Երևի պետք էր, որ կրքերը հանդարվեին, ինչից հետո սառը գլխով հնարավոր կդառնար սթափ գնահատական տալ երկու օր առաջ կայացած հանրահավաքին: Եվ այսպես:
Երբ մի քանի ամիս առաջ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե ՀԱԿ-ը հայաստանյան քաղաքական դաշտի ամենամեծ ու կայացած ուժն է, բնական հարց առաջացավ, թե ի՞նչ է ծխում Զուրաբյանը: Հարցը, բնականաբար, հռետորական էր և, հետևաբար, ուղիղ պատասխան չստացվեց: Փոխարենն ընդամենը երկու օր առաջ հասկանալի դարձավ, որ տարաբնույթ խաղերի ու խաղիկների մեջ խճճված ՀԱԿ-ը, զրկվելով «հրաշալի եռյակի» իր գործընկերների աջակցությունից, աստիճանաբար վերածվում է մարդ-կուսակցության՝ զուրկ քաղաքական հենարանից (ընտրազանգվածից) և, անկեղծորեն ասած, նաև ասելիքից: Իսկ Տեր-Պետրոսյանի հեգնախառն ելույթը ցցուն կերպով ցույց տվեց, որ սպառված է նաև ՀԱԿ-ի քաղաքական գործիքակազմը: Կոնգրեսը մտել է մի փուլ, որի ընթացքում բավարարվելու է մաղձ թափել նախկին կուսակիցների, համախոհների և գործընկերների վրա:
Սա բավական տհաճ է արձանագրել նախ, որովհետև մաղձաթափության գործընթացը տհաճ է ինքնին: Բայց, որ ամենակարևորն է, մարտի 1-ին հստակ երևաց, որ Հայաստանում ընդդիմություն (բառի դասական իմաստով) այլևս չկա: Եվ ոչ թե որովհետև այն խեղդվել է իշխանությունների կողմից (ինչպես, ասենք, հարևան Ադրբեջանում): Հայաստանյան ընդդիմությունն ինքնալուծարվել է՝ դառնալով իր իսկ կողմից ստեղծված աֆերաների, առաջնորդության (և կամ իրավահաջորդության) համար սկսված ներքին պատերազմի զոհը: Իսկ նոր ընդդիմություն չկա կամ էլ այն դեռ ձևավորման փուլում է: Եվ եթե դա նույնիսկ այդպես է, ապա նոր ընդդիմության շուրջ խոսակցությունները մեծ հույսեր չեն ներշնչում, քանի որ այն նոր հնարավոր գոյակցությունը հար և նման է 1996, 1998, 2002 և 2007-08 թվականներին ձևավորված ընդդիմադիր դաշինքներին, որոնց հիմքում գոյություն չուներ գաղափարախոսական ընդհանրություն, սակայն կար միայն մեկ գաղափար՝ իշխանափոխություն՝ շուտափույթ, առանց նախապայմանների կապիտուլացիա՝ Լինչի դատաստանի սպառնալիքներով համեմված: Եվ, հետևաբար, վերը նշված դեպքերում ընդդիմությունը դատապարտված էր պարտության, քանի որ ընդունակ էր միայն ճոճել ու թափ տալ իշխանությունների ապաշնորհության ու ապիկարության արդյունքում առանց այդ էլ կողքի թեքված Հայաստան-նավը: Եվ եթե դա այդպես է (իսկ դա այդպես է), ապա ապագա ընդդիմությունը «դատապարտված» է ստեղծվել գաղափարախոսական հենքի վրա: Որովհետև «թող սրանք գնան, իսկ հետո մի բան կանենք» տրամաբանությունը վաղուց իրեն սպառել է: Ավելին՝ այն կործանարար է թե՛ հարկադրված ամեն տարի երեք անգամ հինգ րոպեից հեղափոխություն անող նույն այդ ընդդիմության, թե՛ պետության համար, որն, ի դեպ, առանց կայացած ընդդիմության դադարում է պետություն լինել՝ վերածվելով իշխանության:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/979814798709281?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել