Tert.am-ը գրում է․
Վերջին հինգ-վեց տարիներին Հայաստանից տարեկան մեկնել ու չի վերադարձել 30-35 հազար մարդ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը՝ նշելով, որ ներկայումս չկան այն միտումները, որոնց հիման վրա այս թիվը կարող է նվազել:
«Հնարավոր է փոքր-ինչ նվազի Ռուսաստանում և Ուկրաինայում կատարվող իրադարձությունների ֆոնին: Ռուսաստանի տնտեսական հնարավորությունները սահմանափակվում են, իսկ արևմուտք գնալու համար վիզային արգելքը Հայաստանի համար շարունակվում է: Միգրացիոն վիճակի մասին այսօր դժվար է հավաստի դատողություններ անել, որովհետև վերջին երկու տարիներին ՌԴ-ի կողմից միգրացիոն քաղաքականություն է վերանայվել: Դժբախտաբար մենք այնպիսի վիճակում ենք, որ որտեղ քամի է փչում մեզ մոտ «սկվազնյակ» է անում»,- ասաց նա:
Ռուբեն Եգանյանը նշեց, որ ՌԴ միգրացիոն քաղաքականության փոփոխության հետևանքով միայն անցյալ տարի ՀՀ 200 հազար քաղաքացու մուտք ՌԴ 3-5 տարով արգելափակվեց:
«Այսօր դիմումներ են գրվում, որպեսզի արգելքը հանվի, բայց հաջողությունը կարծես 30% է կազմում: ՌԴ-ի տնտեսական վիճակը վատացել է՝ կապված Ուկրաինայի հետ ունեցած խնդիրներով և դեռ ավելի է վատանալու»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է սեզոնային միգրանտներին, ապա Ռուբեն Եգանյանը նշեց, որ դեռևս է 1960-ականներից Հայաստանից տարեկան 30-40 հազար մարդ է մեկնել արտագնա աշխատանքի, այսօր այդ թիվը հասել է մոտ 100 հազարի:
Խոսելով պատճառների մասին, Ռուբեն Եգանյանը նշեց, որ 1997թ-ին կատարված ուսումնասիրությունների համաձայն արտագաղթի առաջին պատճառը աշխատատեղերի բացակայություն էր, այնուհետև ցածր վարձատրությունը, որից հետո միայն բարոյահոգեբանական մթնոլորտը. ներկայումս այս հերթականությունը փոխվել է:
«2003թ-ի ուսումնասիրություններով առաջին տեղում է եկել աշխատավարձի ոչ բարձր լինելը, երկրորդ տեղում՝ բարոյահոգեբանական խնդիրներ են՝ արդարության բացակայություն, օրենքի գերակայության բացակայությունը և այլն: Աշխատանքի բացակայության խնդիրը հայտնվել է 3-րդ կամ 4-րդ տեղերում»,- ասաց նա։



