Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել Հայոց ցեղասպանության հիմնախնդրով
Որոշեցի զբաղվել Հայոց ցեղասպանության հիմնախնդրով` երկու հիմնական պատճառներից ելնելով. առաջին` մասնագիտությամբ թուրքագետ եմ: Կարծում եմ` ոչ մի հայ թուրքագետի հարիր չէ շրջանցել հայության համար այնպիսի կարևորագույն հիմնահարց, որպիսին Հայոց ցեղասպանությունն է: Կարծում եմ` յուրաքանչյուր հայ թուրքագետի պարտքն է իր նպաստը բերել Հայոց ցեղասպանության խնդրի և, ընդհանրապես, Հայկական հարցի լուծմանն ուղղված համահայկական աշխատանքներին: Երկրորդ կարևոր պատճառն այն է, որ նախնիներս արևմտահայ են, ավելին` Ցեղասպանության անմիջական զոհերը: Հորական կողմից մեծ մայրիկիս տատն ու պապը զոհվել են Եղեռնի ժամանակ, իսկ հորաքույրը` առևանգվել քրդերի կողմից:
Ե՞րբ կայացրեցիք թուրքագետ դառնալու Ձեր որոշումը, և ինչո՞վ էր այն պայմանավորված
Թուրքերեն սկսել եմ սովորել դեռ դպրոցական տարիներից: Կարելի է ասել, որ դեռևս 2-րդ դասարանից հաստատապես որոշել էի, որ հայագետ բանասեր եմ դառնալու: Սակայն 7-րդ, 8-րդ դասարաններում վերանայեցի այդ որոշումս: Ծագումով պոլսահայ տատիկս որոշ չափով տիրապետում էր թուրքերենին և երբեմն դիտում թուրքական հեռուստաալիքներ: 14-15 տարեկանում ես նույնպես, ակամայից դիտելով թուրքալեզու ֆիլմեր և հաղորդումներ, սկսել էի հասկանալ առօրյա խոսակցական թուրքերենը: Հենց այդ տարիքում արդեն վճռականորեն որոշեցի թուրքագետ դառնալ: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցերի ուսումնասիրության վերաբերյալ որոշմանս, ապա այն կայացրել եմ ավելի ուշ` համալսարանական տարիներին:
Ե՞րբ եք առաջին անգամ մեկնել Թուրքիա
ԵՊՀ-ի թուրքագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո ընդունվեցի ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրա: Թանգարանի` այն ժամանակվա տնօրեն Լավրենտի Բարսեղյանի առաջարկով որպես թեկնածուական ատենախոսության թեմա ընտրեցի «1919-1921 թթ. Օսմանյան կայսրության ռազմական արտակարգ ատյաններում հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով կայացած երիտթուրքերի դատավարությունները»: Կարևորելով այդ թեման` առաջարկն ընդունեցի մեծ սիրով և ոգևորությամբ: Սակայն թեմայի բարդությունը նրանում էր, որ այն լիարժեք ուսումնասիրելու համար անհրաժեշտ էր տիրապետել տվյալ ժամանակաշրջանում կիրառված օսմաներենին` հին թուրքերենին, որը ժամանակակից թուրքերենից տարբերվում է ոչ միայն տառերով, այլ նաև` բառապաշարով և որոշ դեպքերում նաև` քերականությամբ: Բացի այդ, երիտթուրքերի դատավարությունների համապարփակ ուսումնասիրության համար անհրաժեշտ էին նաև նորանոր փաստաթղթեր, որոնք հնարավոր էր գտնել Թուրքիայում:
Հենց այդ նպատակներով` օսմաներեն ուսանելու և նոր վավերագրեր գտնելու համար 2002 թվականին 3 ամսով ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ատենախոսությանս ղեկավար` պատմական գիտությունների դոկտոր Արսեն Ավագյանի շնորհիվ գործուղվեցի Ստամբուլ: Իմ և գործընկերուհուս այնտեղի ծախսերն ստանձնել էր այն ժամանակ լիովին առողջ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը: Ստամբուլում օսմաներեն սովորեցի Պատմական հիմնադրամ կազմակերպությունում, կարելի է ասել, համաշխարհային մակարդակով օսմաներենի լավագույն մասնագետ Յուջել Դեմիրելի մոտ:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ