Եվ այսպես: 2014 թվականի աշխարհի գավաթի խաղարկության ընտրական առաջին 2 տուրերից հետո պարզ դարձավ, որ մեր ընտրանին առայժմ չի ցուցադրում այն խաղը, որը նրան գրեթե դուրս բերեց ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակիչ փուլ: Եվ այս ամենը, չնայած Մալթայի հավաքականի դեմ ընտրական փուլի անդրանիկ խաղում տարած հաղթանակին, ակնհայտ էր Հայաստանի հավաքականի մոլի երկրպագուների համար: Իտալիայի հավաքականի դեմ խաղը պետք է մի շարք շատ կարեւոր հարցերի պատասխաններ տար, քանի որ մեր ընտրանին Եվրոպայի ներկայիս փոխչեմպիոնի դեմ խաղից առաջ դժվար կացության մեջ էր հայտնվել: Եվ հարցը միայն նրանում չէ, որ ընտրական փուլի 2-րդ` Բուլղարիայի հավաքականի դեմ խաղում մերոնք պարտվեցին: Այդ խաղում կարգապահական տույժեր ստացան Մարկոս Պիցելլին եւ հրաշալի մարզավիճակում գտնվող Գեւորգ Ղազարյանը: Բացի այդ, այդ խաղից հաշված օրեր հետո, երկրպագուները եւս մեկ ``սառը ցնցուղ`` ստացան: Մեր ընտրանու կենդանի լեգենդ եւ երկարամյա ավագ Սարգիս Հովսեփյանը հայտարարեց մեծ ֆուտբոլից հեռանալու իր որոշման մասին: Եվ չնայած, մեր ընտրանուն թարմ շունչ բերած Էդգար Մանուչարյանի վերադարձին, Հայաստանի հավաքականի համար, վերը նշված խնդիրների պատճառով, շատ դժվար էր լինելու Իտալացիների դեմ խաղալը: Սակայն հանդիպման առաջին իսկ րոպեներից երեւաց, որ մեր տղաները ոչ միայն մտադիր չէին պաշտպանողական ֆուտբոլ խաղալ, այլ նաեւ իտալացիների կազմակերպած ամեն գրոհին պատասխանում էին ոչ պակաս սրնթաց եւ վտանգավոր հակագրոհներով: Խաղի սկզբնամասում մեր հավաքականի պաշտպանության ձախ եզրը մի փոքր անվստահ էր գործում: Անմիջապես հասկանալով դա, իտալացիներն իրենց գրոհները հենց այդ հատվածով էին կազմակերպում: Դրա հետեւանքը դարձավ, հերթակա`ն գրոհից հետո, ձախ եզրից տուգանային հրապարակ կատարած հերթակա`ն փոխանցումը, որից հետո գնդակը դիպավ Հրայր Մկոյանի ձեռքին: Անդրեա Պիռլոն իր կարյեռայի ընթացքում բազմաթիվ բարձրակարգ դարպասապահերի է կարողացել ապակողմնորոշել եւ ցավոք Ռոման Բերեզովսկին դարձավ հերթականը: Առաջ անցնելով հաշվի մեջ, մեր տղաները ոչ միայն չնկճվեցին, այլ նաեւ լուրջ ճեղք գտնելով մրցակցի պաշտպանության աջ եզրում, սկսեցին մեկը մյուսից վտանգավոր գրոհներ կազմակերպել: Սակայն, որքան էլ զարմանալի է, Հայաստանի հավաքականին հաջողություն պարգեւեց ձախ եզրային գրոհը: Ավելի ճիշտ, շատ դժվար է եւ միայն մեծ վերապահումով կարելի է դա գրոհ անվանել: Խաղային դրվագներից մեկում, Դավիդ Մանոյանը բախվեց Քրիստիան Մաջիո հետ, իսկ Հենրիկ Մխիթարյանը ստանալով գնդակը, հրաշալի հնարքով շրջանցեց Անդրեա Բարցալիին եւ նետվեց դեպի մրցակցի դարպասը: Եվ որքան էլ աշխարհի չեմպիոն Դանիելե Դե Ռոսսին քաշելով մեր ընտրանու առաջատարի մարզաշապիկը փորձում էր կանգնեցնել նրան, դա նրան չհաջողվեց եւ կատախի արագություն հավաքած մեր Հենոն սառանսրտորեն գրավեց եւս մեկ աշխարհի չեմպիոն Ջանլուիջի Բուֆֆոնի դարպասը: Դրանից հետո խաղային եւ տարածքային առավելությունն անցավ Հայաստանի հավաքականի կողմը: Աջ եզրում իր ակտիվությամբ աչքի էր ընկնում հրաշալի մարզավիճակում գտնվող Արաս Օզբիլիսը: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց` 1:1 եւ թիմերն ընդմիջման գնացին հավասար հաշվով: 2-րդ խաղակեսում մեր հավաքականը 2 հրաշալի հնարավորություն ունեցավ: Դավիթ Մանոյանի եւ Արաս Օզբիլիսի հարվածներից հետո ՋիՋին հերթական անգամ փրկեց իտալացիներին: Բեկումնային դարձավ խաղի 65-րդ րոպեն: Մխիթարյանին սպրինտում պարտվելուց հետո, Դե Ռոսսին ուղեց իր սխալը եւ Պիռլոյի կատարած փոխանցումից հետո` գլխի հարվածով ոչ մի հնարավորություն չթողեց մեր ընտանու նորընծա ավագ Բերեզովսկուն: Եվ հենց այդ ժամանակ երեւաց, որ նախորդ 2 հանդիպումներում մեր անշուք խաղից հետո Վարդան Մինասյանին հաջողվել է վերագտնել մեր լավագույն խաղը: Հայաստանի հավաքականը ոչ միայն չնկճվեց,նետվեց առաջ վերականգնելու հաշվի հավասարկշռությունը: Ի տարբերություն նախորդ խաղերի, մեր տղաները չնկճվեցին այլ էլ ավելի մեծ խանդավառությամբ սկսեցին գործել: Հենրիկ Մխիթարյանը սկուտեղի վրա գնդակը Յուրա Մովսիսյանին մատուցեց, սակայն, ցավոք Ռուսաստանի առաջնության գործող լավագույն ռմբարկուն վրիպեց մի դիրքից, որից ավելի դժվար էր թվում հենց վրիպելը: Պետք չէ շատ մեղադրել Մովսիսյանին, քանի որ ֆուտբոլը, դա ամենից առաջ թիմային խաղ է եւ եթե նախորդ ընտրական փուլում, Մակեդոնիայի հավաքականի դեմ խաղում, Մովսիսյանը կատարեց 3 գոլային փոխանցում, նպաստելով մեր ընտրանու ջաղջախիչ հաղթանակին, ապա այս երեկո ուղղակի նրա բախտը չբերեց: Իսկ դրանից հետո գործեց ֆուտբոլում չգրված օրենքը եւ Պաբլո Օսվալդոն խփելով Սկուադրա Աձուրայի եւ այս ընտրական փուլում իր 3-րդ գնդակը, ձեւակերպեց հանդիպման վերջնահաշիվը` 1:3: Հայաստանի հավաքականը պարտվեց: Պարտվեց 2-րդ անընդմեջ խաղում, սակայն շատ ավելի կարեւոր է, որ մեր ընտրանին կրկին ողջ աշխարհին ծնցության բերած այն գեղեցիկ ֆուտբոլն էր խաղում, ինչ ընդամենը մի քանի ամիս առաջ եւ եթե այս անգամ դա հաղթանակով չպսակվեց, ապա մյուս անգամ դա անկասկած տեղի կունենա: Ի վերջո, ինչպես հետխաղյա մամլո-ասուլիսում ասել է Վարդան Մինասյանը. `` Մի մոռացեք, սա Իտալիան է``: Եվ իրոք, աշխարհի առաջնությունների քառակի չեմպիոնին պարտվելու մեջ ամոթալի ոչինիչ չկա, առավելեւս, որ մենք մեր խաղով ապացուցեցինք մեր ``Ով`` լինելը: Իսկ մեր հավաքականի խաղի ողջ հմայքը մենք հերթական անգամ կտեսնենք մեկ ամսից, Լիտվայի հավաքականի դեմ ընկերական խաղում, որի ժամանակ մենք ինչպես հարկն է, հոտընկայս եւ երկար ծափահարություններով հրաժեշտ կտանք երկար տարիներ մեր ընտրանու մարտական ոգին հանդիսացած Սարգիս Հովսեփյանին, ով մեր ազգային հավաքականի համար արել է ոչ պակաս, քան Պաոլո Մալդինին ` Իտալիայի, կամ Ֆերնանդո Հիերոն` Իսպանիայի հավաքականի համար:
Ալեքս Ենոքյան
Մխիթայանն ու Մովսիսյանը խաղադաշտ դուրս եկան Ուկրանիայի եւ Ռուսաստանի առաջնությունների գլխավոր ռմբարկուների կարգավիճակում:
11 մետրանոցը իրացնելու ժամանակ, բոլորը շունչները պահած սպասում էին, որ Բերեզովսկին կփրկի իրավիճակը, սակայն փորձառու Պիռլոն դիպուկ գտնվեց:
Իտալացիների կիսապաշտպանության աջ եզրում անչափ ակտիվ էր վերջերս Միլան տեղափոխված Մոնտոլիվոն: Մեր հավաքականի աջ եզրում ոչ պակաս ակտիվ էր Արաս Օզբիլիսը: