Tert.am-ը գրում է․

Մարտի 4-ը Մանկական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման միջազգային օրն է. հոգեբան Սամվել Խուդոյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով մանկական հեռուստահաղորդումներին, ասաց, որ ցավոք, բայց այսօր Հայաստանում չկա մանկական հեռուստաալիք:

«Ունեինք մանկական հեռուստաալիք՝ «Հայրենիքը», որը ցավոք փակվեց: Կան մի քանի հաղորդումներ՝ ծաղրածուներով և այլն, որոնք, ըստ էության, տարօրինակ են, կան նաև որոշ հաղորդումներ՝ նվիրված լեզվի ուսուցմանը, սակայն դրանք կարող էին ավելի շատ լինել»,-ասաց հոգեբանը:


Սամվել Խուդոյանի խոսքով՝ այսօր շատերն օգտվում են կաբելային հեռուստատեսությունից, որտեղ շատ են մանկական հաղորդումները, սակայն դրանք շատ ցածր մակարդակի և հակաբարոյական հաղորդումներ են եթեր հեռարձակում:

«Տրամաբանությունից հեռու և երեխաներին կախվածության մեջ գցող մուլտֆիլմերով է լցված եթերը»,-ասաց բանախոսը՝ շարունակելով, թե պետք է այնպես անել, որ մանկական հաղորդումները դաստիարակչական բնույթ կրեն և ուսուցողական իմաստ ունենան, ուղղված լինեն երեխայի բարոյական զարգացմանը։

«Պետք է լինեն հաղորդումներ, որոնք երեխաներին առողջ ապրելակերպ սովորեցնեն: Պետք է ծնողներին մեխանիզմներ սովորեցնել, թե ինչպես է կարելի է ճիշտ դաստիարակել երեխաներին»,–ասաց նա։

Որպես հարցի լուծում հոգեբանն առաջարկում է, որ հոգեբանական բնույթի հաղորդումներ լինեն, և հեռուստաալիքներին առաջարկեց ունենալ այնպիսի հաղորդումներ, որտեղ կուսուցանվեն նաև կյանքի հմտություններ:

«Հատուկ ռազմավարություն էլ չկա, թե մանկական հաղորդումները որ ժամին և որ օրերին է պետք ցույց տալ, որպեսզի երեխաներն ազատ լինեն՝ հեռուստացույցի դիմաց»,-նկատեց Սամվել Խոդոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել