Նախորդ տարեվերջին կառավարությունը փոփոխություններ կատարեց սոցիալական փաթեթում, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա հունվարի 1-ից:
Ըստ կատարված փոփոխությունների այժմ շահառուներն անվճար բժշկական օգնությունից կարող են օգտվել ինչպես պետության կողմից առաջարկվող փաթեթով, այնպես էլ ապահովագրական ընկերություններում հավելյալ ծառայություններ ձեռք բերելու միջոցով։ Դեռ նախորդ տարվանից շահառուներին հնարավորություն ընձեռնվեց սոցփաթեթի տարեկան 72 հազար դրամը ուղղել նաև ապահովագրական ընկերությունների միջոցով հավելյալ ապահովագրական ծառայությունների ձեռքբերմանը: Այն հնարավորություն է տալիս ձեռք բերել առողջապահության ապահովագրության նվազագույն բազային փաթեթ նաև ընտանիքի անդամների համար։
Կարևորագույն փոփոխություններից մյուսը պետք է համարել տրամադրվող բժշկական օժանդակության շրջանակի ընլդայնումը։ Փաթեթի պարտադիր բաղադրիչներից մեկը շահառուների տարեկան կանխարգելիչ բժշկական փաթեթն է։ Այլ կերպ ասած, առանց կանխարգելիչ բժշկական քննության, անհնարին կլինի ստանալ պետական օժանդակությունը։ Որպես բացառություն կդիտարկվեն անհետաձգելի բժշկական օգնությունը և սպասարկումը: Դա բնականաբար նոր ի հայտ եկած հիվանդությունների կանխարգելման և ժամանակին բուժման նպատակով է արվում.որոնց հետաձգումը կարող է առաջացնել բարդություններ:
2016թ.-ից պարտադիր բժշկական քննությունն անցնելը ակտիվացնում է սոցիալական փաթեթի ծառայությունները տվյալ և հաջորդ տարվա համար։ Այս փոփոխությամբ սոցփաթեթի շահառուներին հնարավորություն է ընձեռնվել բժշկական ցուցումների առկայության դեպքում արտահիվանդանոցային պայմաններում օգտվել նաև հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից։