխոբորներ) և այլն: Կարճ ժամանակում Շորժայում հաստատվում են նաև մեծաթիվ ռուս մոլական աղանդավորներ և նրանց հետ մեծ թվով մորդվիներ և հրեաներ:Հետայսու բնակավայրը կոչվում է Նադեժդինո կամ Նադեժդինա ի տարբերություն նախկին թաթարաբնակ Շորիջլու-Շորջալուի: 1940-ական թվականներից արդեն ձևավորված Շորժա գյուղում մոլական ռուսների և մորդվիների հետ միացյալ սկսել են վերաբնակվել նաև մոտակա գյուղերից հոծ թվով ադրբեջանցիներ: 1970-ական թվականներից շրջկենտրոն Կրասնոսելսկից (Ճամբարակ) հաստատվել են մի քանի հայ ընտանիքներ: Այդ ժամանակ Շորժան դարձել էր արդեն երկաթուղային կայարան և խճուղային ճանապարհների հանգույց:
1988-1989թթ. Ադրբեջանի հայերի կոտորածների և բռնագաղթի ընթացքում Հայաստանում բնակվող ադրբեջանցի բնակչությունը թվով շուրջ 165 հազ. մարդ տեղափոխվում են Խորհրդային Հայաստանից դեպի Խորհրդային Ադրբեջան: Արդյունքում Հայաստանի նախկին ադրբեջանաբնակ բնակավայրերում հաստատվում են մեր տեղահանված և վայրագ սպանդի ենթարկված Ադրբեջանի մեր հայրենակիցները: Այդ թվում նաև Շորժայում: 1992թ.օգոստոսի 8-ին երբ ադրբեջանցի հրոսակները զավթում են ՀՀ Կրասնոսելսկի շրջանի (Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջան) Արծվաշեն գյուղը նաև մեծ թվով արծվաշենցի տեղահանված ընտանիքներ են հաստատվում Շորժայում: Հետագայում սոցիալական պայմաններից ելնելով Շորժայից Ռուսաստան են տեղափոխվել նաև Շորժայի ռուս բնակչությունը: Ներկայիս բնակչությունը Շորժայում կազմված է հայերից և մորդվին մի քանի ընտանիքներից: 1831թ.այստեղ բնակվել է 140, 1897-ին 308 մարդ, 1926թ.469, 1939-ին 799, 1959-ին 762, 1970թ-ին 894, 1979թ-ին 956, իսկ 1989թ. 410 բնակիչ:
Շորժան գրավիչ է հատկապես իր հարմարավետ լողափերով և արևոտ, տաք կլիմայով: Ամռանը Շորժայում մեծ է լինում հանգստացողների հոսքը հանրապետությունից և աշխարհի տարբեր երկրներից: Ներկայումս Շորժայի բնակչությունը կազմում է 2011թ. տվյալներով շուրջ 565 մարդ: Շորժայում տարածված է այգեգործությունը (արդեն նաև ծիրանի մշակությունը), ծխախոտագործությունը, հացահատիկի, կերային կուլտուրանների մշակությունը, ձկնորսությունը և անասնապահությունը: Գյուղը ունի կաթի վերամշակման և հրակայուն աղյուսի գործարաններ:
2007 թվականի նոյեմբերի 3-ին ձեռամբ Գեղարքունյաց թեմի բարեխնամ առաջնորդ ,գերաշնորհ տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի վերաօծվել է Շորժայի հինավուրց հայ- հունական գերեզմանատանը գտնվող մատուռը և այն կոչվել է Սուրբ Աստվածածին: Մատռան վերականգնումը և մերձակա տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են Շորժայի համայնքապետ Սուլիկո Շուշանյանի նախաձեռնությամբ և Շորժա համայնքի միջոցներով: Ուշագրավ է, որ հավարտ մատռան վերաօծման արարողության թեմի առաջնորդ Սրբազան Հոր ձեռամբ կատարվել է 12 նորածին մանուկների մկրտություն։

Հեղինակ-Տեր Մեսրոպ քահանա Երիցյան: Գեղարքունյաց թեմի Շորժայի և հարակից տարածաշրջանի հոգևոր հովիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել