168.am-ը գրում է․
Մարտի 4-ը մանկական հեռուստատեսության և ռադիո հեռարձակման միջազգային օրն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պարզաբանեց, թե ինչու է ՄԱԿ-ը նմանատիպ օր նշանակել: Նրա խոսքով՝ մենք ապրում ենք պոստ-մոդեռն դարաշրջանում, որը մեզնից պահանջում է ունենալ ռեֆլեքսիվ մտածողություն և բարձր մտավոր ունակության գործակից՝ IQ: Այն երկիրը, որը հասնում է բարձր IQ-ի, այդ երկրում մարդիկ ավելի երջանիկ, հարուստ և առողջ են: Բարձր IQ ունենալու համար կարևոր են կյանքի բոլոր փուլերը, հատկապես՝ նախադպրոցական փուլը: Ա. Ադիբեկյանը նկատեց, որ եթե երեխան ստանում է մեկնարկային լավ դաստիարակություն, նա հետագայում ունենում է բավականին բարձր IQ, լինում է ավելի պինդ անձ և ավելի հետևողական է լինում՝ իր շահերը պաշտպանելու խնդրում. «Երեխայի բանական մտածողության ձևավորումը սկսվում է 3 տարեկանից և հիմնականում դա կերպարադերային բնույթ ունի, նա նմանակում և կրկնօրինակում է: Լավ է, որ նա ընկնում է իր տարեցների շրջապատը՝ մանկապարտեզ, այնտեղ կարողանում է դերային համակարգով ինքնահաստատվել, վերլուծել գործողությունները, հասկանալ ուրիշի գործողությունների մտադրությունները և այլն, նա ձևավորվում է որպես անձ: Մեզ մոտ մանկապարտեզ հաճախում են երեխաների կեսը: Ծնողները գումար չունեն երեխաներին մանկապարտեզ տալու, և երեխան թերի է գալիս դպրոց: Երբ մենք թեստավորում էինք առաջին դասարանցիներին, այն երեխան, որը մանկապարտեզ էր գնացել, ավելի լավ էր մտածում, ավելի լավ էր կողմնորոշվում խնդիրների լուծմանը, քան այն երեխան, որը տունն է մեծացել»: Սոցիոլոգը նշեց, որ այդ խնդիրը լուծելու մի քանի տարբերակ կա: Նախ, կարելի է տալ ձեռնարկ ծնողներին, որ իրենք զբաղվեն երեխաների կրթությամբ, երկրորդ՝ օգտվեն հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումներից, որն ավելի մատչելի և ավելի հասանելի է և ավելի կերպարային տեղեկություն է տալիս երեխային:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



