Վերջերս իմ մի գրառման տակ քննարկում գնաց, թե կարելի՞ է արդյոք հային բնութագրել ավելի կամ պակաս որակումով: Օրինակ՝ էս մեկն էն մյուսից ավելի հայ է: Փորձենք հստակեցնել ազգություն երևույթի հենքերը՝
1. Ծագում
2. Լեզու
3. Պատմություն
4. Մշակույթ
5. Արժեհամակարգ
6. Հող
7. Ինքնություն
8. Ծառայել-նվիրվել տվյալ ազգին
Իմ կարծիքով՝ ազգ հասկացության հենքերն այս 8-ն երևույթներն են, որոնք հստակ սահմաններ չունեն: Օրինակ՝ մեկը լավ է տիրապետում հայերենին, մյուսը ոչ այնքան, երրորդն ընդհանրապես չի տիրապետում: Կամ մեկը բնակվում է այսօրվա Հայաստանում, երկրորդը՝ Հայաստանից բռնազավթված տարածում, երրորդը՝ աշխարհի մյուս ծայրում և այլն: Այսինքն այս կամ այն մարդուն հայ համարելը նույնպես կարող ենք դնել համեմատման մեջ, ասելով՝ մեկը հայ է, երկրորդը՝ առաջինի համեմատությամբ ավել կամ պակաս հայ է, երրորդը հայ չէ:
Հիմա իմ վրա օրինակ բերեմ:
1. Ծագումս: Հորական կողմից, քանի պորտ որ գիտեմ, բոլորը հայ են: Հիմնականում Լոռվա կողմից՝ Վահագնի գյուղից, նախնիներս եկել են Կարսից: Մորական կողմից, պապիս նախնիները Այնթափից են, ինքը սիրիահայ, տատս Ալթայի գերմանացիներից է: Այսինքն ծագումով մի քիչ թերի հայ եմ: Բայց դրանից հաստատ չեմ նեղվում, ոչ էլ ինձ վատ եմ զգում: Հակառակը՝ հպարտ եմ, որ մարդկային բարձր որակներ ունեցող նման տատ եմ ունեցել:
2. Լեզուս: Հայերենին լրիվ տիրապետում եմ, քերականությունից և ուղղագրությունից մի քիչ թույլ եմ :)) Բայց կարելի է արձանագրել, որ հայերեն լեզվի լիարժեք կրող եմ:
3. Պատմություն: Հայոց պատմությանը տիրապետում եմ մասամբ: Կարծում եմ՝ շատ քիչ հայ կա, որ կարող է պնդել հայոց պատմության լավ տիրապետման հարցում: Ընդհանրապես մեր պատմությունը շատ խեղումներ և կորուստներ ունի: Էս առումով, կարծում եմ համարյա բոլորս թերի հայ ենք:
4. Մշակույթ: Կարելի է ասել, որ հայկական մշակույթի կրող դարձել եմ վերջերս: Նախկինում շատ քիչ գաղափար ունեի հայկական երգուպարի, տոների, հավատամքի, կրոնների, արհեստների, արվեստների և այլ այս կարգի երևույթների մասին: Բնականաբար, այս ամենին ամբողջությամբ և լիարժեք տիրապետելը երևի թե անհնար է: Բայց որոշակի առումով դրա կրող դառնալը հաստատ հնարավոր է: Ինչն էլ, կարծում եմ, բավարար է մշակութային առումով հայ բնորոշումը ստանալու համար:
5. Արժեհամակարգ: Էս խնդիրը իմ կարծիքով ամենաբաց հարցն է, քանի որ նախ արժեհամակարգ ասվածը, մյուս երևույթների հետ համեմատած, շատ ավելի փոփոխական երևույթ է: Երկրորդ, այս պահին չունենք հստակ ընդունված, հայկականությունը բնորոշող, արժեհամակարգ: Սա շատ խնդրահարույց և վիճահարույց հարց է: Դրա համար այս առումով, այս պահին, որևէ գնահատական չեմ տա: Բնականաբար մյուս երևույթներում էլ չկա բացարձակ հստակություն, բայց գոնէ որոշակի բավարար հստակություն առկա է:
6. Հող: Ամբողջ կյանքս ապրել եմ Հայստանում, այսինքն այն տարածքում, որտեղ ծագել, ձևավորվել և զարգացել է հայ ազգը: Մասնավորապես ծնվել եմ Վանաձորում և արդեն ահագին ժամանակ է ինչ ապրում եմ Երևանում:
7. Ինքնությամբ ինձ ամբողջովին հայ եմ զգում, համարում և ընկալում:
8. էս մի կետին էլ ես ինձ իրավունք չեմ վերապահում որևէ գնահատական տալ: Կարծում եմ՝ ամեն մեկի համար սա պիտի անեն ուրիշները:
հ.գ. էս հարցը դեռ շատ ջուր կքաշի... :ՃՃՃ